«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2006-12-02 | #232, 2006-12-05 | #233, 2006-12-06


ԱՍՈՂԻՆ ԼՍՈՂ Է ՊԵՏՔ

Բուշը, Մալիքին եւ այդ հաղորդագրությունը

Նախագահ Բուշի երեկվա մամուլի ասուլիսը Իրաքի վարչապետ Նուրի Քամալ էլ Մալիքիի հետ սովորականից շատ ավելի անիրական զգացում էր պարունակում հատկապես այն պատճառով, որ մի կողմից Բուշը փորձում էր համոզել ներկաներին, որ Մալիքին «ճիշտ մարդն է Իրաքի համար», եւ որ ամերիկյան զորքերն այնտեղ կմնան «մինչեւ աշխատանքն ավարտվի, իսկ մյուս կողմից Մալիքին հավաստում էր, որ իր երկիրը դեմոկրատական է, եւ ինքն էլ շիա ոստիկանների գերին չէ, գրում է «Նյու Յորք թայմսն» իր դեկտեմբերի 1-ի խմբագրականում եւ շարունակում:

Իրականությունից կտրվածությունն առավել ցնցող է դառնում, երբ գիտակցում ես, որ Բուշի ազգային անվտանգության խորհրդատուն երեք շաբաթ առաջ նրան իրազեկել էր, որ Իրաքը բաժան-բաժան է լինում աղանդավորական ատելության հետեւանքով եւ զգուշացրել, որ Մալիքին կամ «անտեղյակ է երկրի ներքին անցուդարձին», կամ էլ անկարող է, իսկ գուցե նաեւ անհոժարՙ դադարեցնելու կատարվածը:

Բուշին ուղղված հուշագիրը, որը «Թայմսում» տպագրվել էր այս շաբաթ, առնվազն հաստատում է այն փաստը, որ Բուշին տեղեկացնում են Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Դրանում ազգային անվտանգության խորհրդատու Սթիվեն Հեդլին նկարագրում է, թե ինչպես Մալիքիի մեծ մասամբ շիաներից կազմված կառավարությունը առաջիններին զրկում է տարրական իրավունքներից, որ շիաների գերիշխանությունն է ապահովում բոլոր կարեւոր զինվորական պաշտոններում եւ այլն: Նա նաեւ զգուշացնում է, որ Մալիքին հավանաբար զուրկ է «քաղաքական եւ անվտանգության հաստատման կարողություններից» եւ չի կարողանում իրեն ազատել նեղ, ոստիկանական քաղաքականությունից:

Այն, որ նախագահը ժամկետներ չի պարտադրում Մալիքիինՙ հաշտության բանակցություններ վարելու եւ ոստիկանների հետ կապերը խզելու, դարձյալ ցույց է տալիս, որ Բուշը լսել չգիտի:

Դա լավ չէ Ջեյմս Բեյքերի եւ Իրաքի խնդիրը ուսումնասիրող հանձնախմբի համար, քանի որ, ըստ ստացված տեղեկությունների, նրանք ամերիկյան զորքերի դուրսբերման հարցն էին դրել նախագահի առաջ: Երեկ Բուշը կանխեց այդ առաջարկը նշելով, որ Իրաքից «վայելուչ» նահանջ չի լինի:

Հետաքրքրասիրությունից զուրկ լինելու Բուշի բնավորության մասին շատերը գիտեին նույնիսկ նախագահ դառնալուց առաջ: Բայց ժամանակի ընթացքում (եւ վատ լուրերի կուտակման հետեւանքով) այդ գիծը դարձել է կտրուկ մերժում մեկընդմիշտ այն ամենի, ինչ անհաջողություն է պարունակում: Երկիրն այլեւս չի կարող երկար դիմանալ դրան: Երեք տարի Բուշն ինքն իրեն լսելով եւ վստահելով ոչ միայն Իրաքին պարտադրեց արյունալի քաոսային մի իրավիճակ, այլեւ Ամերիկային պատճառեց անասելի վնաս: Հրատապ է դարձել քաղաքականության փոփոխման հարցը:

Հեդլիի հաղորդագրությունը տալիս է մեզ պատասխանը այն հարցի, թե ինչպես է Բուշը խուսափում տհաճ փաստերից:

Նախագահի խորհրդատուները պարտավոր են նրան ամենացայտուն կերպով նկարագրել եւ ամենադառը ճշմարտությունները ասել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում իրականում: Նրանք պարտավոր են նրան զգուշացնել, որ գործելու շատ քիչ ժամանակ է մնացել: Այս վարչակարգի վարած արտաքին քաղաքականությունը առասպելական չափերով աղետալի է, պատմությունը հիշելու է ե՛ւ այն, որ նախագահը չի լսում իրեն զգուշացնող զանգերը, ե՛ւ այն, որ նրան զգուշացնողները բավականին բարձր չեն ահազանգում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4