«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2006-12-12 | #238, 2006-12-13 | #239, 2006-12-14


ԺՈՐԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ. «ՇԻՐԱԿԸ» ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ Է ԶԳՈՒՄ

Ավարտված առաջնությունում էլ Գյումրիի «Շիրակն» անհաջող հանդես եկավՙ կրկին կենաց ու մահու կռիվ տալով բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար: Նախորդ երկու մրցաշրջաններում գյումրեցիները եզրափակել էին մրցաշարային աղյուսակը: Թվում էր, թե ակումբի ղեկավարությունը, մարզչական կազմն ու ֆուտբոլիստները լուրջ եզրահանգումներ կկատարեն, իսկ մարզի, Գյումրու իշխանությունները վերջապես նեցուկ կլինեն թիմին, կաջակցեն ֆինանսապես: Սակայն, ցավոք, իրավիճակը ոչնչով չփոխվեց, ընդհակառակը, ճգնաժամն ավելի խորացավ, եւ «Շիրակը» կրկին հայտնվեց նույն «կոտրած տաշտակի» առջեւ: Թիմի մրցելույթները գնահատելու խնդրանքով դիմեցինք «Շիրակի» գլխավոր մարզիչ Ժորա Բարսեղյանին:

- Թիմի ելույթները կարելի է բավարար համարել, քանի որ պահպանեցինք տեղը բարձրագույն խմբում: Նման թույլ ելույթները կրկին պայմանավորված են թիմի ֆինանսական անմխիթար վիճակով: «Շիրակը» միշտ էլ լավ ավանդույթներ է ունեցել եւ կարող էինք դրանք հաջողությամբ շարունակել, եթե որոշ հարցեր լուծվեին, ֆինանսական կայուն վիճակ ստեղծվեր: Ի՞նչ կարելի է պահանջել 100 դոլար աշխատավարձ, այն էլ ուշացումներով ստացող ֆուտբոլիստներից: Պարգեւատրումներ չկան, ֆուտբոլիստներին խթանելու միջոցները բացակայում են: Այսօր արդեն միայն էնտուզիազմով, հարազատ ակումբի հանդեպ հավատարմությամբ, գյումրեցուն բնորոշ թասիբով այլեւս հնարավոր չէ հաջողության հասնել:

Թիմի կորիզը հիմնականում պահպանվել է եւ եթե ֆինանսական միջոցներ լիներ, ապա կարելի էր «Շիրակից» հեռացած ֆուտբոլիստներին վերադարձնել հարազատ ակումբ եւ հաջող ելույթներ ունենալ:

- Խոսակցություններ կան, որ ակումբը վաճառվելու է:

- Նման բան մենք չենք լսել: Նույն անորոշ վիճակն է: Թիմին հովանավորներ են անհրաժեշտ: Արդեն երկու ամիս է, ֆուտբոլիստներն աշխատավարձ չեն ստանում:

- Իսկ մարզային, քաղաքային իշխանություններն օգնության ձեռք չե՞ն մեկնում թիմին:

- Ցավոք, ոչ: Առայժմ միակ ֆինանսական օգնությունը «Շիրակին» ցուցաբերել է ֆուտբոլի ֆեդերացիան, որի համար շնորհակալ ենք ղեկավարությունից:

- Նախկինում թիմի հիմնական հոգսն ակումբի նախագահ Գառնիկ Խաչատրյանի ուսերին էր...

- Նա այժմ էլ իր հնարավորությունների սահմանում սատարում է թիմին, որի համար շատ շնորհակալ ենք: Բայց նա միայնակ այլեւս ի վիճակի չէ հոգալ բոլոր հոգսերը: Հարկավոր են նոր հովանավորներ, նոր մոտեցումներ:

- Թիմում կա՞ն փոփոխություններ:

- Առայժմ ոչ: Կան ֆուտբոլիստներ, որոնց պայմանագրերի ժամկետն ավարտվում է տարեվերջին: Առայժմ անորոշ է նրանց հետագա ճակատագիրը: Ամեն ինչ կախված է ֆինանսական վիճակից:

- «Շիրակը» սովորաբար համալրվում է սեփական կադրերով: Ինչպիսի՞ն է հերթափոխի վիճակը:

- Գյումրին միշտ էլ աչքի է ընկել իր ֆուտբոլային կադրերով: Պարզապես այժմ նրանց վարպետության աճի համար նպաստավոր պայմաններ չկան:

- Ինչպիսի՞ն են նոր մրցաշրջանի նախապատրաստության ծրագրերը:

- Թիմն առայժմ արձակուրդում է: Դեկտեմբերի 24-ից կսկսենք մարզումները: Արդեն որերորդ տարին է, պարապում ենք ձյան, ասֆալտի վրա, ցուրտ մարզադահլիճում: Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հնարավորություն չունենք ուսումնամարզական հավաքներ անցկացնել: Ցավոք, այսօր այսպիսին են մեր հնարավորությունները:

- Ի՞նչ կարծիքի եք ավարտված առաջնության մասին:

- Կարող եմ ասել, որ առաջնությունը ստացվեց: Ճիշտ է, թիմերի խաղամակարդակների տարբերությունը զգալի էր, սակայն մրցակցություն ընթացավ: Իհարկե, չեմպիոնության համար համառ պայքար չընթացավ, իսկ ահա 2-3-րդ տեղերի համար բավական թեժ մրցակցություն ծավալվեց: Նույնը կարելի է ասել նաեւ բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար պայքարող թիմերի մասին: Սակայն խաղը բարելավելու, վարպետության աճի առումով դեռ անելիքներ շատ կան: Կարեւորը, որ նախորդ մրցաշրջանների համեմատ մրցավարությունը բարձր մակարդակի վրա էր:

- Ի՞նչ մրցակարգով կցանկանայիք, որ անցկացվեր նոր առաջնությունը:

- Ցանկալի կլիներ, որ բարձրագույն խմբում 12 թիմ հանդես գար եւ այդ դեպքում կարելի կլիներ առաջնությունն անցկացնել երկու փուլով: Թե չէ արդեն ձանձրացել ենք միեւնույն թիմի հետ մրցաշրջանի ընթացքում, հաշվի առնելով նաեւ գավաթի մրցաշարը, 6 խաղ անցկացնելը: Նաեւ ցանկալի կլիներ, որպեսզի առաջնության խաղացանկը շուտ հայտնի դառնար, որպեսզի թիմերը կարողանային ծրագրավորել նախապատրաստական փուլի աշխատանքները: Իհարկե, ֆեդերացիայի համար էլ դժվար է դա անելը, քանի որ, որպես կանոն, շատ ուշ է պարզվում, թե թիմերից որոնք են մասնակցելու առաջնությանը: Նաեւ լավ կլիներ, որ թիմերի մարզիչների համար ֆեդերացիան հաճախակի հանդիպումներ կազմակերպեր, ինչը հնարավորություն կտար մեզ քննարկելու ցավոտ հարցերը, ընդհանուր լուծումներ գտնելու: Կրկին վերընտրված ֆեդերացիայի նախագահին էլ բեղմնավոր աշխատանք եմ մաղթում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4