«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2006-12-08 | #236, 2006-12-09 | #237, 2006-12-12


«ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ 1915 Թ. ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ՉԷ, ԱՅԼ ԴՐԱ ՈՐԱԿՈՒՄՆ ԻԲՐԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

Հայտարարում է TESEV-ի ներկայացուցիչը

Երեկ լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտում կազմակերպվել էր «կլոր սեղան»ՙ «Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարըՙ երկու երկրների փորձագետների պատկերացմամբ» թեմայով, որին մասնակցեցին փորձագետներ, լրագրողներ եւ քաղաքագետներ Հայաստանից ու Թուրքիայից։ Միջոցառմանը թուրքական կողմը ներկայացնում էին Թուրքիայի տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների հիմնադրամիՙ TESEV-ի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Մենսուր Աքգյունի գլխավորությամբ, նույն հիմնարկի աշխատակիցներ, որոնց թվում էր հիմնադրամի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Էթիեն Մահճուպյանը, գիտնականներ եւ «Ենի շաֆաքի» գլխավոր խմբագիր Մուսթաֆա Կարաալիօղլուն։

Հիմնադրամի փորձագետ Սաբիհա Գյունդողարը կատարելով «կլոր սեղանի» բացումը, ասաց, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու առաքինությամբ։ Նրան հավելեց մեր հայրենակից Մահճուպյանը։ Նա նշեց, որ ինքը կաթոլիկ է, բնակվում է Անկարայում, TESEV-ը բացի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, ինչպես նաեւ երկրի ժողովրդավարացմանը նապստելուց, զբաղվում է նաեւ քրդական հարցով, քաղաքացիական եւ զինվորական իշխանությունների հարաբերության խնդիրներով, ապա եւ շարունակեց. «Եթե երկու երկրների ընդդիմադիր ուժերը հանդիպեն, ապա մենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով կարող ենք երրորդ տարբերակն առաջադրել»։

Մենսուր Աքգյունն ասաց, որ Թուրքիան դրանց կարգավորման առնչությամբ Հայաստանին առաջադրում է մեկուկես նախապայման։ Առաջինը Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթաց է պահանջում, այլ ոչ թե կարգավորում, որպեսզի Թուրքիան չվտանգի Ադրբեջանի հետ բարեկամությունը հայ-թուրքական հարաբերություններով։ «Կես նախապայմանը, ավելացրեց նա, նկատի ունենալով Հայոց ցեղասպանության հարցը, համատեղ հանձնաժողովի ստեղծումն է։ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը 1915 թ. ողբերգության մերժումը չէ։ Պարզապես իշխանությունները գտնում են, որ չի կարելի դրանք ցեղասպանություն որակել։ 30 տարի առաջ մենք նույնիսկ չէինք կարողանում ողբերգության մասին խոսել։ Պետք է այդ հարցում փոխզիջումային տարբերակ գտնել»։

Վերջում Աքգյունը պատասխանելով հարցերին, ասաց, որ իրենց ներկայությունն այստեղ դրական վերաբերմունքի արտահայտությունն է հայ-թուրքական հարաբերությունների առումով, սակայն լավատես լինելու հիմք չունենք, դրանց կարգավորման համար առաջադրվող նախապայմաններն իրենց դիրքորոշումը չէ, այլ կառավարության, եւ առհասարակ, TESEV-ը դիրքորոշում չունի նույնիսկ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, եւ իրենք այդ հարցում հանդես են գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ՄԱԿ-ի որոշումների բանաձեւերի պաշտպանությամբ։

Թուրքիայի հետ հարաբերությունների հարցին Հայաստանում առկա մոտեցումներն ամփոփեց Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Ելնելով ցեղասպանության ուրացման մասին ֆրանսիական օրինագծին Թուրքիայի բուռն հակազդեցությունից, նա ասաց, որ դա ընդունել է Ֆրանսիան,այլ ոչ թե Հայաստանը, ապա եւ ընդգծեց. «Հայաստանում ցեղասպանությունը ենթակա չէ վիճարկման, ինչպես Հոլոքոստը Իսրայելում, առնվազն աբսուրդ են հարցը վիճարկման ոլորտ ներքաշելու դրսեւորումները»։

Տողերիս հեղինակը նշեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների բացակայության պայմաններում միջազգային ուժերը որպես կանոն հանդես են գալիս դրանց կարգավորման նախաձեռնություններով։ Քանի որ այդ ուժերը, ի դեմս ԱՄՆ-ի, Եվրոմիության եւ Ռուսաստանի, մրցակցում են Անդրկովկասում, ուստի նրանց նախաձեռնությամբ հայ-թուրքական հարաբերությունները ներքաշվում են մրցակցության ոլորտ։ Այս պայմաններում հարաբերությունների կարգավորման մրցակցող կողմերից մեկի նախաձեռնությանը միասնաբար հակադրվում են մյուս երկուսը։ Այսպիսով, դա ի չիք է դառնում։ Սա նշանակում է, որ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար նախ նախաձեռնությունը պետք է վերցնել միջազգային ուժերից։ Այլապես դրանք վերջիններիս համար կդառնան ազդեցությունը տարածելու միջոց, իսկ նրանց մրցակցությունն ընդամենը կհանգեցնի կարգավորման նախաձեռնությունների փոխադարձաբար չեզոքացմանը։

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4