«Ազգ»-ի դեկտեմբերի 14-ի (239-րդ) համարի ինտերնետային էջում սխալ է տեղի ունեցել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը։ Ճիշտ տարբերակը կարող եք կարդալ «Ազգ»-ի այս համարում։
Հարցազրույց քաղաքագետ, Արեւմտյան համալսարանի պրոֆեսոր Ֆիքրեթ Սադիխովի հետ
- Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կարելի է գնահատել հայ եւ ադրբեջանական հասարակությունների ժողովրդավարացման գործընթացի ներկա փուլը, որքանո՞վ են գիտակցում այդ գործընթացների կարեւորությունը Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները, հայ եւ ադրբեջանական հասարակությունները:
- Չեմ կարող խոսել հայկական կողմի անունից, բայց Ադրբեջանում հասարակության ժողովրդավարացման գործընթացը տեղի է ունենում մեր կամքից անկախ: Չէ՞ որ, դառնալով այնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպությունների անդամ, ինչպիսիք են ԵԱՀԿ եւ Եվրոխորհուրդը, Ադրբեջանը ստանձնել է մի շարք պարտավորություններ: Այդ պարտավորությունների համաձայն էլ մեր երկրում տեղի են ունենում ընտրական գործընթացները, իրավական համակարգի բարեփոխումը, գործում են տարաբնույթ կուսակցություններ, իսկ ԶԼՄ-ներն ազատ են գրաքննությունից: Սրանից ելնելովՙ կարելի է ասել, որ ադրբեջանական հասարակության ժողովրդավարացումը ընթացքի մեջ է, իսկ իշխանությունը գիտակցում է դրա կարեւորությունը: Այո, չի բացառվում, որ կատարված քայլերը ոմանց կարող են թվալ անբավարար: Բայց միաժամանակ կան մարդիկ, որոնք համարում են, որ այդ գործընթացները տեղի են ունենում արագացված տեմպերով: Ամեն դեպքում, իմ կարծիքով, ճշմարտությունն այն է, որ ժողովրդավարացումն Ադրբեջանում ընթացքի մեջ է, եւ դա ամենակարեւորն է:
- Որո՞նք են Ադրբեջանում ժողովրդավարացման գործընթացների արգելակման գլխավոր պատճառները: Դրանցից որո՞նք են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, դրանց շարքում ի՞նչ տեղ է գրավում ղարաբաղյան հակամարտության ներկա ստատուս քվոն:
- Ես չեմ տեսնում ադրբեջանական հասարակության ժողովրդավարացումն արգելակող բացահայտ ներքին քաղաքական պատճառներ: Թեեւ, անկասկած, կան այդ գործընթացի վրա ազդող գործոններ: Առաջին հերթին պետք է հիշատակել Ադրբեջանի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ առկա երկարատեւ հակադրությունը: Ընդդիմադիր ճամբարում կատարվող գործընթացները աչքի չեն ընկնում թարմությամբ: Ընդդիմությունը ձգտում է բոլոր հնարավոր միջոցներով վարկաբեկել իշխանությանը: Բնականաբար, ադրբեջանական իշխանությունը քննադատաբար է վերաբերվում հասարակության ժողովրդավարացման գործընթացների մասին նմանատիպ բացասական արտահայտություններին: Իհարկե, սխալ կլիներ ասել, թե հասարակության ժողովրդավարացման առումով մեր երկրում ամեն բան իդեալական է: Եվ այստեղ գլխավոր խնդիրն իշխանության եւ ընդդիմության շփման կետերի բացակայությունն է: Պետք է հաշվի առնել եւ այն, որ նրանց փոխհարաբերությունների վրա ազդում է նաեւ արտաքին գործոնը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա այն, որ դա կարգավորված չէ եւ լուծման տանող իրական քայլերը բացակայում են, հանգեցնում է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության շարքերում, ինչպես նաեւ ողջ հասարակության մեջ տիրող նյարդայնության: Ադրբեջանցիները երբեք չեն հաշտվի հայկական ագրեսիայի սարսափելի արդյունքների, մեր հայրենիքի մի մասի բռնազավթման եւ գրավյալ տարածքներում կատարված էթնիկական մաքրագործումների հետ: Եվ Ի. Ալիեւի հայտարարությունները գրավյալ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու թույլատրելիության մասինՙ երկրի ղեկավարի բառերն են, որոնք արձագանք են գտնում մեր քաղաքացիների սրտերում: Անթույլատրելի է 21-րդ դարում պետության սահմանները փոխել բռնի ռազմական ճանապարհով:
ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) գործունեությունն արդեն իրեն սպառել էՙ հանգեցնելով անվստահության համանախագահների նկատմամբ: Նրանք ամեն անգամ հայտարարում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտության մասին եւ առաջնորդվում են զիջումների գաղափարախոսությամբ, ընդ որումՙ զիջումներ պետք է անի Ադրբեջանը: Սա մեզ հուշում է, որ, ամենայն հավանականությամբ, այս կազմակերպության անդամների մոտ չկա իրադրության պատշաճ ըմբռնողություն, քանի որ բռնազավթված են ոչ թե հայկական տարածքները, այլ ադրբեջանական հողերը:
- Ադրբեջանի իշխանություններն օգտագործո՞ւմ են ղարաբաղյան հակամարտությունը ժողովրդավարական ազատությունների ճնշումն արդարացնելու համար, եւ դա հասարակությունն ըմբռնո՞ւմ է:
- Ժողովրդավարական ազատությունները ճնշելու համար հազիվ թե պետք լինի օգտագործել առկա տարածքային հակամարտությունը: Ինձ թվում է, որ հենց ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման հարցում է, որ հաճախ կարելի է նկատել Ադրբեջանի իշխանությունների եւ ընդդիմության տեսակետների միասնությունը: Երկու կողմերն էլ վճռականորեն են տրամադրված գրավյալ տարածքները վերադարձնելու հարցում, երկու կողմերն էլ խոսում են հակամարտության խաղաղ կարգավորման մասին: Վերջապես, երկու կողմերն էլ համաձայն են, որ զանազան միջազգային կազմակերպությունների գործունեությունն այս հարցում կրում է հռետորական բնույթ:
Ընդհանուր առմամբ խնդրի չլուծվածությունը հասարակության մեջ բարկություն եւ տարակուսանք է առաջացնում, որն էլ, իր հերթին, վերածվում է ռազմաշունչ հռետորության եւ իշխանությունների հասցեին մշտապես հնչող կշտամբանքների: Բայց, կրկնում եմ, սա ոչ մի կապ չունի ադրբեջանական հասարակության ժողովրդավարացման գործընթացի հետ:
- Կարո՞ղ է Հայաստանում եւ Ադրբեջանում ժողովրդավարացման գործընթացը հակամարտության երկարաժամկետ կարգավորման հիմք դառնալ:
- Այս հարցը հաճախ առաջ են քաշում մեր վերլուծաբանները, որոնք հայտարարում են, թե ադրբեջանական հասարակության ժողովրդավարացումը պետք է նախորդի ղարաբաղյան հակամարտության լուծմանը: Իմ կարծիքով, այդ տեսակետը բավարար չափով հիմնավորված չէ: Մեր հողերը բռնազավթվեցին ոչ այն պատճառով, որ Ադրբեջանում հասարակության ժողովրդավարացման հետ կապված խնդիրներ կային: Այստեղ խոսքը մեր երկրի տարածքների մի մասը յուրացնելուՙ հայերի դարավոր ձգտումների իրականացման մասին է: Օրինակՙ ես համոզված եմ, որ հայերը չեն հրաժարվի այսպես կոչված 1915 թ. Եղեռնի ճանաչման գաղափարից, եթե նույնիսկ ողջ աշխարհը ճանաչի Թուրքիան որպես ամենաժողովրդավարական երկիր, եթե նրան ընդունեն Եվրոմիություն: Այնպես որ չարժե տարածքային հակամարտության լուծումը կախման մեջ դնել երկրում կատարվող ժողովրդավարացման գործընթացներից: Դրա հետ միասին, ես կարծում եմ, որ անկախ նրանից, ղարաբաղյան հակամարտությունը կա, թե չկա, հասարակության մեջ պետք է լինեն ժողովրդավարացման գործընթացներ: Դրանք կան եւ կլինեն: Այստեղ հարցը ժամկետներն են: Բայց ես չեմ կարծում, թե ղարաբաղյան հակամարտության լուծման համար պետք է սպասել, մինչեւ Ադրբեջանը կդառնա նույնքան ժողովրդավարական երկիր, որքան Նորվեգիան եւ Դանիան են:
- Հակամարտության, պայքարի շարունակման, խնդրի լուծման համար ուժի կիրառման պայմաններում հնարավո՞ր է ստեղծել հանդուրժողականություն, հարգանք հումանիտար արժեքների եւ մարդկային կյանքի նկատմամբ:
- Դուք շոշափեցիք մեզ համար ամենացավոտ հարցերից մեկը: Ադրբեջանցիներն իրենց բնույթով հանդուրժող եւ համբերատար են: Մեր երկրում հազարամյակներ շարունակ հաշտ ու խաղաղ ապրել եւ այսօր էլ ապրում են հարյուրից ավելի ազգություններ: Միշտ եղել է եւ կա հարգանք ուրիշ ժողովուրդների կրոնական զգացմունքների նկատմամբ:
Չնայած ադրբեջանցիների ջարդին, որ 20-րդ դարի սկզբին իրականացրին դաշնակցականներն ու բոլշեւիկները, մեր երիտասարդության շրջանում չի սերմանվել ատելություն մեր հարեւանների նկատմամբ: Սա այն դեպքում, երբ այսօրվա դրությամբ մոնոէթնիկ Հայաստանում վերջին 100 տարվա ընթացքում երեխաներին դաստիարակել են թուրքերի (որոնց հայերը նույնացնում են ադրբեջանցիների հետ) նկատմամբ ատելության ոգով:
Առաջին համաշխարհային պատերազմիՙ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար սարսափելի իրադարձությունները, որոնք պետք է թողնել պատմաբանների հետազոտությանն ու բանավեճերին, Հայաստանի ղեկավարները մտցնում են այսօրվա քաղաքական կյանք: Երիտասարդ սերնդի աշխարհայացքը, կյանքը եւ ապագան հաշմվում են ի շահ երկրի ղեկավարների ռեւանշիստական քաղաքականության եւ հայ ժողովրդի թշնամական շրջապատի մասին առասպելի: Նախՙ հայերը ստեղծեցին այդ առասպելը, հետոՙ անկեղծորեն հավատացին դրան, իսկ այնուհետեւ սկսեցին պարտադրել այն աշխարհին: Ինձ համար սարսափելի է, որ տարածքների մի մասի բռնազավթման եւ երկրում փախստականների առկայության պայմաններում մեծացող երիտասարդության մոտ ձեւավորվում է թշնամու կերպար: Մենք չենք ցանկանում, որ մեր երիտասարդությունը դաստիարակվի ստորացման եւ ռեւանշիզմի գաղափարներով: Ադրբեջանցիները հպարտ եւ մարդասեր ժողովուրդ են: Անկասկած, Հայաստանի ագրեսիան հարվածում է մեր աշխարհայացքին եւ հումանիտար արժեքներին:
Հարցազրույցըՙ ԱՔՊԵՐ ՀԱՍԱՆՈՎԻ