«Աստվածաշնչյան մի պատում կա, ըստ որի Նոյը մի երեկո գինովցած եւ մերկ քնած է լինում: Նոյի որդիներից Քամը, հորը մերկ տեսնելով կանչում է իր երկու եղբայրներին, որ գան եւ ծաղրեն հոր անգիտակից մերկությունը, բայց Սեմն ու Հաբեթը ամոթխածությամբ ծածկում են իրենց հորը, որի համար օրհնության են արժանանում, իսկ Քամն անիծվում է: Աստվածաշնչյան այս պատումն իսկ պատկերացում է տալիսՙ ծաղրը արհամարհանքի եւ չհարգելու նշան է եւ մեղք», ասում է հոգեբան Հովհաննես-Ռաշո Հովհաննիսյանը «Ազգ»-ի հետ հարցազրույցում, որ տեղի ունեցավ «Հայելի» ակումբում հրավիրված բանավեճից հետո: Ֆրանսահայ մեր ազգակիցը քննարկումը գնահատեց որպես անբավարար այն իմաստով, որ ոչ ինքը, ոչ էլ բանախոսներից դերասան Հովհաննես Բաբախանյանը այդպես էլ չկարողացան իրենց կարծիքը քննարկող «Հավատ եւ զավեշտ» թեմայի շուրջն արտահայտել:
Ի տարբերություն նրանց, բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը կարողացավ աշխարհի բոլոր մեղքերում մեղադրել հայ բոլոր հոգեւորականներին, նույնիսկ բավականին հուզիչ մի մեջբերում կարդաց նույն հայ հոգեւորականներից` Առաքել Դավրիժեցու «Պատմություն հայոց»-ից: Նա ասաց, որ ամեն ոք ազատ խոսքի իրավունք ունի, որի մեջ կարող է մտնել անգամ ծաղրը սեփական մոր նկատմամբ: «Ծաղրը կարող է լինել արվեստի տեսակներից մեկը, մարդու նախասիրությունը` ճաշակի հարց է», եզրակացրեց բանախոսը «Ազգի» հարցին ի պատասխան, թե կարելի՞ է ծաղրը քննադատության փոխարեն ԶԼՄ-ների հրապարակմանն արժանի համարել:
Ակնհայտորեն նրա հետ համաձայն չէր մյուս բանախոսը` Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցուց Հակոբ քհն. Խաչատրյանը, ինչպես նաեւ համաձայն չեն Հայ առաքելական եկեղեցու այն հավատացյալները, որոնք գրավոր մի հայտարարությամբ «չեն կիսում այն անձանց վերաբերմունքը, ովքեր զավեշտի եւ ծիծաղի առարկա են դարձնում հոգեւոր հայրերի կողմից սրբագործված խորհուրդներն ու աղոթքները»: «Ընդհանրապես ոչ մեկին չի կարելի ծաղրել», ասում է հոգեւորականը, որ նաեւ կողմ էր առողջ ու զգաստության կոչող լրատվամիջոցների քննադատության:
Իր հերթին խոսքի ազատության մասին «Ազգի» հետ առանձնազրույցում կարծիք հայտնեց նաեւ հոգեբան Հ. Ռ. Հովհաննիսյանը: «Խոսքի ազատությունը կեղծ կատեգորիա է, ասաց նա, որովհետեւ շատ քիչ մարդիկ են, որ իրապես ազատ են: Այդ իմաստով, ինչ որ խոսում էր մեր Վիոլետ քույրիկը, նախապես ծրագրել է իր խոսքը, մենք էլ որ խոսեցինք, մի ձեւով ծրագրել էինք մեր ասելիքը: Օրինակ, Դավրիժեցի ես կարդացել եմ, բայց Վիոլետը շփոթում էր եկեղեցականությունն ու մարդկանց քննադատելը ծաղրելու հետ»:
Մեր իսկ համեստ դիտարկմամբ, քննարկումը շեղվել էր բուն թեմայից, հարմար առիթ դառնալով տարօրինակ հայացքների մարմաջ ունեցող բանախոսուհու համար: Իսկ այ, Եհովայի վկաները, հեռուստատեսություն չունեն, ինչպիսին «Շողակաթն» է, ափսոսում էր բանախոսը եւ դա համարում խոսքի ազատության ոտնահարում եւ «դիսկրիմինացիա», այլ ոչ թե միամիտ մարդկանց մի հսկա զանգվածի քայքայիչ կրոնական կազմակերպությունից զերծ պահելու հանգամանք:
Այդուամենայնիվ, լրագրողների խառնիխուռն առաջադրած հարցականները եւ բանախոսների ասելիքը հոգեբան Հովհաննես-Ռաշո Հովհաննիսյանն ամփոփեց Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմք»-ից ԻԳ աղոթքով. «Ամէնաողորմ Տէր, ողորմեա ամենայն հաւատացելոց ի Քեզ իմոց եւ օտարաց, ծանօթիս եւ անծանօթիս, կենդանեաց եւ մեռելոց: Շնորհեա եւ թշնամեաց իմոց եւ ատելեաց զթողութիւն, որ առ իս յանցանացն: Եւ դարձո զնոսա ի չարեացն, զոր ունին վասն իմ, զի ողորմութեանդ Քում արժանի եղիցին»: Ի դեպ, հոգեբանը հատուկ` բանաստեղծուհու համար մեկնաբանեց գրաբարյան վերոհիշյալ մեջբերումը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ