Դրա հիմքում ԱՄՆ-ի իրաքյան ծրագրերը հավասարակշռելու Թուրքիայի հաշվարկներն են
Դեկտեմբերի 6-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Դամասկոս: Այնտեղ նրան ընդունել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Այնուհետեւ նա հանդիպել է իր գործընկերոջՙ Մուհամմեդ Նաջի Օթրիի հետ, ապա եւ վերադարձել Անկարա: Նախագահ Ասադի հետ վարչապետ Էրդողանի շուրջ 2 ժամ տեւողությամբ հանդիպմանը քննարկվել են Իրաքում ծավալվող ներքին բախումներին, Լիբանանի լարվածությանը եւ Պաղեստին-Իսրայել հակամարտությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ այդ խնդիրներում համագործակցելու երկու երկրների հնարավորությունները:
Քննարկումների արդյունքում Սիրիայի նախագահն ու Թուրքիայի վարչապետը հանգել են հետեւյալ եզրակացություններին.
Պետք է պահպանվի Իրաքի տարածքային ամբողջականությունն ու երկրում լարվածության հաղթահարման համար հարեւան երկրներն ստանձնեն պատասխանատվություն:
Մերձավոր եւ Միջին Արեւելքի խնդիրները պայմանավորված են Պաղեստինում տիրող իրավիճակով:
Միջդավանանքային բախումների հավանականությունը Լիբանանում եւ Իրաքում լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար:
Դամասկոսում նախագահ Ասադը խոստացել է Լիբանանի հարցի կարգավորման համար անել հնարավոր ամեն ինչ, իսկ Անկարայում վարչապետ Էրդողանը մատնանշել է, որ Դամասկոսը պատրաստ է նպաստել խաղաղության հաստատմանը Միջին Արեւելքում, եւ Սիրիան պետք է ներգրավվի միջինարեւելյան գործընթացներում: Այնուհետեւ նա ավելացրել է. «Համընկնում են տարածաշրջանային հիմնախնդիրների առնչությամբ երկու երկրների տեսակետները: Ես գոհունակությամբ եմ արձանագրել Իրաքի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման Սիրիայի որոշումը եւ ընդգծել, որ ճիշտ չէր Լիբանանում կառավարության կազմից դուրս գալու «Հզբոլլահի» որոշումը: Նկատեցի, որ Սիրիան նաեւ այդ հարցում համահունչ մոտեցում է ցուցաբերում»:
Թուրքական հանրային հեռուստատեսությունը, լուսաբանելով Էրդողանի այցը Թուրքիա, նշեց, որ դա տարածաշրջանային խնդիրների կարգավորման ուղղությամբ մեկ շաբաթում Թուրքիայի կատարած երկրորդ քայլն է: Հիրավի, դեկտեմբերի 3-ին Թուրքիայի վարչապետը եղել էր Թեհրանում, որտեղ նա Իրաքի, Լիբանանի եւ Պաղեստինի հարցերում համանման եզրակացության էր հանգել Իրանի ղեկավարների հետ, ինչպեսՙ Դամասկոսում: Ավելին, Սիրիայի պես նաեւ Իրանը տարածաշրջանի առաջնահերթ խնդիրներում Թուրքիայի հետ համագործակցելու պատրաստակամություն էր հայտնել Էրդողանին:
Հատկանշական է, որ դեկտեմբերի 6-ին, երբ Էրդողանը Դամասկոսում բանակցություններ էր վարում Սիրիայի ղեկավարների հետ, Վաշինգտոնում հրապարակվում է նախկին պետքարտուղար, հանրապետական Ջեյմս Բեյքերի եւ դեմոկրատ Լի Համիլտոնի համանախագահությամբ վերջերս ստեղծված «Իրաքյան աշխատանքային խմբի» զեկուցագիրը:
79 կետերից բաղկացած այս զեկուցագրում, որը երեկ ներկայացվել է նախագահ Ջորջ Բուշին եւ ԱՄՆ Կոնգրեսին, վերոհիշյալ խումբը Վաշինգտոնի վարչակարգին առաջարկում է իրաքյան գործընթացներում ներգրավել նաեւ Իրանին ու Սիրիային, իսկ Իրաքի կառավարությունից պահանջում է անհետաձգելի քայլերի միջոցով երկրում հասնել ազգային համաձայնության: Թեեւ ծրագրով մատնացույց է արվում Իրաքում ամերիկյան բանակի առաջնահերթությունների վերանայման անհրաժեշտությունը եւ դա պայմանավորվում է բանակին երկրից դուրս գալու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ, բայց եւ այնպես ընդգծվում է Իրաքի համար ԱՄՆ-ի կրած պատասխանատվությունը:
Պատասխանատվության պարագան խիստ կարեւոր է: Եթե նույնիսկ ամերիկյան զորքերը դուրսբերվեն, միեւնույն է Իրաքում ուժի մեջ են մնում Վաշինգտոնի ծրագրերը, որոնց առանձնահատկությունը, ինչպես Իրանի եւ Սիրիայի, այնպես էլ Թուրքիայի համար, այդ երկրի մասնատումն է: Քանի որ Վաշինգտոնում հնչում են նաեւ ամերիկյան զորքերը հյուսիսային Իրաքում տեղակայելու եւ երկիրն այդտեղից վերահսկելու տեսակետներ, որտեղ իշխանությունն ամբողջությամբ պատկանում է քրդերին, ուստի Իրաքի մասնատման սպառնալիքն ավելի քան մտահոգիչ է դառնում:
Դա միավորում է արտաքին քաղաքականության մեջ հակադարձ կողմնորոշում ունեցող Թուրքիային, Իրանին եւ Սիրիային: Թեհրանի եւ Դամասկոսի հետ համագործակցելու Էրդողանի նախաձեռնությունն ինքնաբերաբար դառնում է վերջիններիս իրաքյան գործընթացներում ներգրավելու պատրաստակամությամբ սեփական ծրագրերին տարածաշրջանի երկրների հակազդեցությունը թուլացնելու Վաշինգտոնի նկատառումները հակակշռելու միջոց:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ