Ընդհանուր ժողովում ոչ մի թեկնածու չկորցրեց իր տեղը
Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում երեկ հաստատվեցին նախորդ օրն ընտրված բոլոր 36 թեկնածուները: Անկանխատեսելի ոչինչ տեղի չունեցավ, ոչ մի թեկնածու իր տեղը չկորցրեց, ժողովից հետո ակադեմիայի նախագահի հրավիրած երեկվա ասուլիսում ոչ մի դժգոհություն ու բողոք չհնչեց: Այս ամենն արդեն իսկ բավականին պերճախոս է եւ ինքնին փաստում է, որ ամեն ինչ հաշվեկշռված ու մտածված էր մաթեմատիկական ճշգրտությամբ: Ռադիկ Մարտիրոսյանն ու ակադեմիայի բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարներն անընդհատ շեշտում էին թեկնածուների գիտական վաստակը միջազգային չափանիշներով գնահատելը: Ակադեմիայի նախագահը նույնիսկ հիշեց մեր թերթի վերջին հրապարակումներից մեկը, որտեղ խոսվել էր «գավառական չափանիշներով դոկտորներ ու ակադեմիկոսներ դառնալու մասին»: Նկատելի էր, որ նա բավականին խոցվել էր «Գիտության զարգացմանն աջակցող հիմնադրամի» նախագահ Հարություն Կարապետյանի խոսքիցՙ «Չափանիշները, որոնցով մենք առաջնորդվել ենք, համընդհանուր են, ոչ թե գավառական, ինչպես վերջերս կարդացի «Ազգ» թերթի հարցազրույցներից մեկում: Շատ կներեք, գիտության մեջ գավառական չափանիշներ գոյություն չունեն, կան միջազգային գիտական չափանիշներ, որոնցով որոշվում է տվյալ գիտնականի գիտական արդյունքը», ասաց Ռ. Մարտիրոսյանը: Նրա նշած գլխավոր չափանիշներից մեկը արտասահմանյան որեւէ պարբերականում հրապարակված լինելն էր: Երկրորդ չափանիշըՙ գիտական կադրերՙ գիտությունների թեկնածուներ, դոկտորներ պատրաստելը, երրորդըՙ գիտակազմակերպչական գործունեությունըՙ առնվազն լաբորատորիայի վարիչ, ինստիտուտի փոխտնօրեն, պրոռեկտոր կամ ռեկտոր լինելը: Վերջին տարիներին ավելացել է եւս մեկ չափանիշՙ չափազանց կարեւոր է, թե տվյալ գիտնականը միջազգային ինչ դրամաշնորհների է արժանացել, որովհետեւ հայտնի բան էՙ դրամաշնորհները հենց այնպես չեն տալիս: Վերջին չափանիշն ավելի վառ դարձնելու համար պրն Մարտիրոսյանն ասաց, ակադեմիկոս Շուքուրյանը ստացել է 600 հազար դոլար դրամաշնորհ, մեկ ուրիշըՙ մոտ 1 մլն դոլար: «Ահա սրանք են չափանիշները, եւ գավառական չափանիշների մասին պետք է մոռանալ», իր խոսքն ամփոփելով ասաց նա:
Կարելի է, իհարկե, մոռանալ, սակայն մի քիչ դժվար է այն պարագայում, երբ հայագիտության գծովՙ այն էլ գրականագիտություն, լեզվաբանություն եւ էլի մի քանի մասնագիտությունների թղթակից անդամներ են ընտրվում գործունեության լայն ասպարեզ եւ ազդեցության հզոր լծակ ունեցողները: Այս ամենի խորքում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների նախընտրական արշավին նախապատրաստվելու լույսն է երեւում, որը չի նկատի միայն տկար տեսողություն ունեցողը:
«Հստակ կարող եմ ասել, որ գիտությունների ազգային ակադեմիան խորհրդարանական ընտրությունների ժամանակ նախընտրական շտաբ չի լինելու: Երբ նախագահական ընտրությունները մոտենան, այն ժամանակ էլ հայտարարություն կանենք դրա մասին: Եթե մոռացել եք, համալսարանը մի քանի տարի շտաբի չի վերածվել, նույնիսկ թեկնածուների հետ հանդիպումներ տեղի չեն ունեցել, որովհետեւ այդ կառույցները չպետք է քաղաքականացվեն: Ես ձեզ հավատացնում եմ, որ թղթակից անդամների ընտրություններում քաղաքական ոչ մի միտում չեմ տեսել եւ ոչ մի կուսակցության հետ նույնիսկ ակնարկ չենք ունեցել: Ընտրված թեկնածուների մեջ քչերն են կուսակցական», հավատացնում էր Ռադիկ Մարտիրոսյանը:
Որ կրթության ոլորտը պիտի դուրս լինի քաղաքական խաղերից, էլ չենք խոսում հայագիտության գլխավոր մասնագիտությունների մասին, կասկածից վեր է: Բայց իրականությունը, ցավոք սրտի, հակառակն է ապացուցում: Ու հետո զարմացած հայացքով իրար ենք նայում, թե այս ինչպե՞ս եղավ, ինչո՞ւ կրթության ու գիտության վարկն այսպես ընկավ, երբ դրա պատասխանն ունենք մեր մտքում պահած:
Ի վերջո ինչո՞ւ են ընտրվում թղթակից անդամներ: «Որեւէ թղթին կցվելու համար», նախորդ օրը կատակեց գիտնականներից մեկը: Կատակ է ու ինչպես ամեն մի կատակ, իր մեջ ունի ճշմարտության հատիկ: Խորհրդային տարիներին այդ կոչումը ստացել են այն գիտնականները, որոնք իրենց զեկուցումները պիտի անպայման փոստով ուղարկեին քննարկման: Հումանիտար բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը հիշեց, որ տարիներ առաջ, երբ թղթակից անդամների ինստիտուտը վերացվեց, դոկտորները միանգամից դարձան ակադեմիկոսներ:
Ու քանի որ թղթակից անդամ նշանակում է գիտական ուսումնասիրություններ կատարող ու կազմակերպող, կարելի է ասել, որ այդ ակադեմիկոսները մնացին անկատար ու անկազմակերպ: Եվս մեկ ճշգրտում. որպեսզի թղթակից անդամը դառնա իսկական, նա պետք է երկար տարիներ ներդրում կատարի գիտության մեջՙ մեզանում այնքան բաղձալի ակադեմիկոսի կոչումն ստանալու համար:
Այս ամենի մեջ թերեւս հուսադրող է այն, որ մեր գիտական աշխարհում հայտնի շատ անուններ պարզապես հրաժարվել են այս ընտրություններում իրենց թեկնածությունը դնելուց: Ինֆորմատիկա մասնագիտությունից թղթակից անդամ չունենալն ավելի քան խոսուն է:
«Ազգ »