«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2006-12-05 | #233, 2006-12-06 | #234, 2006-12-07


ՆՈՒՍԱՅԲԻՆԻ (ՄԾԲԻՆ) ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՀԱՐՑԸ ՇՎԵԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

Խորհրդարանը կառավարությունից պահանջում է նախաձեռնություն ցուցաբերել գերեզմանի ուսումնասիրման համար

Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի Մարդին վիլայեթի գավառներից Նուսայբինի (Մծբին) Կուրու գյուղում գյուղացիները հայտնաբերում են արդեն ստորգետնյա դարձած մի քարանձավ: Երբ նրանք մուտք են գործում, այնտեղ հանդիպում են շուրջ 300 կմախքի: Զգալով, որ 3 մետր լայնությամբ այս քարանձավն ընդհանուր գերեզման է դարձել, դիմում են հարեւան Աքարսու գյուղի ոստիկանական տեղամաս:

Տեղամասի պետը գյուղացիներին կարգադրում է փակել քարանձավի մուտքը եւ ձեռք չտալ ոչ մի բանի, պատճառաբանելով, թե Նուսայբինի դատախազությունը հետաքննություն է անցկացնելու: Հոկտեմբերի 19-ին ընդհանուր այս գերեզմանի հայտնաբերմանը համապատասխան լուսանկարներով անդրադառնում է «Օզգյուր գյունդենը», ընդգծելով, որ դա հայկական է: Թերթին էլ արձագանքում է Եվրոպայում հեռարձակվող «Roj TV»-ն: Այս հանգամանքը գրավում է ոստիկանության ուշադրությունը:

Տեղամասի պետը ոստիկանների ուղեկցությամբ իսկույն մեկնում է գյուղ, արգելում է մամուլի ներկայացուցիչների մուտքն այնտեղ, նախազգուշացնում է գյուղացիներինՙ քարանձավի մասին որեւէ տեղեկություն չհայտնել լրագրողներին, ոչ մեկին ցույց չտալ դրա տեղը, ապա եւ հայտարարում, որ «Օզգյուր գյունդենի» հրապարակումը սուտ է, իսկ լուսանկարներըՙ կեղծ:

Հոկտեմբերի 22-ին «Ընդհանուր գերեզմանը քողարկվում է» վերնագրով «Օզգյուր գյունդենը» մեկ անգամ եւս անդրադառնում է նախկին հայկական Կուրու գյուղի քարանձավին, նշելով, որ ոստիկանությունն այնտեղ լուսանկարներ է արել, ապա արգելել է օտարների ելումուտը, նախապես փակելով հայերի համար ընդհանուր գերեզմանի վերածված այս քարանձավը: Դրան է հետեւում «Ընդհանուր գերեզմանը պատկանում է հայերին եւ ասորիներին» վերնագրով անդրադարձը, որ հրապարակում է միեւնույն թերթը նոյեմբերի 7-ի համարում:

«Օզգյուր գյունդենի» վերոհիշյալ հրապարակումներին Թուրքիայի ներքին գործերի նախարարությանն ուղղված բաց նամակով արձագանքում է Մարդու իրավունքների միությունըՙ Ստամբուլի մասնաճյուղի նախաձեռնությամբ: Նամակում, ինչի մասին նոյեմբերի 10-ին նշել է այս թերթը, միությունն ընդհանուր գերեզմանում բազմակողմանի ուսումնասիրություն եւ դատաբժշկական քննություն անցկացնելու կոչ է անում նախարարությանը, պահանջում է ճշտելՙ հայտնաբերված կմախքները պատկանո՞ւմ են հայերին եւ ասորիներին, ե՞րբ են տեղի ունեցել սպանությունները, հայերի տեղահանության տարեթիվ համարվող 1915 թ.-ի՞ն, թե՞ ոչ: Եվ վերջապես այս ամենը ճշտելու համար ստեղծել գիտական անկախ հանձնաժողով:

Մարդու իրավունքների միությունը միաժամանակ տարակուսանք է հայտնում, որ Նուսայբինի Կուրու գյուղում հայտնաբերված ընդհանուր գերեզմանի մասին պաշտոնական որեւէ հայտարարություն չի արվել: Այդ ընթացքում տվյալ թեմայով բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ, շվեդ պրոֆ. Դավիդ Գանտը կարծիք է հայտնում, որ ընդհանուր գերեզմանում հայտնաբերված կմախքները պատկանում են 1915 թ.-ին Մարդինի իթթիհատական կառավարիչ Հալիլ Էդիբի հրամանատարության տակ գործող «Մահվան» հատուկ ջոկատների ձեռքով սպանված 150 հայ եւ 120 ասորի գերդաստանների ղեկավարներին, որոնք եղել են Դարա (ներկայումս Օղուզ) գյուղի բնակիչներ:

Նուսայբինի դատախազությունը նախընտրում է անտեսել այդ գերեզմանը: Դատախազության օրինակին է հետեւում ներքին գործերի նախարարությունը, անտեսելով Մարդու իրավունքների միությանՙ գերեզմանին առնչվող պահանջները: Սակայն նոյեմբերի 24-ին ընդհանուր գերեզմանի հարցը Ձախակողմյան կուսակցության պատգամավոր Հանս Լինդի առաջարկ-պահանջով հայտնվում է Շվեդիայի խորհրդարանի օրակարգում: Շվեդիայի արտգործնախարարությունը, որին հասցեագրված էր այս առաջարկ-պահանջը, պատգամավորի հարցմանը պատասխանելու համար զեկուցում է պահանջում Անկարայի եւ Ստամբուլի շվեդական ներկայացուցչություններից:

Ենթադրվում է, որ շվեդ պատգամավորի առաջարկ-պահանջը Շվեդիայի խորհրդարանում քննարկման կդրվի մինչեւ այսօր:

Շվեդիայում գործող Ասորիների ֆեդերացիայի կայքէջում հրապարակված տեղեկության համաձայն, առաջարկ-պահանջով հարց է դրվում. «Եվրոմիության շրջանակներում Շվեդիայի կառավարությունն ի՞նչ ջանք է գործադրում, որ Թուրքիան միջազգային անկախ ուսումնասիրողների առջեւ բացի օսմանյան արխիվները, կառավարությունը պատրաստվո՞ւմ է թուրքական իշխանություններից պահանջել Նուսեյբինի ընդհանուր գերեզմանի հետազոտման համար դատաբժշկական անկախ հանձնաժողովի ստեղծումը, նա որքանո՞վ է աջակցում 1915 թ. իրադարձությունների ուսումնասիրությանը, որոնց զոհն են դարձել հայերը, ասորիներն ու Պոնտոսի հույները»:

Վերոհիշյալ առաջարկ-պահանջով միաժամանակ փորձ է արվում ճշտել, թե Շվեդիայի կառավարությունը ցուցաբերում է որեւէ նախաձեռնություն, որպեսզի Թուրքիայում չպատժվեն հայերի, ասորիների եւ Պոնտոսի հույների դեմ իրագործված ցեղասպանության քննարկումները: Ի՞նչ արդյունքի կհանգեցնի շվեդ պատգամավորի առաջարկ-պահանջը, ցույց կտա ժամանակը: Բայց որ այդ առաջարկ-պահանջով բարձրացված հարցերը միանգամայն հերքում են օսմանյան արխիվներն օտարերկրյա գիտնականների առջեւ բացելու վերաբերյալ Թուրքիայի ղեկավարների ի լուր աշխարհի արված հայտարարությունները, կասկածից վեր են:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4