Քաղաքակիրթ հասարակության կերտման ճանապարհին
Արդեն չորրորդ անգամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ն անցկացրեց «Արեւածաղիկ» մրցույթը, որի նպատակն է տեղական ԶԼՄ-ներով վեր հանել ֆիզիկական եւ մտավոր կարիքներ ունեցող մարդկանց խնդիրները: Արդեն ավանդական դարձող այս մրցույթին այս տարի մասնակցել են 26 լրագրողներ 19 տեղական ԶԼՄ-ներից: Նրանք ներկայացրել են 23 տպագիր, 12 հեռուստատեսային եւ 3 ռադիո նյութեր, ուր յուրաքանչյուրը յուրովի լուսաբանել է հաշմանդամությունը Հայաստանում` այն հաղթահարելու եւ ողբերգության չվերածելու իրական օրինակներով: «Այս մրցույթներն օգնում են ինչպես հաշմանդամ մարդկանց խնդիրների բարձրաձայնմանը, այնպես էլ խնդիրներ ունեցող մարդկանց եւ երեխաների հասարակությանը ինտեգրվելու ճանապարհին», ասաց Զարուհին, որ «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիրն է: Նա տեղեկացրեց, որ մրցույթի գլխավոր մրցանակը այդպես էլ չի հանձնվել` համապատասխան ընդգրկունության եւ խորության նյութ չնկատելու պատճառով: Իսկ մնացած մրցանակային տեղերը մասնագիտական ժյուրին տեղաբաշխել է հետեւյալ կերպ.
Հեռուստատեսություն` 1-ին մրցանակ` Գոհար Մանուկյան («Հ1»), 2-րդ մրցանակ` Քրիստինե Կրասլյան («Հ2»), 3-րդ մրցանակ` Նելլի Դանիելյան («Երկիր մեդիա»): Ռադիոթղթակցություններից ժյուրիի հավանությանն էր արժանացել Հասմիկ Սմբատյանի հաղորդումը («Ազատություն» ռ/կ) , իսկ մամուլում լավագույնն է համարվել Մարիաննա Գրիգորյանի («Արմենիանաու» ինտերնետային պարբերական) հոդվածը: Երկրորդ մրցանակին են արժանացել Գայանե Սարգսյանի («Վանաձորյան խճանկարներ» շաբաթաթերթ) եւ երրորդին` Սուսաննա Մարգարյանի («Ազգ» օրաթերթ) հոդվածները: Խրախուսական մրցանակի է արժանացել Անահիտ Ծատուրյանը բրալյան համակարգով լույսընծայվող շաբաթաթերթում հրապարակած հոդվածի եւ հատուկ մրցանակի` Արզուման Հարությունյանը («Արտ-սայթ» ստուդիա) ուշագրավ տեսահոլովակների հեղինակման համար: