ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լրագրողներս դեռ այնպիսի դեպք չէինք հիշում, որ կալանավորման թույլտվություն սահմանող որեւէ դատական նիստ մի 20 րոպեից ավելի տեւեր: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` մեկ օր առաջ ուշ երեկոյան տեղի ունեցած նիստը տեւեց յոթուկես ժամից ավելի, եւ հավանաբար դատավոր Գայանե Կարախանյանը պետք է դիմակայեր Ժիրայր Սեֆիլյանի երկու բավական որակյալ պաշտպաններին` իր առջեւ դրված դժվարին խնդիրը լուծելիս օրենքի տառը պահպանելու համար: Ու նա բավարարեց ազգային անվտանգության ծառայության հայցը` «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին երկու ամսով կալանելու վերաբերյալ: Սեֆիլյանին առաջադրվող մեղադրանքները քրեական օրենսգրքի երկու հոդվածներով են. 301 հոդված, իշխանությունը բռնությամբ զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու կոչ, 235 հոդվածՙ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքեր ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել: Ահա այս մեղադրանքներն են առաջադրվում մի մարդու, որը 16 տարի ապրում է Հայաստանում, եւ իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է ազգային անվտանգությունը գործնականում իրականություն դարձնելուն եւ իր գործունեությունը կառուցել է բարոյական արժեքների վրա: Լրագրողներին այս մասին պատմելով` Սեֆիլյանի գաղափարակից, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության քարտուղար Արմեն Աղայանը նկատեց, որ բողոքարկելու են դատարանի այդ որոշումը:
Նա փուչիկ անվանեց մեղադրանքները, նշելով, որ կան դեկտեմբերի 2-ի այն հավաքի տեսագրությունն ու ձայնագրությունը, որին հղում է անում ազգային անվտանգության ծառայությունը` հակաիշխանական կոչերի աղբյուր որպես: Ճիշտ է, տեսագրությունը անվտանգության աշխատակիցները բռնագրավել են, սակայն ձայնագրության սղագրությունը շուտով հնարավոր կլինի տրամադրել: Հայ կամավորականների` դեկտեմբերի 2-ի հավաքում որեւէ կոչ չի հնչել, որը քրեական հետապնդման պատճառ դառնար ինչպես Ժ. Սեֆիլյանի, այնպես էլ նույն` բռնի հեղաշրջման կոչերի մեղադրանքով 2-ամսյա կալանքը դատարանի վճռով վաստակած մյուս ձերբակալվածի` Վարդան Մալխասյանի կողմից: Սեֆիլյանին վերագրվող ապօրինի զենքն, ըստ Ա. Աղայանի, իրականում Սամվել Բաբայանի նվիրած զենքն է, որը, եթե անգամ պարգեւը նոր փաստաթղթավորման կարիք ուներ, խնդիրը կարելի էր կարգավորել վարչական տույժով: Սեֆիլյանին ներկայացվող մեղադրանքները, հատկապես սահմանադրական կարգի բռնի փոփոխության կոչ անվանելը, նախատեսում են առավելագույնը 3 տարվա ազատազրկում: Սակայն Սեֆիլյանի կողմնակիցներն ամեն ինչ անելու են` հասնելու համար ներկայացվող մեղադրանքների ժխտմանը, դրա համար իրավական բոլոր մեթոդներն օգտագործվելու են, այսօր-վաղը նաեւ ստեղծվելու է ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի շարժման կոմիտե:
Դատելով «Ուրբաթ» ակումբ Ա. Աղայանի ասուլիսին ներկայացած լրագրողների ներկայացուցչականությունից (բնականաբար հեռուստաընկերություններին հրահանգված է եղել չներկայանալ, ներկա էին «Երկիր-մեդիայի» եւ «Նոյյան տապանի» նկարահանող խմբերը միայն), կարելի է նմանություն գտնել, օրինակ, 1996 թվականի սեպտեմբերյան դեպքերից հետո ստեղծված վիճակի կամ 1994-1995-ին ՀՅԴ-ին հետապնդելու ընթացքի հետ, երբ վերահսկվող լրատվամիջոցները կամ քար լռություն էին պահպանում, կամ միակողմանի լուտանքներ թափում:
Վերադառնալով Սեֆիլյանի ձերբակալությանը` նկատենք, որ Ա. Աղայանի կարծիքով տեղի ունեցածում շոուի բաժինը մեծ է. «Մեր բնակարանը նույնպես խուզարկել են, ազգային անվտանգությունը, վստահեցնում եմ, մեր բնակարանում ոչինչ չէր փնտրում», ասաց նա ակնարկելով, որ ուղղակի խուզարկության պատրանք են ստեղծել, այս գործով ընդհանրապես կարծես իշխանությունը քարոզչական նպատակ է հետապնդում: Աղայանի խոսքով`«Սեֆիլյանը 16 տարի մշտապես բնակվում է Հայաստանում, դրա մեծ մասը գործող սպա է եղել Հայաստանի բանակում». այդ իմաստով Սեֆիլյանի զինակիցը ծիծաղելի անվանեց նրան Հայաստանի քաղաքացի չհամարելը:
Ինչպե՞ս են վերաբերվում քաղաքական ուժերը տեղի ունեցողին. Աժ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ խորհրդարանում սկսված ստորագրահավաքին երկու տասնյակի չափ պատգամավոր է միացել` Սեֆիլյանի հանդեպ քաղաքական հետապնդումը դադարեցնելու եւ նրան ազատ արձակելու պահանջով: Ստորագրել են ընդդիմադիր պատգամավորները` բացառությամբ «Ազգային միաբանության», որի առաջնորդն այս ամենը խաղ է համարում, եւ չի ուզում այդ խաղի մեջ ներքաշվել: ՀՅԴ-ն ներքին կարգով արձագանքել ու մտահոգություն է հայտնել Սեֆիլյանի ձերբակալության առթիվ, նա ակնհայտորեն անհանգստացած է Սեֆիլյանի արտաքսման հեռանկարից: Սամվել Բաբայանը տեղյակ է ընթացքին եւ իր հնարավորության սահմաններում մասնակից է: Հակակրիմինալ շարժման շուրջը համախմբված քաղաքական ուժերի ներկայացուցիչները բոլորն էլ դատապարտել են կատարվածը:
Ըստ Ա. Աղայանի` Սեֆիլյանի հանդեպ մեկուսարանում վերաբերմունքը մտահոգիչ չէ. «Ժիրայր Սեֆիլյանին վերաբերվում են այնպես, ինչպես կվերաբերվեն Հայաստանի ապագա իշխանության բարձրաստիճան պաշտոնյային, կոռեկտության ամբողջ կարգը պահպանում են, իմանալով, որ վաղը-մյուս օրը Սեֆիլյանը շատ ավելի վերադաս դիրք կարող է զբաղեցնել, քան ազգային անվտանգության բոլոր աշխատակիցները միասին վերցրած»:
Հ.Գ. - Ի դեպ, դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել վերաբնակեցման եւ զարգացման «Արաքս-Կուր» հիմնադրամի շնորհանդեսը, որի նախաձեռնողները հենց Սեֆիլյանի գաղափարակիցներն ու ընկերներն են: «Միայն պաշտպանելու մասին խոսելով` ազատագրված տարածքներ պաշտպանելն անհնար է», նկատեց Ա. Աղայանը, նշելով, որ հիմնադրամի ծրագրերը նպաստելու են Ջավախքի ամրապնդմանը եւ Արցախի վերաբնակեցմանը, որոնք էլ հենց ազգային անվտանգության խնդիր են: