Գտնում է Երվանդ Երզնկյանը
Խորհրդային տերությունը ճաշակի ու մշակութային գիտելիքի մեծ պաշար էր տվել: Այն մսխում ենք, ու հողե պատերով ջրամբարի նմանվող հասարակության մշակութային պահանջն այսօր չի ձգտում վեր, քանի որ ջրամբարը լցնելու գործառույթը անհրաժեշտ չափով չի իրականացվում: Համեմատությունն ու համոզմունքը Հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանինն են: Նրա կարծիքով մշակութային ազգային բազմամյա ծրագրի բացակայությունն է բերել առկա վիճակին, այլապես ոչ մի հեռուստա կամ ռադիո ընկերություն երկրի ու ժողովրդի թշնամին չէ, որ հեռարձակի միայն շուկայի պահանջածը: Որեւէ ոճի երաժշտության լինելիությունը արգելելը սխալ է գտնում Երզնկյանը. «Յուրաքանչյուր տեսակ գոյության իրավունք ունի: Սակայն այսօր բարձրակարգ երաժշտություն համարյա չի հեռարձակվում, բազմազանությունը տուժել է»: Կոմպոզիտորի գնահատմամբ հետեւանքը արդեն իսկ անդառնալիության ուղին է բռնելՙ խաթարվել է ունկնդրելու մշակույթը, կոմպոզիտորական, նվագախմբային եւ այլ շկոլաների կորստից էլ հնարավոր է չկարողանանաք խուսափել: Մինչ այժմ դրանց գործուն գոյությունը Երզնկյանը բացատրում է հիմքի ամրությամբ եւ անհատների ջանքերի ներդրմամբ: Օրինակՙ հենց Հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գոյությունը վաղուց արդեն անհատական ջանքերի արդյունք է:
«Հասարակութունը ամեն ինչի ընդունակ է, ինչ տասՙ այն էլ կընդունի: Երաժշտական մակարդակ կա, որին շատ-շատերը ուղղակի անտեղյակ են, բայց լսելու դեպքում կարող էին ընտրել եւ վերջապես ճաշակ կզարգանարՙ պահանջարկը այլ կլիներ», այս վստահությամբ Երվանդ Երզնկյանն այսօրվա խնդիրը համարում է տարբեր ուղղությունների երաժշտական բարձրակարգ կատարումների ներդաշնակ հեռարձակում-ներկայացումը: Ամեն դեպքում կոմպոզիտորի տեսանկյունից իրավիճակը ժամանակավոր է, եւ այսօր ճիշտ գործելու դեպքում հնարավոր քիչ կորուստեր կարելի կլինի գրանցել. «Պարզապես պետք է հրաժարվենք դատավորի դերից ու գործենքՙ եթե ոչ այսօր, ապա ժամանակ անց արժեքավորը դուրս կգա ջրի երես»: Ինքը Երզնկյանը վերջին տարում շուրջ 30 երգ է գրել, ու դրանցից 5-ը անխոս հաջողված է համարում, բայց այսօր շրջանառվում են այն երգերը, որոնց հիման վրա տեսահոլովակ է նկարահանվում: Կենդանի կատարումների արժեքը շարունակում է գնահատվել, բայց շահույթ չի ապահովվում այդ եղանակով:
Երվանդ Երզնկյանը, կարեւորելով ստեղծագործական միությունների գործունեությունը, անտեղի է գտնում, որ «110 ներկայացուցիչ ունեցող Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության 50 կոմպոզիտորներից 15-20-ը մնացյալներին ընդդիմադիր են», նախընտրելին միասնական աշխատանքն է, հեռանկարըՙ մշակութային մեծ կենտրոններիՙ թատրոններ, նվագախմբեր եւ այլն, սեփականաշնորհումից խուսափելը: Այս կարծիքին է ՄԱԱ-ում երեկ հյուրընկալված կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ