«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2006-12-06 | #234, 2006-12-07 | #235, 2006-12-08


ԿԱՐՊԻՍ ՓԱՓԱԶՅԱՆ ՄՐՑԱՆԱԿՙ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՈՒՍՏԻՆ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 17-ին Բեռլինի ՀՀ դեսպանությունում հանդիսավոր պայմաններում պատվելու են Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքին նվիրված երկու գերմանագիրներիՙ լրագրող, հրապարակախոս, պատմաբան Վոլֆգանգ Գուստին եւ արձակի վարպետ Էդգար Հիլզենրաթին:

Հայոց հարցին նվիրված իր հետեւողական աշխատանքի, բազմաթիվ հրապարակումների, երկու հրատարակությունների համար Վոլֆգանգ Գուստին կհանձնվի «Կարպիս Փափազյան-2005» մրցանակը:

Իսկ Էդգար Հիլզենրաթին դեսպանատանը կտրվի «Հայաստանի նախագահի մրցանակի» շոշափելի մասը ՙ շքանշանը, ինչը տեխնիկական պատճառներով ուշացել էր երեւանյան հանդիսության ժամանակ (հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն այս տարի Երեւանի իր նստավայրում այդ առիթով ընդունել էր մրցանակակրինՙ «Վերջին մտքի հեքիաթը» վեպիՙ ծագումով հրեա գերմանացի գրողին):

«Ազգը» պարբերաբար անդրադարձել է ՀԲԸՄ-ի 1988-ից ամենամյա «Կարպիս Փափազյան» մրցանակին, ինչը, հիշեցնենք, տրվում է օտարազգի այն գիտնականներին, քաղաքական գործիչներին, մշակույթի մշակներին, մտավորականներին, ովքեր երկարամյա գործունեությամբ փաստել են իրենց նվիրվածությունը Հայոց հարցին:

Տարբեր տարիների հիշյալ մրցանակը ստացել են ճանաչված անուններ Իտալիայից, Անգլիայից, Ավստրիայից, Սիրիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, Իրանից, Ռուսաստանից:

1988-ին մրցանակը տրվել է Թեսսա Հոֆմանին, այնուհետեւ տարբեր տարիների 5000 ամերիկյան դոլար մրցանակային պարգեւը ստացել են Իվ Թեռնոնը, Ահմադ Նուրիզադեն, Կիմ Բակշին, Հերման Գոլցը, Քերոլայն Քոկսը, ավստրիացի ամուսիններ դոկ. Հելմուտ եւ Հայդե Բուշհաուզեները եւ այլ երախտավորներ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4