Այդ մասին, հենվելով եվրոպացի դիվանագետների վրա, հաղորդել է ֆիննական հեռուստատեսությունը, առանց մանրամասնելու, թե Թուրքիան ո՞ր նավահանգիստն ու օդանավակայանն է բացելու Կիպրոսի Հանրապետության առջեւ: Հեռուստատեսությունը միաժամանակ նշել է, որ Եվրոմիությունը նավահանգստի եւ օդանավակայանի բացման հավանականությունից ելնելով վերանայելու է Թուրքիայի անդամակցության բանակցությունների նկատմամբ որդեգրած դիրքորոշումը:
Երեկ «CNN-Turk»-ը, անդրադառնալով ֆիննական հեռուստատեսության հաղորդմանը, ընդգծում է, որ դրա առնչությամբ պաշտոնական հայտարարություն չի արվել, իսկ Թուրքիայի արտգործնախարարությունը ո՛չ հերքել է, ո՛չ էլ հաստատել հաղորդագրությունը: Հիշեցման կարգով նշենք, որ Եվրոհանձնաժողովը, ելնելով նավահանգիստների եւ օդանավակայանների բացման հարցին Անկարայի բացասական մոտեցումից, Եվրոմիության հետ Թուրքիայի անդամակցության բանակցությունները 8 կետերով սառեցնելու որոշում է ընդունել:
Հ. Չ.