Ըստ ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի` երկրի նախագահի անցած ուրբաթ երեք լրատվամիջոցի տված հարցազրույցում որեւէ նոր բան չի հնչել, այլ միայն հավաստում, թե ամեն ինչ արվելու է իշխանությունը պահելու համար: Պատասխանելով նախագահի ասածին, թեՙ «անբարոյական է իշխանության գալու համար Ղարաբաղի խնդիրը շահարկել», Հ. Հովհաննիսյանն էլ իր կողմից հակադարձեց, թե Ղարաբաղի խնդիրը ոչ մեկի սեփականությունը չէ, այլ բոլորինը, ով 88 թվականից մեծ գին է տվել ղարաբաղի անկախության համար եւ իրավունք ունեն Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում տեր լինել, այնպես որ` շահարկել չէ, բայց հարցը չքննարկել չի կարելի:
Ըստ նրա` իշխանությունը պայքարում է ինքն իր մեջ, նաեւ ընդդիմության դեմ. «Մեր իդեաներին իշխանությունը պատասխանում է խեղաթյուրումներով, բամբասանքներով, չեն գալիս քաղաքական երկխոսության եւ գործընթացները տանում են տղայական մակարդակով»: Այդպես հասարակությունը վերջնականապես կդեգրադացվի, կվերածվի ամորֆ եւ տխուր զանգվածի` անընդունակ որեւէ որոշում կայացնելու: Չնայած այս ասվածին` Հ. Հովհաննիսյանը հակասում է իրեն եւ չի բացառում հեղափոխական գործընթացները, եթե 2007-ի խորհրդարանական ընտրությունները կրկին կեղծվեն:
Ժամանակից շուտ սկսված ընտրարշավի պատճառով լրատվական դաշտը սեփականել են մի քանիսը եւ իրենց փիար ակցիան ծավալել, որը հաճախ ակամա հակաքարոզչություն է դառնում, ասում է ազատական Հ. Հովհաննիսյանը:
Անդրադարձ անելով Երեւանում իրականացվող մեծ ծավալներով շինարարությանը` ՀԱԱԿ առաջնորդը դրա 90 տոկոսն անվանեց ռուսական կրիմինալի հարյուր միլիոնավոր դոլարների լվացում, ինչի պատճառով դոլարն արժեզրկվել է, ներկրողները գերշահույթներ են ստանում, հետո էլ իրենց թաղերում բարեգործություն անում, մեկի ատամը քաշում, մեկին բուժման տանում եւ ձայներ շահում: Արդյունքում` խորհրդարանն այն լավ տղերքի հավաքածուն է, որոնք ցուցադրում են թանկարժեք կոստյումներն ու լռում:
Այս բոլորն ասել է երեկ Հ. Հովհաննիսյանը, «Փաստարկ» ակումբում:
Մ. Խ.