Հարցազրույց քաղաքագետ Իլգար Մամեդովի հետ
- Ինչպե՞ս կարող է անդրադառնալ Իրանի շուրջը ճգնաժամի հետագա զարգացումը ղարաբաղյան հակամարտության վրա:
- «Իրանի հարցն» ավելի կոշտ ձեւով աշխարհի օրակարգում կլինի ոչ այսօր, այլ երկու-երեք տարի հետո: Եվ հենց այդ ժամանակ այս կարեւոր հարցում (հարց, որն ազդեցություն ունի աշխարհաքաղաքական ողջ դրվածքի վրա) կմեծանա Ադրբեջանի դերը: Մեր տարածաշրջանում իրավիճակի վրա ներգործող մի շարք այլ հանգամանքների զարգացման համատեքստում, որոնց թվում անհրաժեշտ է նշել Ադրբեջանի տնտեսական բուռն զարգացումը, դրան զուգահեռ ռազմական ոլորտում կատարվող ծախսերի մեծացումը, այդ փաստը մեր երկրի համար առավելություններ կստեղծի ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում:
- Ինչպե՞ս կարող է անդրադառնալ Կոսովոյի գործոնը ղարաբաղյան խնդրի լուծման վրա:
- Կոսովոյի անկախությունը հաստատ կարող է գլխապտույտ առաջացնել նրանց մոտ, ովքեր կուզենային Ադրբեջանից հողեր խլել: Բայց սա ընդամենը պատրանք է: Ուշադրություն դարձրեք, որ Կոսովոյի միջազգային ճանաչումը զսպվում է Ռուսաստանի կողմից, որը սպառնում է ի պատասխան ճանաչել Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի «անկախությունը»: Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանը չի խոսում, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի հանրապետության» ճանաչման մասին: Եվ դրանով դրսեւորվում են Ռուսաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանի ձեռք բերած բավական ուժեղ դիրքերը: Այդ պատճառով Ադրբեջանն անմիջական վնաս չի կրի Կոսովոյի ճանաչումից: Սակայն այդ ճանաչումը կարող է խթանել մերձդնեստրյան, հարավօսական, աբխազական եւ ղարաբաղյան հակամարտությունների վերսկսումը: Իսկ դա իրավիճակի զարգացման ամենեւին էլ լավագույն սցենար չէ ո՛չ հումանիտար, ո՛չ էլ Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության տեսանկյուններից: Այն, որ այսօր ի տարբերություն Հարավային Օսիայում, Աբխազիայում եւ Մերձդնեստրում հակամարտությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի Ռուսաստանն ավելի չեզոք կեցվածք է դրսեւորում ղարաբաղյանի նկատմամբ, Ադրբեջանին հնարավորություն է տալիս Հայաստանի հետ դեմ առ դեմ ռազմական հաջող դիմակայության համար: Սա մի շանս է, որը չկար 1990-ականների սկզբներին:
- Բաքու-Ջեյհան նավթամուղը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորությո՞ւն է, թե՞ տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմի հիմք:
- Կասկած չկա, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղը ծառայում է խաղաղությանը եւ, ըստ ամենայնի, նպաստում է ողջ հարավկովկասյան տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, ինչը եւ պետք է դառնա այս տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների ներկայացուցիչների խաղաղ գոյակցության հիմքը: Հայաստանն ինքն իրեն բացառապես իր զավթողական քաղաքականության պատճառով դրել է ԲԹՋ-ի շնորհիվ սկսված տարածաշրջանային զարգացման շրջանակներից դուրս: ԲԹՋ-ի շնորհիվ ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Վրաստանը տնտեսապես կզարգանան, իսկ Ադրբեջանի տնտեսական զարգացումը նոր մակարդակ են բարձրացնում մեր երկրի ռազմական հնարավորությունները, ինչի շնորհիվ կմեծանան Հայաստանի վրա ռազմաքաղաքական ճնշման միջոցով ղարաբաղյան հակամարտությունն արդարացի լուծելու մեր երկրի շանսերը: Այդ ճնշման առաջ Հայաստանը աստիճանաբար կզինաթափվի, եւ մեր տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի նույնիսկ առանց պատերազմի վերսկսման, եթե իհարկե Հայաստանում հաղթի ողջամտությունը: Այնպես որ, ԲԹՋ ծրագիրը, հաստատ, ողջ հարավկովկասյան տարածաշրջանում երկարատեւ խաղաղության շանս է:
- Այսօր որքանո՞վ է հիմնավորված այն տեսակետը, թե ԼՂ հիմնախնդրին առնչվում է ողջ հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգությունը:
- Դա հենց այդպես էլ կա: Եթե ղարաբաղյան հակամարտությունը չլիներ, ողջ հարավկովկասյան տարածաշրջանն այժմ բոլորովին այլ տեսք կունենար` զարգացած եւ ծաղկուն: Ավելին, ես կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության լուծման դեպքում շատ արագ կլուծվեն նաեւ աբխազական եւ հարավօսական հակամարտությունները: Ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծումը կնպաստեր Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի բարեկեցության այնպիսի բարձրացմանը, որ Աբխազիան եւ Օսիան պարզապես Ռուսաստանի կամակատարը լինելու հիմքեր չէին ունենա: Բայց ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծմանը խանգարում են Հայաստանի ղեկավարության տարածքային ախորժակը, նաեւ Ռուսաստանի պահպանողական շրջանակները, որոնք սխալմամբ կարծում են, որ եթե Հարավային Կովկասում բոլոր տարածքային հակամարտությունները լուծվեն, ապա Մոսկվան պարզապես չի ունենա մեր տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու հնարավորություն: Ճիշտ է, այս առումով նկատելի է Ռուսաստանի կողմից դիրքորոշման որոշակի վերանայում: Բանն այն է, որ այդ հակամարտությունների 15 տարիների ընթացքում Ռուսաստանը կորցրել է ՎՈՒԱՄ կազմակերպությունը ստեղծած Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի հասարակական կարծիքները: Դրա փոխարեն Ռուսաստանը ազդեցություն ձեռք բերեց սոսկ չորս շատ փոքր չճանաչված կազմավորումների տարածքներում եւ Հայաստանում: Այս արդյունքը պարտադրում է Ռուսաստանին փոխել անջատողականության հարցում իր առաջնահերթությունները ՎՈՒԱՄ երկրներում: Ես վստահ եմ, որ հենց Ռուսաստանը հասկանա Հարավային Կովկասում տարվող իր քաղաքականության սխալ լինելը, կփոխվի նաեւ Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրում: Քանի որ Հայաստանը Կովկասում Ռուսաստանի կամակատարն է:
- Ինչպե՞ս են արտահայտվում Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների անվտանգության խնդիրները ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացներում:
- Գլխավորապես, իհարկե, ռազմական գործողությունների բացակայությամբ: Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում խոսք անգամ չի կարող լինել հակամարտող կողմերի քաղաքացիների անվտանգության մասին: Ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծումը, որը ենթադրում էՙ Հայաստանի կողմից օկուպացված մեր տարածքների ազատագրում, Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ինքնակառավարման բարձր կարգավիճակի եւ ադրբեջանական կառավարության ու միջազգային կառույցների (իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ` խաղաղության պահպանման ուժերի) կողմից ամրագրված անվտանգության երաշխիքների ընձեռում, թույլ կտար լուծել Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգության խնդիրների մեծ մասը: Սակայն, եթե ղարաբաղյան կարգավորումը կախված լիներ միայն Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումից եւ նրանց իրավունքներ տալուց, ապա հակամարտությունը վաղուց կլուծվեր: Հակամարտության կարգավորմանը խոչընդոտում է գլխավորապես Հայաստանի իշխանությունների տարածքային ախորժակը: Բավական է հիշել, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների անհամատեղելիության մասին հայտարարությունն արեց Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանը: Այն եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե հակամարտության ո՞ր կողմն է խոչընդոտում խնդրի խաղաղ եւ արդար լուծմանը, եւ սպառնալիք է ստեղծում հարավկովկասյան ողջ տարածաշրջանի անվտանգության համար:
Եթե միջազգային հանրությունը ստիպի Ադրբեջանին ճանաչել ուժը, որ գործադրել է Հայաստանի հանրապետությունը մինչեւ հրադադարի ընդունումը, որպես այս հակամարտության լուծման օրինական եւ ընդունելի գործիք, ապա այդ դեպքում հայերը իրականում երբեք չեն ստանա անվտանգության, իսկ տարածաշրջանը` հանգիստ եւ անվտանգ զարգացման երաշխիքներ: Նոր պատերազմն ու զոհերը անխուսափելի կլինեն, քանի որ բոլորի համար ուժը կընդունվի որպես միակ գործող փաստարկ: Երկարատեւ անվտանգության տանող փոխզիջումը պետք է տեղի ունենա ոչ թե ելնելով անցյալում կիրառված կամ ապագայում գործադրվելիք ուժի վկայակոչումներից, այլ ԼՂԻՄ ողջ բնակչության իր կյանքը հատուկ ձեւով կազմակերպելու իրավունքների շրջանակներում, եւ այդ իրավունքները ճանաչել է պաշտոնական Բաքուն: Բայց ոչ մի տարածք չի կարող անջատվել Ադրբեջանից: Հայաստանը, որն իր ադրբեջանական փոքրամասնությանը ավելի վատ վերաբերմունք է ցուցաբերել, քան Ադրբեջանն իր հայկական փոքրամասնության նկատմամբ, նույնիսկ բարոյական իրավունք չունի տարածքային ձեռքբերումների: Սա ուղիղ կտանի դեպի տարածաշրջանում նոր պատերազմի: Տարածքային բանավեճերի փոխարեն երկու երկրները պարտավոր են բարելավել իրենց ներքին կազմակերպվածությունը, որպեսզի համապատասխանեն ժողովրդավարության, անհատի եւ տեղական ինքնակառավարման եվրոպական ստանդարտներին:
Զրույցը վարեց ԱՔՊԵՐ ՀԱՍԱՆՈՎԸ