«Հայկական մշակութային ժառանգության իրավիճակը Նախիջեւանում» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը երեկ տեղի է ունեցել Ստրասբուրգի քաղաքապետարանի սրահում: Մինչ ցուցահանդեսի բացումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել էր Ստրասբուրգի քաղաքապետի մշակութային հարցերով տեղակալ, Ստրասբուրգի քաղաքային համայնքի նախագահ Ռոբերտ Գրոսմանի հետ, որից հետո նախարարը մասնակցել է ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանըՙ ելույթ ունենալով հրավիրյալների առջեւ: Ցուցահանդեսը կազմակերպել է Ստրասբուրգի «Էլզաս-Հայաստան բարեկամություն» ֆրանս-հայկական կազմակերպությունըՙ ներկայացնելով Նախիջեւանում Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի ու տապանաքարերի ոչնչացման մասին վկայող լուսանկարներ: Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են Ստրասբուրգի իշխանությունների, Ստրասբուրգում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչները: