ԱՆԿԱՐԱ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության անցկացրած գործողության ընթացքում Թուրքիայում հանցավոր լայն ցանց է հայտնաբերվել, որն զբաղվում էր «կենդանի ապրանքի» առեւտրով: Հետախուզական միջոցառումների շնորհիվ Մուղլա, Բոդրում, Անկարա, Տրապիզոն եւ Թուրքիայի այլ քաղաքներում կալանվել են հանցավոր խմբերի անդամներ, որոնք զբաղվում էին Ուկրաինայից, Ռուսաստանից եւ այլ երկրներից տեղական շուկա երիտասարդ աղջիկների մատակարարմամբ:
Նրանց երկիր էին բերում խաբեության ճանապարհովՙ որպես բուժքույրեր ու դայակներ աշխատանքի տեղավորելու պատրվակով, բայց այնուհետեւ ստիպում էին զբաղվել պոռնկությամբ: Ներկայումս հայտնաբերվել ու երկրից վտարվել է 24 կին: Հետաքննության ընթացքում ձերբակալվել է ցանցի ղեկավարըՙ ադրբեջանուհի, մասնագիտությամբ բժշկուհի ոմն Ա.Դ.Ա-ն: Առավել մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում: