Մայրաքաղաքի «Դինամո» մարզասրահում երեկ մեկնարկեց հայկական բռնցքամարտի երախտավորներից մեկիՙ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Էդուարդ Արիստակեսյանի հուշամրցաշարը: Տարեց մարզասերները լավ էին ճանաչում բռնցքամարտի անվանի մասնագետին, որի սաներից է օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը: Մրցաշարը միջազգային է: Հրավիրվել են Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի բռնցքամարտիկները: Ինչ խոսք, մրցաշարը հայ բռնցքամարտիկների համար ուժերի եւս մեկ հիանալի ստուգատես է նոր մրցաշրջանում սպասվող պատասխանատու մրցումներից առաջ: