«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2006-12-02 | #232, 2006-12-05 | #233, 2006-12-06


ԳԱԼՈՒ Է ԽՂՃԻ ԴԱՏԻ ՕՐԸ...

Ես անձամբ չեմ ճանաչում Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին, բայց լսել եմ նրա բազմաթիվ բարեգործությունների մասին: Գիտեմ, որ նա երեք անգամ արժանացել է Ռուսաստանի Դաշնության «Տարվա մարդ» պատվավոր կոչմանը` Վլադիմիր Պուտինի եւ Ռուսիո պատրիարքի հետ միասին: Գիտեմ, որ Ղարաբաղում սառնարանային տնտեսություն է ստեղծել, դպրոց է կառուցում, զոհված ազատամարտիկների երեխաներին հեծանիվներ է նվիրել, Հայաստանի եւ Ղարաբաղի յոթ հարյուր դպրոցներում, բուհերում եւ այլ ուսումնական հաստատություններում համակարգչային դասարաններ է բացել, գիտեմ, որ արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Բարի կամքի դեսպան» տիտղոսին... Գիտեմ նաեւ, որ զուտ «հայկական արատ» է դարձել մարդկանց անարդարացիորեն մրոտելը, մամուլում սկանդալային նյութերով պատվերներ եւ հրամաններ կատարելը: Ցավով եմ ընդունում այն տխուր փաստը, որ քրիստոնյա լինելով եւ մշտապես մեր փառավոր անցյալը հիշելով, հպարտանալով, մենք մոռանում ենք քրիստոնյային վայել հոգեկերտվածքը ու հեռանում քրիստոնեությունից` հակադրվելով նրա բարի, մարդասիրական գաղափարախոսությանը: Որքան պիտի շարունակվի վարկաբեկման անփառունակ, քստմնելի երթը մեր իրականության մեջ:

... Մարդը նվիրում է, օգնում, ձեռք մեկնում կարիքավորին. կարեւոր չէ, թե նա ով է, կարեւոր է գործը եւ անչափ կարեւոր է երախտագիտության զգացումը: Ինձ զարմացրեց այն փաստը, որ շուրջ 700 դպրոցների, այլ ուսումնական հաստատությունների ղեկավարներից, ուսուցիչներից որեւէ մեկը չարձագանքեց մամուլում սփռված կեղտին, որով փորձում են դիպչել միջազգային հեղինակության տեր մի այնպիսի մարդու, ինչպիսին Արա Աբրահամյանն է: Միթե հազարավոր համակարգիչներից օգտվող աշակերտների ծնողներին, ուսուցիչներին չանհանգստացրեց այդ ամենը: Հետաքրքրական է հենց այդ ամենի մասին ի՞նչ պատասխան են տալիս նրանք այդ համակարգիչներից օգտվող երեխաներին: Ինչեւէ, հուրախություն ինձ, մայրաքաղաքի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը եղավ առաջինը, ում հետ ես մի փոքրիկ զրույց ունեցա այդ մասին:

Ա. Սարգսյան - Անչափ վրդովված եմ նմանօրինակ վերաբերմունքից, երբ հանրությանը անհայտ մի անձնավորություն իր անվայել արտահայտություններով փորձում է ցեխ շպրտել մի մարդու վրա, ով բազմաթիվ բարեգործությունների հեղինակ է, միջազգային մասշտաբով հանրաճանաչ անձնավորություն:

Փաստորեն, օտարներն ավելի են գնահատում մեր ժողովրդի հանրաճանաչ զավակին... Սա ինչ է` հայկական նախա՞նձ... Ինչ պիտի սովորի նոր սերունդը, ի՞նչ է կարդում երիտասարդությունը, ինչի մասին...

Այսօր մեր դպրոցն ունի համակարգչային դասարան, աշակերտները դասերի ընթացքում օգտվում են համակարգչային ուսուցումից, մենք պիտի սովորեցնենք նրանց, երախտագիտության ազնիվ ու կարեւոր զգացումով դաստիարակենք ապագայի մարդուն:

Այս աշխարհահռչակ հայորդին կերտել է իր նկարագիրը, հարթել իր կյանքի ուղին, հասել մեծ, համաշխարհային ճանաչման, ձեռքբերումների եւ չի մոռացել իրեն ծնող ժողովրդին` աշխատելով անաղմուկ, անշահախնդրորեն օգնել բոլորին: Տեխնիկայի այս դարում, համակարգչային մեծ օվկիանոսում մենք կխարխափեինք, եթե չօգներ պարոն Աբրահամյանը: Չեմ կարող նկարագրել այն մեծ ոգեւորությունը, որ պատել էր աշակերտներին, երբ համակարգիչները ստացանք:

Արա Աբրահամյանը բարեհամբավ գերդաստանի զավակ է, որի հայրական ընտանիքի պատմությունն ու նկարագիրը յուրօրինակ մի դաս են մեր սերնդի, մեր աշակերտության համար: Խորին ցավ եմ զգում, երբ տեսնում եմ, որ նման հայրենասեր հայորդուն փորձում են վիրավորել անհարգի արտահայտություններով եւ ավելին` այդ ամենը դարձնել թերթի նյութ` մոլորեցնելով անտեղյակներին: Խաղերի մեջ ներքաշված լրագրողներն էլ պիտի հիշեն, որ ժամանակը երբեք կանգ չի առնում եւ գալու է խղճի դատի օրը:

... Խղճի դատի օր. համամիտ լինելով Անահիտ Սարգսյանին` ավելացնեմ, որ ինքս էլ, լինելով լրագրող, կոչ եմ անում նորաթուխ լրագրողներին` ճիշտ եւ ազնվորեն կերտել իրենց լրագրողական կենսագրությունը, չդառնալ խաղալիք, պատվեր ու հրահանգ կատարող` առանց խորանալու գրվելիք թեմայի մանրամասնություններում, առանց ճշտելու բոլոր փաստերը, որովհետեւ անչափ պատասխանատու պիտի լինեն այն նյութի համար, որը ստորագրում են:

ԿԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4