2006 թ-ի դեկտեմբերի 5-ի նիստում ԿԲ խորհուրդն անփոփոխ թողեց ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքըՙ 4.75%:
Թեեւ դեռեւս պահպանվում են արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումներըՙ կապված էներգակիրների, ինչպես նաեւ մի շարք այլ ապրանքների (մասնավորապեսՙ շաքարավազի) տարվա ընթացքում ձեւավորված միջազգային գների բարձր մակարդակի հետ, այնուամենայնիվ, առաջիկա տասներկու ամիսների համար այդ հատվածից սպասվող գնաճային ճնշումներն ավելի մեղմ են:
Շարունակվում է տնտեսական բարձր աճի արձանագրումը հիմնականում շինարարության եւ ծառայությունների ոլորտներում: Սպասվող նմանօրինակ զարգացումներով պայմանավորված բնակչության եկամուտների ավելացումը, զուգորդվելով մասնավոր տրանսֆերտների աճի հետ, պահպանում է չափավոր գնաճային ճնշումները:
Միաժամանակ տարեվերջին դրամի պահանջարկի սեզոնային մեծածավալ աճի եւ տնտեսությունում դրամայնացման երեւույթի շարունակման պարագայում արտարժույթի առքի միջոցով ԿԲ կողմից դրա բավարարումը, տնտեսությունում կառաջացնի իրացվելիության ավելցուկ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ այս ավելցուկի չեզոքացումը հնարավոր է տոկոսադրույքների ներկայիս մակարդակի պայմաններում:
Տնտեսության զարգացման ներկա հեռանկարների պահպանման դեպքում ԿԲ խորհուրդը չի բացառում առաջիկա ամիսների ընթացքում տոկոսադրույքի ճշգրտման իրականացումը:
ԿԲ մամուլի ծառայություն