Երեկ այս վերնագրով «Միլիեթն» անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի նախորդ օրվա նիստին, նշելով, որ Հայաստանի խորհրդարանը չկարողացավ ընդունել նոր օրհներգի մասին օրինագիծը, ինչի հետեւանքով երկիրը մնաց առանց օրհներգի:
Թուրքական թերթը գրում է, որ ՀՀ օրհներգի մասին օրինագծի ընդունումը բխում էր դեռեւս անցյալ տարի հաստատված սահմանադրական փոփոխություններից, ապա եւ շարունակում. «Երեկ ուժը կորցրած «Մեր հայրենիք» վերնագրով օրհներգի փոփոխության հարցը երկար ժամանակ քննարկման առարկա էր երկրում: Միքայել Նալբանդյանի բանաստեղծության հիման վրա գրված այս օրհներգը 1918-1920 թթ. դաշնակցական իշխանությունների օրոք Հայաստանի գործող օրհներգն էր, սակայն բոլշեւիկները դա արգելել էին: 1991 թ.-ին Հայաստանի անկախացումից հետո խորհրդային իշխանության դեմ բողոքի խորհրդանիշը դարձած այս օրհներգը վերստին ընդունվեց: Դրա փոփոխմանը, որի հատկապես խոսքերը հակազդեցություն են առաջացնում, կատաղի դիմադրում են դաշնակները»: