«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2006-12-02 | #232, 2006-12-05 | #233, 2006-12-06


ԼՐԱՑԱՎ ՄՈՍԿՎԱՅԻ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ 140 ՏԱՐԻՆ

Այս տարվա հոկտեմբերին Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան (ՄԿ) տոնեց իր 140-ամյակը։ Այն ստեղծվել է 1866 թ. դաշնակահար եւ կոմպոզիտոր Նիկոլայ Ռուբինշտեյնի նախաձեռնությամբ։ Նրա եղբայր Անտոն Ռուբինշտեյնը չորս տարի ավելի վաղ հիմնել էր Ռուսաստանի առաջինՙ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան։

Ռուսական երաժշտական ընկերության (ՌԵԸ) վերակազմակերպման շնորհիվ ծնունդ առած երկու կոնսերվատորիաները սկզբնական շրջանում մեծ իշխանուհի Ելենա Պավլովնայի հովանավորության տակ էին։ Երկար տարիներ կոնսերվատորիաները միավորում էր ուսուցման ընդհանուր մեթոդիկան, ինչպես նաեւ ընդհանուր մանկավարժական կադրերը։ Այսպես, ՄԿ կոմպոզիտորական ֆակուլտետում դասավանդում էին Պյոտր Չայկովսկին (Պետերբուրգի կոնսերվատորիայի առաջին շրջանավարտ), Անտոն Արենսկին, Նիկոլայ Մյասկովսկին, Դմիտրի Շոստակովիչը։ Հետաքրքիր է, որ ՄԿ կոմպոզիցիայի ամբիոնի ներկայիս վարիչ Ալեքսանդր Չայկովսկին միաժամաանակ Պետերբուրգի կոնսերվատորիայի ռեկտորն է։

Դրա հետ մեկտեղ, խորհրդային եւ հետխորհրդային ժամանակաշրջանում ՄԿ- ն ձեւավորել է իր գերակայությունները երաժշտական կատարողական արվեստի, երաժշտության տեսության եւ կոմպոզիտորական մանկավարժության բնագավառներում, դրա շնորհիվ դառնալով աշխարհի առաջատար երաժշտական բուհերից մեկը (2003 թ. ՄԿ-ն ստացավ համալսարանի կարգավիճակ)։ Կոնսերվատորիան գլխավորել են ականավոր երաժիշտներ, որպես կանոնՙ իրենց մանկավարժական դասարաններն ստեղծած դաշնակահարներ, դիրիժորներ, կոմպոզիտորներ։ Նրանք են Նիկոլայ Ռուբինշտեյնը, Սերգեյ Տանեեւը, Վասիլի Սաֆոնովը, Միխայիլ Իպոլիտով-Իվանովը, Կոնստանտին Իգումնովը, Ալեքսանդր Գոլդենվեյզերը, Հենրիխ Նեյհաուզը, Վիսարիոն Շեբալինը, Ալեքսանդր Սվեշնիկովը։ Ներկայումս ռեկտորը հայտնի դաշնակահար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Տիգրան Ալիխանովն է։ Միաժամանակ նա երկար տարիներ գլխավորում է կամերային համույթի եւ քառյակի ամբիոնըՙ ՄԿ-ում ամենամեծերից մեկը։ Հենց այդ ամբիոնի հետ է կապված եղել փառաբանված հայ լարային երաժիշտների գործունեությունը։ Խոսքը մասնավորապես Կոմիտասի անվան լարային քառյակի մասին է, որտեղ տարբեր տարիների նվագել են Ավետ Գաբրիելյանը, Սարգիս Ասլամազյանը, Միքայել Տերյանը, Ռաֆայել Դավթյանը։ Ի դեպ, նրա դասարանում է ձեւավորվել Դ. Շոստակովիչի անվան լարային քառյակը, իսկ ջութակի մի քանի ձեռնարկների հեղինակ Ասատուր Գրիգորյանի դասարանումՙ Ս. Պրոկոֆեւի անվան լարային քառյակը։

Հայ-ռուսական երաժշտական կապերի լույսով Մոսկվայի եւ հատկապես Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիաները հիմնարար դեր են խաղացել Հայաստանի բոլոր երաժշտական մասնագիտացումներում պրոֆեսիոնալիզմի զարգացման համար։ ՄԿ-ում սովորել, աշխատել եւ աշխատում են մեր զգալի թվով հայրենակիցներ. ներկայումս այստեղ 14 հայ է դասավանդում։ Նրանք են դաշնակահար պրոֆեսորներ Վ. Մերժանովը, Տ. Ալիխանովը, Յու. Հայրապետյանը, Ա. Մնդոյանցը, դոցենտներ Ն. Տերնովա-Մարտիրոսյանը, Պ. Ներսիսյանը, տարբեր սերունդների կոմպոզիտորներՙ պրոֆեսորներ Կ. Խաչատրյանը, Յու. Կասպարովը, Ա. Արիյանը, տեսաբան պրոֆեսորներ Տ. Կյուրեղյանը, Մ. Կատունյանը, ջութակահար, պրոֆեսոր Ա. Բոգդանյանը, թավջութակահար, դոցենտ Տ. Օգանեզովան, կլարնետահար, պրոֆեսոր Ռ. Բաղդասարյանը։ Նրանք աշխատում են տարբեր ամբիոններում։

ՄԿ-ում ընդամենը կա 30 ամբիոն, որոնք բաշխված են յոթ ֆակուլտետներում. դաշնամուրային, նվագախմբային, վոկալ, սիմֆոնիկ եւ խմբերգային դիրիժորության, պատմական եւ ժամանակակից կատարողական արվեստի, պատմատեսական, կոմպոզիտորական։ Գոյություն ունի նաեւ որակավորման բարձրացման ֆակուլտետ, որտեղ կատարելագործվում են Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի քաղաքներից եկած 100-ից ավելի մանկավարժներ։ Արտասահմանցի ուսանողների թիվն անցնում է 200-ից։ ՄԿ-ի հովանու ներքո գործում են Օպերային թատրոն (վերակազմված է նախկին Օպերային ստուդիայից), Կամերային նվագախումբ (1961 թ. ստեղծել է Մ. Տերյանը), Կամերային երգչախումբ (ղեկ.Բ. Տեւլին), «Մոսկովիա» կամերային նվագախումբ (դիր. Է. Գրաչ), Ուսանողական երգչախումբ (դիր. Ս. Կալինինի), երկու ուսանողական նվագախումբ (կրտսեր եւ ավագ կուրսերի), «Ստուդիա նովոյ մուզիկի» համույթ (ղեկ. Ի. Դրոնով), Ազգագրական համույթ (ղեկ. Ն. Գիլյարովա), Ճապոնական երաժշտության «Wa-On» համույթ, Հինավուրց երաժշտության «Pastime» համույթ, Չինական երաժշտության «Յուն Չուն Ֆեն» համույթ, «Սիրինկս» ֆլեյտաների համույթ (ղեկ. Ս. Գոլուբենկո)։

140-ամյա հոբելյանի տոնակատարությանն էր նվիրված Հանդիսավոր շաբաթը, որի ընթացքում կայացան 14 համերգ եւ «Մոսկվայի կոնսերվատորիա. երեկ, այսօր, վաղը։ 140-ամյակի առթիվ» միջազգային գիտական կոնֆերանսը։ Զուգահեռաբար տեղի ունեցան վարպետության դասընթացների բացումներ, թանգարանների այցելություններ, էքսկուրսիաներ Կրեմլ եւ Կլինում գտնվող Պ. Չայկովսկու նշանավոր տուն-թանգարան։

Հոբելյանի առթիվ հրատարակվեց «Մոսկվայի կոնսերվատորիա։ Նյութեր եւ փաստաթղթեր» երկհատորյակի առաջին հատորը, որտեղ քննության է առնվում

ՄԿ-ի գործունեությունը 1866-1918 թթ.։ Գիրք-ալբոմը առատորեն պատկերազարդված է։ Այստեղ առաջին անգամ հրապարակվում են ՄԿ թանգարանի եւ կոնսերվատորիայի ֆոնդերի հազվագյուտ լուսանկարներ ու ձեռագրեր։ Բացի դրանից հրատարակվեց «Մոսկվայի կոնսերվատորիա։ Երաժշտական կրթության, արվեստի եւ գիտության ավանդույթները» գիրքըՙ կազմին Պ. Չայկովսկու նշանավոր քանդակով (կոնվերսատորիան Չայկովսկու անունը կրում է 1940 թվականից)։

ՄԿ-ի կազմավորմանը եւ ավանդույթների զարգացմանը նվիրված պատմական ակնարկից հետո գրքում հանգամանորեն լուսաբանվում է ամբիոններից յուրաքանչյուրըՙ դրա նախապատմությունը, անցած ուղին եւ արդին ձեռքբերումները։ Կոնսերվատորիայի բոլոր ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի եւ տնօրինության լուսանկարները հրատարակությանը տալիս են առանձնահատուկ դիտարժանություն։ Հոբելյանի առթիվ նաեւ լույս տեսավ «Մոսկվայի կոնսերվատորիան Հայրենական մեծ պատերազմի տարիներին» տեղեկատուն, որտեղ կան նաեւ տարբեր մասնագիտացումների տեր մի շարք հայ երաժիշտներ (կազմողը Սվյատոսլավ Գոլուբենկոն է)։ Լույսընծայման է պատրաստվում «Մոսկվայի կոնսերվատորիա։ 1866-2006 թթ.» պատմակենսագրական տեղեկատուն (կազմողն է Մարգարիտա Եսիպովան)։

Երաժշտական միջոցառումների թվում (ցավոք, ինձ չհաջողվեց ներկա գտնվել Հանդիսավոր շաբաթվա բացմանը) նշենք «Մոսկվայի մենակատարներ» համույթի (դիր. Յուրի Բաշմետ) համերգը, որով հանդես եկավ Տիգրան Ալիխանովը (Դ. Շոստակովիչի դաշնամուրի ու նվագախմբի թիվ 1 կոնցերտի մենակատարն էր), Ռուսաստանի ազգային նվագախմբի (դիր. Միխայիլ Պլետնյով) համերգը, «Մոսկվայի կոնսերվատորիայի տնօրեն կոմպոզիտորներ» համերգը (ծրագրումՙ Ն. Ռուբինշտեյնից մինչեւ Ա. Սվեշնիկովի ստեղծագործություններ), նշանավոր դաշնակահար Յակով Զակի հիշատակին նվիրված համերգը, որտեղ փայլուն հանդես եկան նրա աշակերտներըՙ ՄԿ պրոֆեսորներ Նիկոլայ Պետրովը եւ Էլիսո Վիրսալաձեն։ Անսովոր հետաքրքրույթուն առաջացրեց ռուսաստանյան եւ արտասահմանյան կոնսերվատորիաների 9 ռեկտորների համերգը։ Նրանք դաշնակահարներ են, ջութակահարներ, երգեհոնահարներ, կոմպոզիտորներ. Տիգրան Ալիխանով (Մոսկվա), Ալեքսանդր Չայկովսկի (Սանկտ Պետերբուրգ), Էդուարդ Ֆերտելմեյստեր (Նիժնի Նովգորոդ), Պեեպ Լասման (Տալլին), Ռուբին Աբդուլլին (Կազան), Մանանա Դոիջաշվիլի (Թբիլիսի), Ֆարհադ Բադալբեյլի (Բաքու), Ժաննա Աուբաքիրովա (Ղազախստանի կոնսերվատորիա), Այման Մուսախոջաեւա (Երաժշտության ղազախական ակադեմիա)։

Գիտաժողովը, որտեղ ինձ վիճակվեց ելույթ ունենալ, կազմով փոքր էր, բայց ներկայացուցչական։ Մոսկվայից, Մինսկից, Հավանայից (Կուբա) եկած բոլոր 10 մասնակիցները գիտության գծով պրոռեկտորներ էին կամ ամբիոնների վարիչներ։ Գիտաժողովի կազմակերպիչըՙ գիտական եւ ստեղծագործական աշխատանքի գծով պրոռեկտոր Ելենա Սորոկինան խոսեց փառավոր ավանդույթները շարունակող ՄԿ մանկավարժների եւ ուսանողների գործունեության մասշտաբի մասին։ Բելառուսի կոնսերվատորիայի պրոռեկտոր Ելենա Դուլովան եւ Կուբայի արվեստի բարձրագույն ինստիտուտի պրոռեկտոր Նորմա Պեւիուտը պատմեցին իրենց բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպման մասին։

ՄԿ թանգարանի տնօրեն Եվգենիա Գուրեւիչը եւ Գիտաերաժշտական գրադարանի տնօրեն Էմիլիա Ռասսինան ծանոթացրին իրենց ղեկավարած կարեւորագույն ստորաբաժանումների պատմության էջերին։ Տպավորիչ էր Ռասսինայի հաղորդումը, որը ներկայացրեց ՄԿ գրադարանի աշխատանքի ու գործառույթների չտեսնված ընդգրկումը. ֆոնդեր, գրացուցակ, նոտագրություն, տարբեր ճյուղերին նվիրված համակարգված տեղեկատվություն, որը թույլ է տալիս արտերկրում տարածել ռուսական երաժշտությունը։

Ճանաչողական էին ՄԿ նշանավոր Կամերային երգչախմբի ղեկավար, պրոֆեսոր Բորիս Տեւլինի ( արդի փուլում խմբերգային դիրիժորների դաստիարակման խնդիրների մասին) ,Երաժշտության եւ երաժշտական կրթության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ Վիկտոր Ֆոմինի եւ վերջապես միջազգային գործունեության ծրագիրը համադրող Մարգարիտա Կարատիգինայի հաղորդումները։ Վերջինս որպես աշխատանքի լուսաբանում ներկայացրեց ՄԿ ուսանողուհու կողմից չինական ժողովրդական սյաո եւ դի-ցզի ֆլեյտաներով երկու պիեսների կատարումը։ Ս. Գուլուբենկոյի ելույթը կապված էր բառարանագրական աշխատանքի եւ ՄԿ կոմպոզիտորների պատերազմական տարիներին նվիրված հիշյալ տեղեկատուի ներկայացման հետ։

Իմ «Մոսկովյան դպրոցի նշանակությունը Հայաստանի կոմպոզիտորների համար» հաղորդման նպատակն էր ցույց տալ ստեղծագործական կապերի զարգացումըՙ սկսած Ռոմանոս Մելիքյանից (հենց Մոսկվայում նա մասնագիտական կրթություն ստացավ տեսության եւ կոմպոզիցիայի գծով, հետագայում ուսումը շարունակելով Պետերբուրգի կոնսերվատորիայում)։ Ես առաջարկեցի կապերի չորս փուլերի դասակարգում, որն ընդգրկում է ՄԿ-ում Արամ Խաչատրյանի, Գրիգոր Եղիազարյանի, Ղազարոս Սարյանի, Էդգար Հովհաննիսյանի ուսումը, իսկ Հայաստանի մշակույթի տանըՙ Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, Ադամ Խուդոյանի, Առնո Բաբաջանյանի եւ այլ կոմպոզիտորների կրթությունը, ինչպես նաեւ մասնագիտական ստեղծագործական շփման մակարդակի կապերը։ Հաղորդման քննարկումը համոզեց, որ անհրաժեշտ է վերականգնել վերջին տարիներին կորսված ավանդույթը, որը փոխադարձաբար հարստացնում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի մշակույթները։

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4