Դեկտեմբերի 14-ին Ֆրանսիայի մշակույթի եւ հաղորդակցության նախարար Ռենո Դոնեդիո դը Վաբրը (Renaud Donnedieu de Vabres) եւ Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը Փարիզի Կոնսիերժերիի սրահում բացեցին «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցահանդեսը, որը տեւելու է դեկտեմբերի 15-ից մինչեւ հաջորդ տարվա մարտի 18-ը:
Ֆրանսիայի մշակույթի նախարարը բացման խոսքում, բարձր գնահատելով ցուցահանդեսի նշանակությունը, այն համարեց Ֆրանսիայում Հայաստանի տարվա առանցքային միջոցառումներից մեկը, որը լավագույն պատկերացում է տալիս Հայաստանի հարուստ պատմության եւ քաղաքակրթության մասին:
Դեսպան Է. Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի մայրաքաղաքների այդ բազմությունն արտացոլում է հայ ժողովրդի փոթորկոտ եւ հարուստ պատմությունը, ժողովուրդ, որ դարերի ընթացքում պահպանել է իր մշակութային եզակի ժառանգությունը որպես ժամանակի կողմից թելադրված միակ ուղենիշ:
Փարիզի Կոնսիերժերիի մոտ 1200քմ սրահում ցուցադրված են պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքների վերաբերյալ (Վանից Արտաշատ, Տիգրանակերտից Դվին, Վաղարշապատից Անի, Սիսից մինչեւ Երեւան) տեղեկություններ, հին եւ ժամանակակից լուսանկարներ, Երեւանի պատմության թանգարանի հավաքածուներից զարդարվեստի իրեր, ազգային տարազներ, ասեղնագործության նմուշներ, հին գորգեր, խաչքարեր:
Կոնսիերժերին գտնվում է Փարիզի պատմական կենտրոնում, Սիտեի վրա: Անտիկ շրջանում այն եղել է հռոմեական կառավարիչների նստավայր, 12-13-դ դարերում վերակառուցվել եւ դարձել է թագավորական պալատ: Այսօր այն դրված է Ֆրանսիայի Ազգային հուշարձանների կենտրոնի տրամադրության տակ, բաց է հանրության համար, ուր տարեկան հաճախում են մոտ 300 հազար այցելու:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Ֆրանսիայի մշակույթի եւ արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայի Ազգային հուշարձանների կենտրոնի, Փարիզի Կոնսիերժերիի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության եւ Հայաստանի պատմության թանգարանի համատեղ ջանքերով: Ցուցահանդեսի հեղինակներն են ճարտարապետ Նարեկ Սարգսյանը եւ Հայաստանի ԳԱԱ արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի վարիչ Մուրադ Հասրաթյանը: