Այսօր Ալեք Մանուկյան 9 հասցեում (5-րդ հարկ) տեղի կունենա Արդի հայ գրականության անգլերեն մատենաշարի երեք հատորների շնորհանդեսը: Եռահատոր ժողովածուն («Թատերգություն», «Արձակ», «Պոեզիա») լույս է տեսել Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ, որը կազմակերպիչն է նաեւ շնորհանդեսի: Առաջինՙ «Թատերգություն» (Armenian Drama) հատորի խմբագիրը թատերագիր Հրանդ Մարգարյանն է (Նյու Յորք), իսկ կազմողըՙ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը: 319 էջանոց հատորում ընդգրկված են Աղասի Այվազյանի, Ալեքսանդր Թոփչյանի, Դավիթ Մուրադյանի, Կարինե Խոդիկյանի, Պերճ Զեյթունցյանի եւ այլոց պիեսները: Ընդարձակ առաջաբանըՙ հայկական թատրոնի պատմության մասին ակնարկով, պատկանում է հատորի խմբագրին:
«Արձակ» հատորի խմբագիրը կանադահայ հայտնի գրող եւ թարգմանիչ Հակոբ Խաչիկյանն է (Մոնրեալ): Ընդգրկում է Վահագն Գրիգորյանի, Ալիս Հովհաննիսյանի, Ռուբեն Հովսեփյանի, Զորայր Խալափյանի, Լեւոն Խեչոյանի, Հրանտ Մաթեւոսյանի, Վահագն Մուղնեցյանի, Ալվարդ Պետրոսյանի, Հովիկ Վարդումյանի, Անահիտ Թոփչյանի, Ռաֆայել Նահապետյանի եւ այլոց գործերը, որոնց մեջ բացակայում են հայ ժամանակակից արձակի մեծ վարպետ Կարպիս Սուրենյանի ստեղծագործությունները:
Իսկ «Պոեզիա» հատորը խմբագրել է անգլիագիր մեր լավագույն բանաստեղծներից, թարգմանիչ Դիանա Տեր-Հովհաննիսյանը (Նյու Յորք): Այս հատորում, որը նույնպես կազմել է Լեւոն Անանյանը, ընդգրկված է 49 անուն, որոնց շարքումՙ Սիլվա Կապուտիկյան, Լեւոն Անանյան, Վիոլետ Գրիգորյան, Հովիկ Հովեյան, Հակոբ Մովսես, Մարինե Պետրոսյան, Ղուկաս Սիրունյան, Էդվարդ Միլիտոնյան, Հրաչյա Թամրազյան եւ ուրիշներ:
Հատորները, որոնց հեղինակային իրավունքը պատկանում է Հայաստանի գրողների միությանը, հրատարակվել է «Ամարաս» տպագրատանը: Տպագրական որակըՙ միջինից ցածր: