«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2006-12-06 | #234, 2006-12-07 | #235, 2006-12-08


ՎՐԱՍՏԱՆԸ, ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՆ ԽԱՂՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕԳՏԻՆ

Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան կրկին խաղում են Ադրբեջանի օգտինՙ խառնվելով մի հարցի, որն իրենց չի վերաբերում: Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում սահմանադրական հանրաքվեի դեմ ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) հայտարարությունը, նշել է Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Օսկանյանը գտնում է, որ ՎՈՒԱՄ-ի հայտարարությունը ԼՂ սահմանադրության հանրաքվեի առնչությամբ խեղաթյուրված է, իսկ հայտարարությունում ասվածըՙ հեռու ճշմարտությունից:

Ադրբեջանի պնդումը, թե հանրաքվեի անցկացումը խոչընդոտում է բանակցային խաղաղ գործընթացին, ճիշտ չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ընթացքը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: «Իրական խոչընդոտը Ղարաբաղի ժողովրդավարական գործողություններին Ադրբեջանի անհանդուրժողական արձագանքն է, Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացում ներգրավելու մերժումը, կրկնվող ռազմաշունչ կոչերն ու Մինսկի խմբի բանակցային գործընթացը շրջանցելու համառ ջանքերը», նշված է հաղորդագրությունում:

Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայիՙ ԼՂ ժողովրդի ժողովրդավարական ձգտումների մերժումը եւ ժողովրդավարական ուղի ընտրելու համար մեղադրանքն, ըստ Վարդան Օսկանյանի, ոչ կառուցողական է:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4