Իրաքում չորրորդ հերթափոխով չենք սահմանափակվի
2000 թվականից Հայաստանի Հանրապետությունը մակաբույծ չէ, սպառող չէ եւ պետք է մասնակից լինի միջազգային անվտանգության ապահովմանըՙ Իրաքում, եւ ոչ միայն այնտեղ, մարդասիրական գործառույթով գումարտակի ներկայությամբ: Այս մասին տարբեր առիթներով հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավորների մեծամասնությունն արդեն սիրահոժար փոխառել ու հնարավորինս շրջանառում է այդ գաղափարը: Երեկ խորհրդարանի նիստում ամենայնս խոնարհումներ եղան ներկայացված գաղափարի հեռահարությանը, մտածվածությանը, անհրաժեշտությանը: Թերեւս մշտապես եւ ամեն ինչին դեմ Արշակ Սադոյանն անգամ հանկարծ կարեւորեց. «Մենք քանի՞ գլխանի ենք, որ գեոպոլիտիկ զարգացումներին ազդենք: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկրին քաղցր աչքով նայեն: Անցել են էն ժամանակները, երբ Ղարաբաղի հարցի համար ավտոմատները բավական էին, մեր զինվորներին փորձառություն էլ է պետք»: 27 երկրի 159 հազար զինվորականների շարքում մարդասիրական գործառույթով Իրաքում գտնվող 46 հայ սակրավորները, բժիշկներն ու վարորդները իրենց ներկայությամբ պաշտպանում են Ղարաբաղի խնդիրը եւ միջազգային կտրվածքում Հայաստանի վարկն են բարձրացնում. «Պետք չէ մոռանալ, որ Իրաքում ներկա զինուժերում դոմինանտը Միացյալ Նահանգներն է, որը մեծապես ազդեցիկ է ՆԱՏՕ-ում եւ ԵԱՀԿ-ում, իսկ վերջինս անմասնակից չէ Ղարաբաղի խնդրի լուծման ճակատագրում», այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Սամվել Նիկոյանը: Եվ եթե ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը Իրաքում հայկական մարդասիրական ներկայությունը նաեւ երախտագիտություն դիտարկեց նախորդ դարասկզբին ցեղասպանությունից մազապուրծ հայության նկատմամբ արաբական աշխարհի դրսեւորած վերաբերմունքի հանդեպ, ապա երիտասարդ հանրապետական Արմեն Աշոտյանի փաստարկումն այլ էր. «Պետք է հիշել, որ 90-ականներին Լեռնային Ղարաբաղում մեր դեմ պայքարում էին ահաբեկչական խմբերը»:
«Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանն էլ, ինչպես եւ ողջ խմբակցությունը, արդեն վերջնականապես կողմնորոշվել է Իրաքում հայկական ներկայության ժամկետի երկարաձգման հարցումՙ ծանոթանալով ռուսական աղբյուրների տեղեկատվությանը: Այն Գեղամյանը հաջորդաբար ու մանրակրկիտ ներկայացնելով ԱԺ ամբիոնից, արդեն խմբակցության անունից ելույթում եզրակացրեց. «Պետք չէ Հայաստանը արհեստականորեն որեւէ երկրի կցորդ դարձնել: Խմբակցությունը կողմ է Իրաքում հայկական գումարտակի ներկայության ժամկետը մեկ տարով երկարաձգելուն»: ՄԱԿ-ն էլ կողմ է քվեարկելու:
Իսկ «Արդարություն»-ն ու ՀՅԴ-ն ինչպես եղել, այնպես էլ շարունակում են կտրականապես դեմ լինել Իրաքում հայկական ներկայությանը, համապատասխանաբար հայտարարեցին Գրիգոր Հարությունյանն ու Արմեն Ռուստամյանը: Երկու տարի առաջ խնդիրը քննարկելիս առկա մտահոգությունները բարեբախտաբար չեն բերել դրանց համարժեք լուրջ կորուստներ, սակայն դա չի կարող լինել մտահոգությունների չեզոքացման հիմք, Արմեն Ռուստամյանի տեղեկացմամբ, համոզված է ՀՅԴ-ն: Փոխարենը ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը համոզված է. «Աշխարհից խռոված պետությունը որեւէ մեկին պետք չէ: Ուրախ կլինեինք, որ Հայաստանը գեոպոլիտիկ խնդիրներում վճռորոշ դեր կատարելու զորություն ունենար: Իրաքում հայկական ռազմական ներկայության պատճառով սփյուռքի գլխից մի մազ չի ընկել, լավ ուսումնասիրելու դեպքում ճիշտ հակառակի փաստեր կարելի է գտնել»: Եվ այսպես, ՀՀԿ-ն էլ համոզված է, որ աշխարհից չխռովելու, Հայաստանի միջազգային վարկը ապահովելու, միջազգային անվտանգության ապահովմանը մասնակից լինելու եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը նպաստելու համար մարդասիրական գործառույթներով հայկական գումարտակը եւս մեկ տարի պետք է մասնակցի իրաքյան գործընթացին: Սրանք նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հիմնավորումներն են, որոնց ոչ ամբողջականությունից դժգոհեցին Գրիգոր Հարությունյանն ու Գալուստ Սահակյանըՙ պատճառը տեսնելով խնդրի բաց քննարկման մեջ: Բաց քննարկումը գոհունակության հիմք էր Տիգրան Թորոսյանի եւ Վիկտոր Դալլաքյանի համար: Վերջինս գոհ էր նաեւ քննարկումների բովանդակային մասից եւ լրջության չափից ու կանխավ դժգոհ լուսաբանման որակից. «շահարկում, պիտակավորում կաշառված լրագրողների կողմից, ամիսը 1500 դոլար ստացող, վաճառվող, զանազան մեկնաբանություններ կարծում եմ պետք է չլինեն»: Ի տարբերություն Դալլաքյանի լրագրողներին անհասցե ուղղած մեղադրանքի, Գեղամյանի համարյա նույնաբովանդակ մեղադրանքը հասցեագրված էր: Սակայն նման մեղադրանքներով պատգամավորնեը, թերեւս ավելի մեծ իրավասություններ, զորություն են վերագրում լրագրողներին, քան հնարավոր է եւ համատարած որակավորմամբ զրպարտում շատերին:
Ի դեպ, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի դիրքորոշումը Իրաքում մարդասիրական գործառույթով հայկական գումարտակի ներկայությունը երկարաձգելու առնչությամբ հստակ ձեւակերպում չստացավ, մնալով երկակի մեկնաբանություններ ենթադրող պատգամավորի հնչեցրած բազմաթիվ հարցերի տողատակում եւ ուղեկցվելով օր առաջ սկիզբ առած Դալլաքյան-Սարգսյան հումորախառն զրույցի փաստաթղթայնացման գործընթացով. «Պաշտպանության նախարարին հոժարակամ կներկայացնեմ երկու նամակները, որոնցով նա ինձ շնորհակալություն է հայտնել ազգային անվտանգության դոկտրինայի հետ կապված: Կտամ ոչ թե օրիգինալները, այլ քսերոքսը, որպեսզի պահեմ դրանք, միգուցե 100 տարի հետո այդ փաստաթղթերը հանձնվեն պատմության թանգարան, ինչպես ասենք Զորավար Անդրանիկի թուրը»: Դալլաքյանի այս հայտարարությանը հաջորդած ընծայի հանձնման արարողությունն այնքան հանդիսավոր էրՙ պաշտպանության նախարարի պատգամավորին ձիգ կեցվածքով եւ պիջակը կոճկելով ընդառաջ գնալու տեսարանով, որ արժանացավ լրագրողների ծափահարություններին: Դե, հանդիսավորությունը պետք էր գնահատել: Նախարարն ընծան ընդունեց, բայց փաստեց, որ այդպես էլ չհասկացավ պատգամավորի դիրքորոշումը. «Կարծում եմ, 100 տարի անց սերունդները կասեն, որ Դալլաքյանը այսպես ասաց»: Հակադարձում եղավ. «Իմ ասածները հասկանալու համար 10 րոպեն քիչ է», համոզված է պատգամավորը:
Քննարկումների պատկերից դատելով կարելի է համոզմունք հայտնել, որ Իրաքում մարդասիրական գործառույթով հայկական գումարտակի ներկայությունը մեկ տարի ժամկետով երկարաձգելու ՀՀ նախագահի առաջարկը համապատասխան քվեարկությամբ կստանա անհրաժեշտ դրական ձայները:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ