«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2006-12-08 | #236, 2006-12-09 | #237, 2006-12-12


ՍՐԸՆԹԱՑ ՇԱԲԱԹԱՄՈՒՏ. ՀԱՆՐԱՔՎԵՆ, «ԵՐԿՐԱՊԱՀԸ», ՍԵՖԻԼՅԱՆԸ

Անցած շաբաթավերջին տեղի ունեցան երեք շատ կարեւոր իրադարձություններ, որոնք նախանշելու են մեր երկրում տեղի ունեցող գործընթացները դեռ երկար ժամանակ, եւ եթե խորագետ լինենք` այդ իրադարձությունների միջեւ կապ էլ կարող ենք գտնել:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԵԿՄ-ն ուժ է, որ կարող է ընտրական գործընթաց ուղղորդել

Շաբաթ օրը տեղի ունեցած երկրապահ կամավորականների միության 7-րդ համագումարը շատ հարցերի պատասխան տվեց, շատ հարցեր էլ անորոշ թողեց: Բայց մի բան աներկբա է` մեկ անգամ եւս ակնհայտ երեւաց, որ «Երկրապահը» բավական հզոր մի ուժ է, որի օժանդակությունը ստացողը կարող է թելադրող լինել նաեւ քաղաքական գործընթացներում: Հենց սկզբում նշենք, որ համագումարում ներկա էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ բավական տանու մարդու պես էր պահում իրեն: Ու հենց նրան նկատի ունենք թիվ մեկ հավակնորդների մեջ, ովքեր (եւ նրա ղեկավարած կուսակցությունը) կարող են այն աջակցությունը ստանալ, որի մասին կերազեին նաեւ ուրիշները: Քանի որ լրատվամիջոցներն արդեն մանրամասն լուսաբանել են համագումարի ո՞վ-ի՞նչ-ինչպե՞սը, մենք մի քանի շեշտադրումներ առանձնացնենք:

Ղարաբաղի հարց, միության նորից ընտրված նախագահ Մանվել Գրիգորյան. «Մեր եղբայրների արյան գնով ձեռք բերածը մենք չենք կարող փոխարինել անորոշ խոստումներով: Հայն այսօր ոչ միայն զիջելու բան չունի, այլ նաեւ լուրջ անելիքներ ունի իր բնական հայրենիքին վերատիրանալու համար»: Ապա ավելացրեց, որ «Երկրապահը» վճռական տեր է կանգնելու Հայաստանի անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը, իսկ ավելի ուշ, լրագրողների հարցերին պատասխանելով` ավելացրել. «Հողերն ազատագրել ենք անվտանգության գոտի ստեղծելու համար: Համ էլ մեր հողերի 90 տոկոսը իրանց ձեռքն ա: Երբ որ Ղարաբաղի հարցը լուծվի, հնարավոր է փոխանակության խնդիրներ առաջանան, քանի որ Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու շրջանները, Հայաստանի Արծվաշենն իրանց ձեռքն են: Բայց դա մեր գործը չէ, քաղաքական դաշտի գործն է: Բայց Ղարաբաղն անկախ լինելու դեպքում միայն դա նոր հնարավոր է»: Եվ հետո ավելի սաստկացրեց դիրքորոշումը. «Ես զիջումների մասին չասացի եւ չեմ էլ ասելու: Պատրաստ եմ հենց հիմա մեռնելու, բայց նման բան չեմ ասելու: Ճնշումներ կան, բայց դրանք կարեւոր չեն: Լավ ա մեռնենք, քան աննամուս մնանք: Միայն անվտանգության հարցը չէ, եթե արցախցին անվտանգ չլինի, ստեղ ո՞վ պիտի մնա»:

Վերադառնալով այն հարցին, որը տանջում էր շատերին եւ հատկապես լրագրողներին, թե ո՞ւմ, որ քաղաքական ուժին են սատարելու երկրապահները, Մանվել Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Երկրապահի մեջ բոլոր քաղաքական դաշտի մարդիկ կան: Բայց երկրապահը եթե պաշտպանի, միայն արդարությունը կպաշտպանի, անկախ նրանից, թե ում կողմն ա, էդ 100 տոկոս ես ձեզ խոստանում եմ»: Համագումարի ելույթների եւ ուղերձների ընթացքում (հատկապես պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ուղերձում) կոչ էր արվում քաղաքական խժդժությունների չձայնակցել, քաղաքական խաղերի խաղալիք չդառնալ: Մ. Գրիգորյանն էլ շեշտեց, որ իրենց կառույցի անդամներ կան, որ տարբեր քաղաքական կողմնորոշումներ ունեն, բայց ողջ կառույցը քաղաքականացված չէ: Սակայն համագումարում ներկա բարձրաստիճան հյուրերի թիվն ու պատկանելությունը խոսուն էին` պաշտպանության երկու փոխնախարար, վարչապետ, այլ աստիճանավորներ: Քաղաքական այլ կուսակցությունների ուրիշ հայտնի դեմքեր չկային. Արամ Զավենի Սարգսյանն էր ներկա եւ երկրին տեր կանգնելու կոչ արեց, ԱԱԿ Հովհաննես Հովհաննիսյանը, բայց ոչ խորհրդարանական կուսակցություններից կային, ոչ էլ արտախորհրդարանական ուժերի բավական լայն սպեկտրից: Այն հարցին, եթե Սերժ Սարգսյանը 2008-ն նախագահի թեկնածու առաջադրվի` «Երկրապահը» կպաշտպանի՞ նրա թեկնածությունը, արձագանքեց արդեն պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, իր կողմից հաստատելով, թե` այո: Բայց Մ. Գրիգորյանն իր կողմից խոստացավ, որ ոչ ոք բանակը ժողովրդի դեմ չի հանի. «Չի կարա. ԵԿՄ-ն նախ եւ առաջ ժողովուրդ ա: Անձամբ ես դուրս չեմ գա: Բանակը ժողովրդին պաշտպանելու համար ա, բանակը ժողովրդինն ա, ոչ մեկի սեփականությունը չի: Ով ժողովրդի դեմ բանակ է հանում, ուրեմն էդ ազգից չի»:

Սեֆիլյանը Ղարաբաղն ազատագրողների՞ց է, թե «օտարերկրյա քաղաքացի»

Ազգային անվտանգության նախարարության տարածած հայտարարության տոնը երեկ տարակուսանք էր հարուցում. ԱԱՆ-ն անհերքելի ապացույցներ է ձեռք բերել, որ Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա կողմնակիցների «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպությունը նպատակ է հետապնդել ՀՀ-ում առաջիկա քաղաքական գործընթացներին հակաիրավական, ուժային միջամտություն ցուցաբերել, մասնավորապես 2007 թվականին կայանալիք ընտրությունների ընթացքն ուղղորդել` դիմելով ծայրահեղական գործողությունների: Մասնավորապես շեշտվում է դեկտեմբերի 2-ի փակ հավաքը, որտեղ ուժային ճնշման միջոցների առջեւ խտրականություն չդնելով` իշխանությունը զավթելու, կոնկրետ գործողությունների դիմելու կոչեր են արվել: Հայտարարության մեջ որակումների պակաս չկա. 90-ական թվականներից ղարաբաղյան կռիվներում մարտնչած, Մարտական խաչի արժանացած հրամանատարն անվանվում է կասկածելի աղբյուրներից ֆինանսավորվող, օտարերկրյա քաղաքացի, քաղաքական արկածախնդրություն հետապնդող ... եւ ԱԱՆ-ը դեկտեմբերի 10-ին ձերբակալել է Սեֆիլյանին, կառույցի ղեկավարներից Վարդան Մալխասյանինՙ նախօրոք, իհարկե, ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական գործ հարուցելով:

Երեկ Արմենիա-Մարիոթ հյուրանոցում, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հավաքում, ձերբակալության մանրամասները ներկայացրին «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն ու «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունից Սամվել Հարությունյանը, ինչպես նաեւ դեկտեմբերի 2-ի հավաքին մասնակցած ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը: Ըստ դրանցՙ իր տիկնոջ հետ «Վիվասելի» կազմակերպած ռեստորանային երեկոյին մասնակցող Ժ. Սեֆիլյանին ձերբակալել են արեւմտյան «բոեւիկներում» նկարագրվող ոճով. դեկտեմբերի 9-ին, ժամը 10:30-ի սահմաններում 15 հոգանոց դիմակավոր իրավապահներ, Սամվել Հարությունյանի խոսքովՙ «մարտնչող ցինիզմի դրսեւորմամբ», պառկեցնելով ներկաներին եւ Սեֆիլյանի հղի տիկնոջը, ընկերոջն ու նրա կնոջը, ձերբակալություն են իրականացրել: Նույն օրը ձերբակալել են նախաձեռնության մոտ 40 ակտիվիստների, որոնց մի քանի ժամ հարցաքննելուց հետո բաց են թողել: Երեկ օրվա երկրորդ կեսին ձերբակալված էին մնացել երկուսը` Ժ. Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը: Հ. Հովհաննիսյանը նկատեց, որ դեկտեմբերի երկուսին, ճիշտ է, զգացմունքային ելույթներ եղել են, բայց բռնության կոչեր չեն հնչել, եւ հայտնեց, որ դիմելու է դատախազություն այն տրամաբանությամբ, որ ելույթ ունեցող 17 մարդու հանդեպ էլ, ու նախ եւ առաջ իր հանդեպ, կարելի է, ուրեմն, քրեական գործ հարուցել: Ներկա ընդդիմադիր գործիչներին անհանգստացնում էր այն, որ այս ամենից եւ ԱԱՆ տարածած հայտարարության տեքստից Սեֆիլյանին երկրից արտաքսելու հոտ է փչում, ինչպես որ իշխանությունները վարվեցին Վահագն Չախալյանի հետ: Իրավիճակը նրանք անվանեցին ամոթալի, վախի եւ 37 թվի մթնոլորտ ստեղծելու նախադեպ, որը կարող է վերաճել իշխանությունների հանդեպ ատելության մթնոլորտի: Խոսք էր գնում այն մասին, որ Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից Սեֆիլյանին նվիրած զենքը միտում կա անօրինական դիտելու եւ այդպիսի գործ նաեւ նրան կպցնելու: Ելույթ ունեցողներըՙ Պարույր Հայրիկյանը, Գրիգոր Հարությունյանը, Միքայել Ապրեսյանը, Ռաֆայել Ղազարյանը, Գառնիկ Մարգարյանը եւ այլք առաջարկում էին այսօր հավաքվել եւ իշխանություններին ուղղել մի հայտարարության տեքստ` կոչ անելով ազատ արձակել ձերբակալվածներին, Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհել` նրան արտաքսելու վտանգից զերծ պահելով, ապա եւ քրեական գործի հետաքննությունը վարել` ճիշտն ու սխալն իրարից զատելով: Եվ իրոք, երեկոյան այդ հայտարարությունը հրապարակվեց:

Այս բոլորը եթե դիտենք ղարաբաղյան խնդրի այս պահին հնարավոր ճնշումների, հայկական եւ ադրբեջանական կողմի` վերջին միմյանց հակասող հայտարարությունների, երկրապահների ղեկավարի` ոչ մի թիզ հող չզիջելու հավաստիացումների, կիրակի օրը տեղի ունեցած ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի ֆոնին, որի արդյունքում ԼՂՀ սահմանադրությունն այսուհետեւ իր դրույթներից մեկում ամրագրում է իրավասության տակ գտնվող տարածքների սահմանները, որոնք այսուհետեւ որեւէ մեկի, կազմակերպության եւ պետության կողմից վիճարկման ենթակա չեն, գուցե եռյակ իրադարձությունները կապող մի աննշան թել նկատելի լինի: Գուցե շատերին, այդ թվում միջազգային կառույցներին ու շահագրգիռ պետություններին այս ամրագրումը եւ Հայաստանում հնչող հայտարարությունները փաստի առաջ են կանգնեցնում` մտածելու բան կա այստեղ:

Հ. Գ. Ուշ երեկոյան Սեֆիլյանի փաստաբանից մենք տեղեկություն ստացանք, ըստ որի նրանք զգուշանում էին, թե իշխանությունն ուշ երեկոյան մտադիր է Սեֆիլյանին արտաքսել Հալեպի վրայով. «Սակայն երկու բան լավ չգիտեն իշխանությունները. Սեֆիլյանի լիբանանյան անձնագրի ժամկետը լրացել է, իսկ նրա տիկինը ՀՀ-ում Լիբանանի դեսպանի օգնականն է, հետեւաբար նա Ժնեւյան կոնվենցիայի պաշտպանության տակ է գտնվում»: Սեֆիլյանի կողմնակիցները զգուշացնում են իշխանություններին դիվանագիտական խայտառակությունից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4