«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2006-12-12 | #238, 2006-12-13 | #239, 2006-12-14


ԱՐՄԱՆ ԿՈԹԻԿՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐՔԵՐՆ Ի ՊԱՀ ՏՐՎԵՑԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

Իր ժամանակին երանգ հաղորդած անձը

Ազգային գրադարանն իր մեջ մի քանի գրադարաններ է ներառում: Այստեղ են պահ տված Ալեքսանդր Մյասնիկյանի, Լեոյի եւ այլ հայտնի ու վաստակաշատ հայերի անձնական գրադարանները: Սա որպես հպարտության հիմք փաստեց ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, իսկ բարձրաձայնման առիթը Արման Կոթիկյանի անձնական գրադարանից նրա դստերՙ Սեդա Կոթիկյանի նվիրաբերումն էր գրադարանին: Հիմնականում 19-րդ դարի փարիզյան հրատարակության մի քանի տասնյակ գրքերՙ մեծ մասամբ ֆրանսիական դասականների գործերից եւ նոտագրություններ, երեկ Սեդա Կոթիկյանը հանձնեց գրադարանին. «Այս գրքերի գտնվելու ամենաճիշտ վայրը հենց այս գրադարանն է ե՛ւ նշանակությամբ, ե՛ւ, բացի այդ, հայրս էլ երկար տարիներ օգտվում էր հենց այստեղից»: Տնօրեն Դավիթ Սարգսյանի գնահատականով. «Նվիրաբերման փաստում առաջնային կարեւորությունը ոչ թե հենց գրքերի արժեքն է, որ փոքր չէ, այլ հենց Արման Կոթիկյանի եւ նրա տիկնոջՙ դաշնակահարուհի եւ Հայաստանում այդ դպրոցի հիմնադիր Օլգա Բաբասյանի գրադարանի մուտքով մեր գրադարանումՙ ոգեւորությունը»:

Ժամանակի տերը համարվելու զորություն ունեցող մարդկանցից է եղել Արման Կոթիկյանը: Փաստացի եւ հանրագիտարանային տվյալներով Կոթիկյանը դերասան է, բանաստեղծ, թարգմանիչ: Բայց սա ընդամենը արտիստի գործունեության ոլորտների ուրվագծումն է: Սորբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ուսանած Արման Կոթիկյանը երիտասարդ տարիներից իր մասնագիտական ոլորտից անհամեմատ ավելի ներկայություն ու գործունեություն է ունեցել արվեստի ասպարեզումՙ հատկապես թատրոնում: Մասնակցել է Օվի Սեւումյանի թատերախմբի ներկայացումներին, աշխատել Փարիզի «Հայ դրամատիկում»: «Հայ ժողովրդական թատրոնն» է հիմնադրել Փարզում 1932-ին, իսկ չորս տարի անց աշխատել է Սունդուկյանի անվան թատրոնում եւ բացի խիստ ինքնատիպ դերակատարումներից հայ թատրոնի պատմությանն է թողել նաեւ Հակոբ Պարոնյանի «Առտնին տեսարանների», Երվանդ Օտյանի «Թաղականին կնիկը» եւ այլ գործերի բեմականացումները: Լայն հասարակությանը դերասան Կոթիկյանը որպես անջնջելի տպավորություն գործող կերպարների կերտող է հայտնի հայկական կինոյից, չնայած հաշված դերակատարումներ են եղել, այն էլ երկրորդական, էպիզոդիկ: Այնուամենայնիվ Կոթիկյանը իր նուրբ արվեստով կարողացել է անմոռանալի, տպավորիչ, գունեղ խաղով փայլել իր ժամանակի լավագույնների կողքին: Թերեւս չի գտնվի մեկը ով դիտած լինի «Տժվժիկ», «Կարինե», «01 99», «Նվագախմբի տղաները» ... ֆիլմերն ու մեկընդմիշտ չառանձնացնի Կոթիկյանի խաղացած կերպարներն ու նրա արտահայտությունները, անգամ միմիկան ու ժեստերը. «Ես գինեգործ Պողոս Պողոսյանն եմ, ամուրի եմ, բայց սա իմ տակառիկն է», «Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա...», «Սոխը բարա՜կ-բարա՜կ, կրակը մարմա՜նդ-մարմա՜նդ....»: Նկարագրելի չէ, բայց եւ մշտապես դիտարժան է Կոթիկյանի խաղը: Ոչ պակաս, գուցե առավել արժեքավոր են նրա թարգմանությունները ֆրանսալեզու գրականությունիցՙ Ռոստան «Սիրանո դը Բերժերակ», Զոլա «Թերեզ Ռաքեն»: Բազմաշնորհ եւ ժամանակակիցների ու դստեր փաստմամբ անգամ կենցաղավարությունում հետաքրքրական եւ ստեղծագործական մոտեցում ցուցաբերող Արման Կոթիկյանի վառ անհատականությունը լիարժեք բացահայտված չէ այսօր էլ: Մինչդեռ նրա տեսակն իր գոյությամբ երանգավորել է ոչ միայն սեփական լինելիությունը, այլեւ այն ժամանակը, որում նա ապրել է ու թողել լուսավոր հետագիծ արդեն հաջորդների համար:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հ. Գ. Սակայն հաջորդներս ինքնավստահության ավելցուկի ու խիստ անտեղի քամահրանքի արդյունքում չենք օգտվում մեզ թողնված ժառանգությունից: Այս ցավալի եզրակացությանս հիմքը երեկ Ազգային գրադարանում ներկա գործընկերներիցս մի քանիսի, մեղմ ասած, անգիտության դրսեւորումն է: Արման Կոթիկյանը նրանց պատկերացմամբ Արմեն Խոստիկյանն է, Սիրանո դը Բերժերակն էլ անհայտ ժամանակների հայտնի գրող:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4