«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2006-12-14 | #240, 2006-12-15 | #241, 2006-12-16


«FORBES»-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԳՈՐԾԻՔ

Շնորհակալություն, որ կարդում եք «FORBES»-Հայաստան». օգտագործեք «FORBES»-ըՙ որպես ինտելեկտուալ գործիք: Սա հայաստանյան լրատվական դաշտում երեկ նորամուտը շնորհանդեսով նշանավորած «FORBES» ամսագրի գովազդ-կարգախոսն է: Գլխավոր խմբագիր Պետրոս Ղազարյանի փաստմամբ արդեն կա համապատասխան արձագանք հայաստանյան իրականությունում. «Դեռ չհրապարակվածՙ արդեն հղումներ են արվում ամսագրին: Այն անկախ ֆինանսավորմամբ է հիմնադրվել եւ գործելու է նույն կարգով, համագործակցում է ռուսաստանյան «FORBES» ամսագրի հետ: Որոշ մոտեցումներ մեր երկրում գործուն կդարձնենք տեղայնացնելու հաշվին»:

«FORBES»-ի հայկական տարբերակի նոյեմբերյան առաջնեկը համանման է հանրահայտ քաղաքական-տնտեսական ամսագրինՙ ոլորտների առումով, գունեղ ու որակյալՙ հրատարակության տեսանկյունից: Տպագրվում է «Տիգրան Մեծ» տպագրատանը, արժե 960 դրամ: Դատելով շքեղ շնորհանդեսի բազմամարդ ներկայանալիությունիցՙ կարելի է ասելՙ ամսագիրն ունի բազում բարեկամներ, առնվազն հետաքրքրվածներ իր մուտքով:

Նոր ժամանակներ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը «FORBES»-ի մուտքը Հայաստան ճիշտ ու պահանջված է համարում. «Հակակրիմինալին հետաքրքրող նյութ արդեն կա ամսագրումՙ հայաստանցի 10 հարուստների ցուցակը»: Հայաստանյան «FORBES»-ն էլ հետ չի մնացել ամսագրի որդեգրած սկզբունքից ու մեր երկրի տասը հարուստներին ներկայացրել է հաջորդականությամբ, սակայն տվյալներ չի հաղորդում հարստության ծավալների մասին: Ցուցակը գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը:

«Դրական եմ գտնում ցանկացած նոր լրատվամիջոցի մուտքը, իսկ հաջողվածությունը կփնտրեմ օբյեկտիվության չափում», ամսագրի մասին այսպես արտահայտվեց անվտանգության գծով ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Օբյեկտիվություն բնականաբար առկա է, չափը սակայն դեռեւս պարզման կարիք ունի:

«Յուրաքանչյուր երկրում Էլիտայի ձեւավորումը բարդ գործընթաց է եւ «FORBES»-ը դրսում դեր ունեցել է այդ առումով, ու եթե հաջողի հայաստանյան ծրագիրը, ուրեմն կմիանա այդ ընթացքին, չհաջողելու դեպքում էլ պատկերը պարզ կլինի», այսպիսի կարծիք հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ի դեպ, հայաստանցի 10 հարուստների ցուցակից զատ «FORBES»-ը հրապարակել է նաեւ քաղաքական դաշտում հեռանկար չունեցող գործիչների ցուցակ, որը գլխավորում է Ստեփան Դեմիրճյանը:

Ամեն դեպքում բարի երթի մաղթանքները շատ էին: Ցանկալի է, որ ողջ աշխարհում «FORBES»-ի 5 միլիոն ընթերցողներին հայաստանաբնակ հասարակության միանալու հնարավորությունը երկարատեւ ու արդարացված լինի:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4