Օտար լրագրողները պապի Թուրքիա այցելության մասին
Հռոմի պապի Թուրքիա այցելությունը լայն արձագանք գտավ միջազգային մամուլի էջերում, եւ օտար լրագրողները առիթը բաց չթողեցին մի անգամ եւս շահարկելու Հայոց ցեղասպանության թեման, մի կողմից հայերին, հավանաբար, արջի ծառայություն մատուցելու, մյուս կողմիցՙ Եվրոմիության դռները բախող Թուրքիայում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը մի անգամ եւս շեշտելու նպատակով:
Կաթոլիկ եկեղեցու գերագույն առաջնորդի այցելության նախօրեին երեք լրագրողներ ԱՄՆ-ից հանդիպել են Ստամբուլի եւ Թուրքիայի հայոց պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի հետ: Զանց առնելով մեզ ծանոթ փաստերը, ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք մեր տրամադրության տակ եղած հոդվածներից երկուսի առավել հետաքրքրական հատվածները:
«Նյուզդեյ» պարբերականում նոյեմբերի 30-ին Մաթյու Մկալեստերը գրում է, որ իր հարցերին երկար ընդմիջումներով եւ դժկամությամբ է պատասխանել պատրիարք Մութաֆյանը, որի (հորական) պապը վեց եղբայրներից միակն է եղել, որ սիրիական անապատի գաղթի ճանապարհից մազապուրծ վերադարձել է Ստամբուլ:
«70 միլիոն մահմեդականներով բնակեցված այս երկրում ապրող 65 հազար հայերի համար «ցեղասպանության» մասին բացահայտ խոսելը ոչ թե խիզախություն, այլ ինքնասպանություն կհամարվի», գրում է նա եւ մեջբերում Օրհան Փամուքի վեպերի հրատարակիչ եւ ցեղասպանության վերաբերյալ անցյալ տարվա կոնֆերանսի կազմակերպիչներից Մուրադ Բելգեին. «Հավանաբար պետությունը կբավարարվի հայտարարություն կամ զգուշացում անելով, բայց հավանական է, որ ֆաշիստական որոշակի տրամադրություններով մարդկանց կողմից նա (պատրիարքը) սպանվի, պատրիարքարանը հրկիզվի եւ շատ ուրիշ հայեր էլ կորցնեն իրենց կյանքը»:
«Հարցը ոչ թե լուռ մնալու, այլ ընկերություն անելու մասին է: Դուք չեք կարող ընկերություն անել մեկի հետՙ հակադրվելով նրան», բացատրում է պատրիարքը: Եթե դա լռություն չէ, ապա ինքնագրաքննության գործնական միջոց է, եզրակացնում է հոդվածի հեղինակը եւ պատմում, որ Մութաֆյանի (ինչպես շատ ուրիշների) հայրը երբեւէ որդուն չի պատմել իր սերնդի հետ կատարվածի մասին: Այսօրվա սերունդը նույնպես չի պատմում, որպեսզի «խնդիրներ չառաջանան», գրում է Մկալեստերը:
«Մինչեւ 80-ականների վերջը ընդհանրապես այդ (ցեղասպանության) հիշատակությունները չէին լինում: Վերջին տարիների իրադարձությունները (կոնֆերանսի անցկացումը, տարբեր երկրների կողմից ճանաչումը, Ֆրանսիայում օրենքի ընդունումը) մի քայլ առաջ են տարել Թուրքիայինՙ անցյալի հետ հաշտվելու գործում», մեկնաբանում է թուրք մի քաղաքագետ, որը հասկանալի պատճառներով ցանկացել է մնալ անհայտ: «(Ներքին) գաղտնիքներն առկա են, չեն անհետացել: Մենք պարզապես պետք է բացենք (գաղտնիքների) այդ արկղը», եզրակացնում է նա:
Մյուս թղթակիցըՙ Աննա Բառնարը նոյեմբերի 30-ի «Գլոբում» գրում է, որ Թուրքիայի հայերը փորձում են հավասարակշռված մոտեցում ցուցաբերել, մի կողմից պահպանել իրենց նախնիների հիշատակը, մյուս կողմիցՙ պահպանել իրենց փոքր համայնքի անվտանգությունը: Նրանք չեն ցանկանում բախվել թուրք ազգայնականների հետ: Նրանք պարզապես ձգտում են խաղաղ ապրել այնտեղ եւ հնարավորության դեպքում որոշ արտոնություններ ձեռք բերել (ինչպես, օրինակ, իրենց ունեցվածքը կամ կալվածքները եկեղեցուն թողնելը, կտակելը, կամ հոգեւորականներ պատրաստելու համար ճեմարանի թույլտվություն ստանալը եւ այլն):
Այսօրվա Թուրքիայում քրիստոնյաները բնակչության ընդամենը մեկ տոկոսն են կազմում, եզրակացնում է հոդվածի հեղինակը, եւ հայերն այնտեղ չունեն մի սուրբ վայր, որտեղ կարողանան հավաքվել եւ իրենց զոհերի հիշատակը խնկարկել: