Հետեւաբար ամոթանքը պետք է ուղղել ճիշտ հասցեով
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապի Թուրքիա կատարած պաշտոնական այցն ավարտվեց դեկտեմբերի 1-ին: Սակայն դրա արձագանքները շարունակվում են ինչպես Թուրքիայում եւ Վատիկանում, այնպես էլ ողջ Արեւմուտքում: Հատկանշական է, որ լայն արձագանքի է արժանացել նաեւ նոյեմբերի 30-ին Պոլսո հայոց պատրիարքարանում Բենեդիկտոս 16-րդի հանդիպումը Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքի հետ:
Մինչեւ Հռոմի պապի պատրիարքարան ուղեւորվելը, NTVNSNBC կայքէջում տեղեկացրել էր, որ Վատիկանի աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն, Բենեդիկտոս 16-րդը հայոց Մեսրոպ Բ պատրիարքին դիմելիս անդրադառնալու է անցյալում հայ ժողովրդի կրած զրկանքներին, սակայն ելույթում չի օգտագործելու ցեղասպանություն կամ Մեծ եղեռն արտահայտությունները:
Պատրիարքարան այցելելու պահին «CNN-Turk»-ը նշեց, որ Պոլսո հայոց պատրիարքը Հռոմի պապին ողջունել է, ասելով. «Թուրք եւ հայ ժողովուրդների միջեւ աստվածահաճ եւ խաղաղասեր երկխոսությունն առաքինություն է, ինչպես նաեւ մեր ամենակարեւոր ակնկալիքը: «Հայթերթի» կայքէջում հրապարակած հոդվածով CNN-ին անուղղակիորեն ուղղեց կիսապաշտոնական «Անատոլու» գործակալությունն, ըստ որի ամենապատիվ պատրիարքը Հռոմի պապին դիմելիս երկու ժողովուրդների երկխոսությունը համարել է ոչ թե «առաքինություն», այլ «խիստ անհրաժեշտություն»:
Քանի որ «CNN-Turk»-ը «Անատոլու» գործակալության պես շրջանցել էր Բենեդիկտոս 16-րդի պատասխան ելույթը պատրիարքարանում, իսկ NTVNSNBC-ը նախապես անդրադարձել էր նույնիսկ դրա բովանդակությանը, ընդ որում վկայակոչելով Վատիկանի աղբյուրները, ուստի «Ազգը» դեկտեմբերի 2-ի համարում «Պոլսո հայոց պատրիարքարանում Հռոմի պապը խուսափեց ցեղասպանության հարցի արծարծումից» վերնագրով հանգեց Հռոմի պապի նախօրոք ծրագրված պատասխան ելույթի ձախողման եզրակացությանը:
Ի դեպ, պապի պատասխան ելույթը շրջանցել էին նաեւ թուրքական կենտրոնական թերթերն ու հանրային համանուն հեռուստատեսությունը: Թերթերի շրջանցումը հասկանալի էր, իսկ հանրային հեռուստատեսությանըՙ զարմանալի, որովհետեւ Հռոմի պապի այցելությունը պատրիարքարան լուսաբանելու թույլտվություն «Անատոլու» գործակալության հետ ստացել էր միայն այդ հեռուստաընկերությունը:
Ինչ վերաբերում էր պատրիարքարանի բանբեր «Լրաբերին», ապա այս աղբյուրը պապի նոյեմբերի 30-ի ելույթը հրապարակել է ուշացումով, որից էլ արտատպել է պատրիարքարանի անմիջական վերահսկողության տակ գտնվող Ստամբուլի «Հայթերթ» կայքէջը: Ակնհայտ է, որ թուրքական հանրային հեռուստատեսության, ինչպես նաեւ կենտրոնական թերթերի շրջանցման պարագայում պատրիարքարանը չէր կարող ժամանակին արձագանքել Բենեդիկտոս 16-րդի պատասխան ելույթին, որի ընթացքում նա 1915 թ. իրադարձությունները թեեւ չի որակել իբրեւ ցեղասպանություն, բայց եւ այնպես անդրադարձել է դրանց: Թերեւս նա դրանով հաստատել է NTVNSNBC-ի դեռեւս պապի նախքան պատրիարքարան ուղեւորվելն արտահայտած կարծիքին:
Ըստ «Լրաբերի», Պոլսո հայոց պատրիարքարանում Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապն ի պատասխան Մեսրոպ Բ Մութաֆյանի, մեծ սիրով ողջունել է Հայ առաքելական համայնքին, ընդգծելով, որ համայնքին իբրեւ հովիվ եւ հոգեւոր հայր հսկում է պատրիարքը եւ շարունակել. «Իմ եղբայրական ողջույններս եմ հղում Էջմիածնի Գարեգին Բ կաթողիկոսին եւ Հայ առաքելական եկեղեցու ողջ նվիրապետությանը: Գոհություն եմ տալիս Աստծունՙ հայ ժողովրդի հավատքի եւ վկայության համար, որ փոխանցվում է սերնդեսերունդ, հաճախ շատ եղերնական փորձությունների միջով, որոնց օրինակն էր անցյալ դարի սաստիկ ողբերգությունը»:
Թուրքական մամուլում Հռոմի պապի պատասխան ելույթի շրջանցումը, ինչպես նաեւ դրա տեքստի ուշացումով հրապարակումը «Լրաբերում» ապակողմնորոշել է նաեւ ամերիկահայ հանրահայտ իրավաբան Մարկ Կիրակոսին, որ նա դեկտեմբերի 1-ին «ABC news»-ի կայքէջում հանդես է եկել «Հռոմի պապի լռությունը Հայոց ցեղասպանության մասինՙ ամոթալի է» վերնագիրը կրող հոդվածով, որտեղ նա ընդգծել է. «Բենեդիկտոս 16-րդը բաց է թողել ցեղասպանության առնչությամբ դիրքորոշում արտահայտելու հնարավորությունը Թուրքիա կատարած այցելության ընթացքում»:
Հասկանալով մեր հայրենակցի մտահոգությունը, հարկ ենք համարում այնուամենայնիվ ընդգծել, որ «Die Welt»-ի վկայությամբ, Հռոմի պապին այցի ընթացքում Հայոց ցեղասպանությունը որեւէ կերպ չհիշատակելու առումով զգուշացրել էր «Ստամբուլի հայ եպիսկոպոսը», այցը դեռեւս չսկսած բուռն հակազդեցություն էր առաջացրել թուրքական հասարակական, քաղաքական շրջանակներում, դրա գլխավոր առաջադրանքը Հույն ուղղափառ եկեղեցու հետ համագործակցության հետագա ամրապնդումն էր, եւ վերջապես, ըստ կաթոլիկների համոզմունքի, որոնց թիվն աշխարհում ավելի քան 1 մլրդ է, Հռոմի պապն անսխալական է:
Թերեւս այդ անսխալականության պատճառով է, որ պապը ներողություն չէր խնդրում մահմեդականությանն ու Մուհամմեդ մարգարեին հասցեագրած վիրավորանքի համար: Այլ կերպ, իսլամական աշխարհն իզուր էր Հռոմի պապից ներողություն խնդրել պահանջում: Ինչ վերաբերում է Մարկ Կիրակոսի ամոթանքին, ապա պետք է ընդունել է, որ հաստատապես սխալ է ամոթանքի հասցեատերը: Այլապես «անսխալականի» համարում ունեցող Հռոմի պապին ամոթանք տալը ոչ միայն չի նպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ընդհակառակըՙ բուռն հակազդեցություն կառաջացնի կաթոլիկ եկեղեցում: