Հրահրողը իշխանությունն է
Քաղբանտարկյալների պաշտպանության Հակակրիմինալ շարժման կոմիտեն դեռեւս ստեղծման գործընթացում էՙ իրավական կողմն է քննարկվում, քանի որ անելիքըՙ լուրջ, կազմակերպությունը հզոր պետք է լինի: Երեկ տեղի ունեցած հակակրիմինալի հերթական հավաքում տեղեկացրեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նրա հավաստմամբՙ հակակրիմինալը ամեն կերպ արտաքին աշխարհին ներկայացնելու է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, որը պատճառն է ու հիմքը «միայն ուժով կա հային փրկություն» մտքի: Այդ ելքը անգամ ազգային ազատագրական պայքարին մեծապես մասնակից անձանց համար է ընդունելի ու առաջադրելի, ովքեր ձերբակալվում են դեռ բառ չարտաբերած. «Իշխանությունները հաշվի չեն առնում, որ անհնար է քնել-զարթնել ու ազատագրողից վերածվել ահաբեկիչի», փաստեց Կարապետյանը` տվյալ դեպքում նկատի ունենալով Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին: Այնուհետեւ ՆԺ նախագահը հրապարակեց նախորդ հավաքին խոստացված հայտարարությունը. «Հայաստանի դեռեւս գործող իշխանությունների վերջին օրերին իրականացրած ձերբակալությունները կրկին վկայում են ներքաղաքական կյանքում մոտալուտ ֆորսմաժորային իրավիճակը, ինչը պայմանավորված է լինելու հատկապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում ոչ հայանպաստ հանգուցալուծմամբ»: Հակակրիմինալ շարժման 13 կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարությունում արձանագրել են, որ ՀՀ իշխանությունները հանուն վերարտադրման պատրաստ են արկածախնդրության, ընդհուպ աշխարհաքաղաքական տարաբնույթ պատվերների կատարման: Հակակրիմինալը մոտալուտ ու անխուսափելի է գտնում ներքաղաքական արմատական փոփոխությունները, որոնց հանդեպ վախով էլ բացատրում է իշխանությունների ուժային, բիրտ մեթոդներով, բռնություններով առաջնորդվելն ու միջազգային հանրությանը հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին հավատացնելու փորձերը, թե Քոչարյան-Սարգսյան զույգը Ղարաբաղի խնդրի լուծումն անցնցում իրականացնելու միակ զորու ուժն է: Հակակրիմինալը վստահ է հակառակում եւ հայտարարությունը սահմանափակում է հետեւյալ պարբերությամբ. «Ներքաղաքական սրացումների տրամաբանությունն ու բոլոր փաստարկները ցույց են տալիս, որ ՀՀ ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից վարվում է ազգային շահերին ու երկրի համապարփակ անվտանգությանը հակասող քաղաքականություն: Հետեւաբար մենք խստագույնս դատապարտում ենք իշխանությունների արկածախնդիր գործելակերպն ու դրանից բխող սադրիչ գործողությունները»:
Իրողության հաղթահարման վստահություն ունի հակակրիմինալ շարժումը, եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանի համոզմամբ, իշխանությունների ստեղծած նախահեղափոխական մթնոլորտի զարգացման եւ երկրին հարված հասցնելու հեռանկարը կանխելու են արդեն իսկ Արարատի, Արագածոտնի մարզերում, այսօր նաեւ Շիրակի մարզում ստեղծվելիք քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեները, որոնք «Հայրենիք ու պատիվ» կուսակցության եւ «Սպայի պատիվ» հասարակական կազմակերպության ջանքերով շատ կարճ ժամանակում ընդգրկելու են ողջ երկիրն ու գործելու են ատամն ընդ ատաման սկզբունքով: Բանախոսը իշխանություններին ուղղված կոչ էլ հնչեցրեց. «Միք խաղա կրակի հետ»: Իշխանությունների գործելակերպն ու ձերբակալությունների շարքը, հակակրիմինալի գնահատականով, բարոյահոգեբանական մթնոլորտը չեն խաթարելու եւ արցախյան ազատամարտում անկոտրում կամք դրսեւորած Սեֆիլյանի ու Մալխասյանի բացառիկ հայի տեսակը չեն կոտրելու: Իսկ արցախյան ազատամարտում ներդրում ունեցած հրամանատարներին համեմատելն ըստ ճաշակի ոչ միայն անընդունելի է, այլեւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի լեզվամտածողության խնդիր: Սրանում համոզված է Արամ Կարապետյանըՙ նկատի առնելով նախարարի օրերս անցկացրած զուգահեռը Մոնթե Մելքոնյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի միջեւՙ համաձայն ճաշակի:
Հակակրիմինալի առաջիկա ձեռնարկելիքն արդեն հայտնի էՙ ուրբաթ հասարակական լսումներ իրականացնել օրերս հրատարակված «Forbes» հրապարակած հայաստանցի հարուստների 10-յակի միջոցների ձեռք բերման իրականությունն ու ներքաղաքական կյանքի քրեականացման պատճառները: «Forbes»-ի գլխավոր խմբագիր, «Կենտրոն» հեռուստաընկերության ղեկավար Պետրոս Ղազարյանին էլ մրցանակ խոստացվեց Հակակրիմինալ շարժմանը աջակցող լրատվամիջոցի ղեկավար լինելու համար: Անգամ կատակ որակված հարուստների տասնյակի ցուցակի հրապարակումը բավական համարվեց մրցանակի համար:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ