«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2006-12-15 | #241, 2006-12-16 | #242, 2006-12-19


ԹԱՏԵՐԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ

Աննախընթաց հաջողությամբ է պսակվել Հայ դրամատիկական արվեստի միության (ՀԴԱՄ) եւ Ֆաունթին թատրոնի հովանավորությամբ Լոս Անջելեսում նոյեմբերի 13-15-ը «Ֆաունթին» թատրոնի դահլիճում անցկացված թատերական ընթերցումների եռօրյան, տեղեկացնում է այդ առթիվ ստացված հաղորդագրությունը: Ընթերցումներին, որոնց նպատակն է խրախուսել նորահայտ թատերագիրներին, ներկա են եղել ինչպես հայեր, այնպես էլ օտարներ:

Առաջին օրը ներկայացվել է բոստոնաբնակ դրամատուրգ Բիանկա Պահատուրյանի «Հասմիկի բույրը» պիեսը, որը «Քաղաքացի Քեյնի» տիպի առեղծվածային պատմություն է մի երիտասարդ լրագրողի մասին, որը մտադրվել է բացահայտել ճշմարտությունը Ամերիկայում մեծ հարստության տիրացած հայ գաղթականի մասին: Դերերում հանդես են եկել Կարեն Կոնդազյանը, Մագդա Հարութը, Բաք Գարթալյանը, Սոնա Թաթոյանը, Դեյվիդ Հեդիսոնը եւ ուրիշներ: Պիեսը բեմադրել է Մայքլ Արաբյանը:

Երկրորդ օրը հանդիսատեսի դատին է հանձնվել սանդիեգոցի դրամատուրգ Լիզա Քիրազյանի «Բլեքսթոունի ամառային դասընթացները» պիեսըՙ քաղաքացիական իրավունքներ աֆրո-ամերիկացի ծեր ակտիվիստի եւ երիտասարդ, անգրագետ իտալացի տնային տնտեսուհու անհավանական բարեկամության մասին: Գլխավոր դերում հանդես է եկել Այոնս Մորիսը: Բեմադրել է Բեն Բրեդլին:

Երրորդՙ եզրափակիչ պիեսը եղել է «Հրոմե» գրված լոսանջելեսցի Քրիստին Լազարյանի կողմից: Հումորով հագեցած դրամատիկական այս երկը ժամանակակից հարաբերություններիՙ սիրո, հավատարմության, խաբեության եւ կեղծիքի բացահայտման մասին է: Դերասաններից հանդես են եկել Մայքլ Գյուրջյանը (Էմմիի մրցանակակիր), Անահիտ Շահրիկը, Ռիչարդ Հորվիդը, Սալլի Սաֆիոտին, Կարեն Կոնդազյանը եւ Անդրեա Աճեմյանը: Բեմադրիչը Մարտին Բեդոյանն է եղել:

Ավելացնենք, որ ՀԴԱՄ-ն ընդամենը մեկուկես տարի առաջ է կազմավորվել Քեմբրիջում (Մասաչուսեթս) եւ արդեն իսկ դարձել է արվեստի ամենաարդյունավետ կառույցներից մեկը: Օտարներին անգլերենով ներկայացնելով հայ գրողների կամ հայերի մասին ստեղծագործություններ, ՀԴԱՄ-ի անդամները նպաստում են, որ առավել լսելի դառնա հայերի ձայնը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4