18 տարի առաջ Հայաստանի հյուսիսային հատվածում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով շուրջ 25 հազար մարդ զոհվեց, հիմնովին ավերվեց էպիկենտրոն Սպիտակ քաղաքը, հսկայական կորուստներ կրեցին Գյումրին, Ստեփանավանն ու Վանաձորը: Ինչպես հաղորդում են Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, Ջավախքի եւ Բաթումի հայոց եկեղեցիներում երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություն է կատարվել, ղողանջել են եկեղեցիների զանգերը: Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցած հոգեհանգստյան արարողությունից հետո թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր օրհնությունն է հղել աղետի գոտուն առաջին օգնությունը ցուցաբերած վրաց ժողովրդին: Արարողությանը հաջորդել է Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անվան թիվ 10 երաժշտական դպրոցում կազմակերպված հուշ-երեկոն, որին մասնակցել են Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն է մատուցվել նաեւ Հայ առաքելական եկեղեցու Հարավային Ռուսաստանի թեմի եկեղեցիներում: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկացմամբ, արարողությանը ներկա են եղել հայ հասարարական կառույցների ղեկավարներ:
Թ. Մ.