Միացյալ Նահանգներում այսուհետեւ կգործի եւս մեկ հայկական լոբբիստական խումբՙ ԱՄՆ-Հայաստան հասարակական հարցերով հանձնաժողովը (US-Armenia Public Affairs Commitee-USAPAC): Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, ամերիկահայ մի խումբ ակտիվիստների, այդ թվում Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներ Ռոս Վարդյանի եւ մեծահարուստ Ջերարդ Գաֆեսճյանի հիմնած կազմակերպության հիմնական նպատակներից մեկը կլինի Վաշինգտոնում Ադրբեջանի հնարավոր ազդեցության աճին դիմագրավելը:
Գաֆեսճյանի լուրջ ֆինանսավորմամբ այս խումբը չի հակադրվելու Ամերիկայի հայկական համագումարին կամ լոբբիստական մյուս խմբերին, այլ դրանք փոխլրացնելու են միմյանց: Ռոս Վարդյանի մեկնաբանմամբ, նա եւ Գաֆեսճյանը կշարունակեն մնալ Հայկական համագումարի խորհրդի անդամներ: Ի դեպ, ի տարբերություն որոշ լոբբիստական կազմակերպությունների, այս հանձնաժողովը կարող է մասնակցել ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին:
Վերջերս Ջերարդ Գաֆեսճյանի մասնակցությամբ ձեւափոխվում կամ նոր կազմակերպություններ են առաջանում: Հատկապես վերջին ժամանակներս Գաֆեսճյանը հետաքրքրվում է լրատվամիջոցների ձեռքբերմամբ: Մի քանի ամիս առաջ նա գնեց Նյու Յորքում լույս տեսնող «Արմինյըն Ռիփորթըր» թերթը:
Ա. Հ.