«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2006-12-06 | #234, 2006-12-07 | #235, 2006-12-08


ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ԱՌՋԵՎ

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երեկ նախագահի նստավայրի առջեւ հավաքված եզդիները, որոնք եկել էին հիմնականում Կոտայքի մարզի Զովունի գյուղից, իրենց բողոքն էին արտահայտում Գեղարքունիքի մարզի իրավապահ մարմիններից: Բողոքի ժամանակ նոյեմբերին սպանված Քյարամ Ավդալյանի մայրըՙ Գյուլիզար Ավդալյանն ու սպանվածի երեք տղաները փորձել են ինքնահրկիզվել: Վրա հասած շտապօգնությունը նրանց տեղափոխել է Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների ու ճառագայթաբանության կենտրոն:

Եզդիների համայնքի նախագահ Հասան Թամոյանը իրենց վրդովմունքի պատճառն այսպես ներկայացրեց «Ազգ»-ին այս տարվա նոյեմբերի 6-ին Լճաշենի գյուղապետ Ա. Մարգարյանը եւ վեց այլ անձինք հարձակվել են 42-ամյա եզդի Քյարամ Ավդալյանի վրա եւ ծեծելով սպանել: Գեղարքունիքի մարզի դատախազությունը քրեական գործ է հարուցել: Համայնքի նախագահին սպանվածի իրավահաջորդ Թառլան Ուզոյանը եւ գործով անցնող եզդի վկաները նամակ են գրելՙ նշելով, որ նախաքննական մարմնի աշխատանքներն իրենց չեն գոհացնում: Նրանք դժգոհ են նախ հեռավորությունից, քանի որ իրենք ծախս են անում եւ ամեն անգամ հասնում Սեւան, հետո էլ զգում են, որ մարզի դատախազության աշխատակիցները կողմնորոշված են դեպի գյուղապետը: Նախագահականի առջեւ բողոքի ակցիա կազմակերպելովՙ նրանք պահանջում էին ձերբակալել գյուղապետին, ինչպես նաեւ քրեական գործի նախաքննությունը տեղափոխել երեւանամերձ տարածք:

Սպանվածն ունի 8 երեխա, որոնք փաստորեն պահանջում են արդար պատիժ իրենց հոր սպանության համար: Հուզված իրավիճակից եւ ծանր ապրումներից ճնշված Քյարամ Ավդալյանի մայրը եւ երեք տղաները դիմել են ինքնահրկիզմանՙ երկրի ղեկավարության ուշադրությունը հրավիրելով իրենց պահանջի վրա: Նախագահականի առջեւ հավաքված եզդիները փորձեցին հանգցնել կրակը, բայց տուժածները հիվանդանոց տեղափոխվեցին լուրջ այրվածքներով:

Եզդիների համայնքի նախագահ Հասան Թամոյանը հեռախոսազրույցում մեզ ասաց, որ ավելի վատ էր երեխաների վիճակը, «դողում էին, չէին ճանաչում մարդկանց»: Մի փոքր ուշ զրուցեցինք վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների ու ճառագայթաբանության կենտրոնի փոխտնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանի հետ: «Տուժածների վիճակը բավարար է, այրվածքները մեծ չեն եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում», վստահեցրեց կենտրոնի փոխտնօրենը:

Երեկոյան «Ազգը» գլխավոր դատախազությունից ստացավ հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասվում է. «ՀՀ քաղաքացի Քյարամ Ավդալյանին պատկանող ոչխարների հոտը Լճաշեն գյուղի մշակովի ցանքատարածքներում արածավարելու պատճառով Ք. Ավդալյանի եւ ցանքատարածքների սեփականատերերի միջեւ 06.11.06 թ. ժամը 16-ի սահմաններում առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ Ավդալյանը բռունցքով հարվածել եւ մարմնական վնասվածք է պատճառել Ավետիք Մարգարյանին, իսկ վերջինս բռունցքներով հարվածներ է հասցրել Ավդալյանին: Դեպքի վայրից Ավդալյանը դիմել է փախուստի եւ շուրջ 2 ժամ հետո, վիճաբանության ժամանակ ստացած թոքի պատռվածքի հետեւանքով ներքին արյունահոսությունից մահացել է: Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզի դատախազությունում 2006 թ. նոյեմբերի 7-ին հարուցվել է քրեական գործ: Նույն օրը Ավետիք Մարգարյանը (ծնված 1956 թ.) ձերբակալվել է»:

Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են նաեւ, որ հրկիզված եզդիները ստացել են 2-րդ եւ 3-րդ կարգի այրվածքներ, որի առթիվ եւս հարուցվել է քրեական գործ: Գլխավոր դատախազի ցուցումով Ավդալյանի սպանության գործը վերցվել է Գեղարքունիքի մարզի դատախազության վարույթից եւ նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4