«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2006-12-06 | #234, 2006-12-07 | #235, 2006-12-08


ՄԱՐԴ ՓՉԱՑՆԵԼԸ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՐՑ Է

Հայաստանում խելքն այդպես էլ ապրանք չի դառնում, նրա հետ առուվաճառքի գործարքները մեռյալ կետում են: Ինտելեկտուալ ունեցվածքը, որպես այդպիսին, ոչ մեկին դեռեւս հարկավոր չէ, չնայած բարձրագոչ կարգախոսներով հնարավոր է հակառակը բղավել: Երբ վերացող տեսակի քաղաքական որեւէ հազվադեպ գործիչ մեր կյանքի համատարած առեւտրի մեջ վաճառքի է հանում իր միակ եւ վերջին ունեցվածքը (խոսքը հազվադեպ նյութի` խելքի մասին է) առեւտրում կոփված բիլակավորները եւ «քյաշ» փողի տեր մեր ունեւորները դիմադրում են. ինչպե՞ս կարելի է, էդ տկլորը ո՞նց է համարձակվում շուկա մտնել ոչնչով (խելքը Հայաստանում երբեք նախնական կապիտալ չէ ու դեռ մի քանի տասնամյակ կապիտալ չի դառնա` ի հակադրություն քաղաքակիրթ աշխարհի) եւ մեզ հետ էլ մրցակցել: Եվ գիտեք, խելքն ունեցվածք եւ առուվաճառքի ենթակա ապրանք համարող կամիկաձեի դեմ պայքարում են ամբողջ թափով` լրատվամիջոցներով, լրագրողների դաստայով, սպառնալիքներով եւ կաշառելով` մտրակով եւ քաղցրաբլիթով: Մարդ փչացնելը օրախնդիր է, ինչպես երբեք, քանի որ մի կլոր զրոյի համար հեշտ կլինի առանց միավորի զրոներին կառավարելը:

Այդպես էր ավելի վաղ, այդպես է հիմա, այդպես լինելու է դեռեւս երկար ժամանակ: Բայց ընտրություններին մոտիկ ժամանակներում մարդ փչացնելը օրակարգի հրատապ հարց է ու աչքի է զարկում ամեն քայլափոխի: Երկար հիշողություն ունեցողների համար դժվար չէ նկատելը, որ Հայաստանում շատ վաղուց ոչինչ չի փոխվել: Ով տասը տարի առաջ հեռախոսի առաջ անգամ երկտակ ծալվելով դեպի վեր զեկուցում էր այս կամ այն ռեպորտաժի կամ հոդվածի վայ թե վտանգավոր «կանցովկայի» կամ պետք եղածից ավելի համարձակ սկզբի մասին, այսօր էլ անում է նույնը` միայն տերերին փոխած: Այդ զեկուցելն ու անհրաժեշտ «կոմֆորտը» նրա կյանքն են եւ ոչ մի գնով նա չի զիջի իր տեղը` ինչ-որ «ժողովրդավարությո՜ւն», ինչ-որ «արդարությո՜ւն», ինչ-որ «արդա՜ր ընտրություններ» չտեսնված-չլսված բաների համար: Այդ տեսակի խնդիրը բոլոր դեպքերում դեպի վեր զեկուցելն ու մկրատելն է, հատկապես բոլոր համապետական կարեւոր իրադարձություններից, ասենք` հանրաքվեից, ընտրություններից առաջ: Իսկ հետո, երբ պետք լինի խոսել ժողովրդավարությունից ու ժողովրդի քվեից, այդ տեսակը զանազան այլակարծություն ապահովող եւ դրամաշնորհով ստեղծվող «պռայեկտներում» պատրաստ է լեզուն ցավեցնելու աստիճան մեջբերումներ անել արեւմտյան ժողովրդավարության հայրերից: Չեմ բացառում, որ մի երկու տասնյակ մարդ անմիջապես ճանաչեց իրեն: Այդ մարդիկ գրասենյակներ են փոխում, լրատվամիջոցների պատասխանատուների աթոռներ, ընտրությունից ընտրություն այսուայն հզորի «փիարը» կազմակերպում, եւ նրանց համար չկա մի սրբություն, որի համար նրանք համաձայնեին ուրիշ կերպ ապրել եւ ուրիշ կերպ գործել: Եվ ուղիղ նայում են աչքերիդ, կարծես իրենք չեն այն մարդիկ, որ մշտապես ստորաքարշել են, ստել, դավաճանել` կրկին ու կրկին գծելով նույն շրջանը: Եվ հիմա քաղաքական հերթական գործչին, եթե պատվեր կա, նրանք կարող են փչացնել առանց աչք թարթելու: Ու քաղաքական գործիչներից շատերն էլ «լավն» են, մշտապես մոռանում են, թե ում հետ գործ ունեն ու գլխի վրա գցվում են նրանց մի կանչով: Մոռանում են, որ գլուխը եւս մարդկային մարմնի սովորական մաս է, եւ կարող է, օրինակ, կոշտ բանի հետ բախվելուց ծակվել: Ու ակամա մտածում ես, որ մեր քաղաքականներն իրենք են ստեղծում այն վիճակը, որը բաժին է ընկնում նաեւ հենց իրենց:

Ափսոսն այստեղ ուրիշ բան է: Օրինակ` բոլորին փչացնելուց հետո էլ ո՞վ պիտի «գործիչություն» անի, ո՞վ պետք է քաղաքականությամբ զբաղվելու պատրանք ստեղծի, ո՞վ պետք է վերջապես օրենք գրի, երբ բոլորը վերջնականապես փչանան եւ արժեզրկվեն: Բիլակավորներն ու մեր «թագավոր ախպերներն» այդ մասին հիմա մտածելու ժամանակ չունեն, ժամանակ կունենան, երբ տեսնեն, որ ավերակների վրա են թագավորում` մարդկային խելքի ավերակների:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4