Իսկ Անին դառնում է Անը, որը թուրքերենում հուշ է նշանակում
«Ազգը» նախորդ համարում «Հայկական պատմամշակութային արժեքների յուրացման նոր փորձ Թուրքիայում» վերնագրով հայտնել էր հետեւյալ կարծիքը. «Քանի որ այդ արժեքները գրեթե հիմնովին ոչնչացվել էին հայերի բնաջնջմանը զուգընթաց, ուստի թուրքերը Արեւմտյան Հայաստանում փորձում են տեր կանգնել հայկական հուշարձանների ավերակներին»:
Խոսքը տվյալ դեպքում վերաբերում էր Էրզրումի «Աթաթուրք» համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Թահսին Փարլաքի հայտնագործությանը, թե Արեւելյան Անատոլիայում հայկական կամ վրացական համարվող եկեղեցիներն իրականում ունեն ղփչաղական պատկանելություն:
Ամբիոնի վարիչ Փարլաքի այս հայտնագործությունը դեկտեմբերի 17-ին Պոլսո հայոց պատրիարքարանի բանբեր «Լրաբերում» բուռն հակազդեցությամբ արձագանքել էր Մեսրոպ Բ. Մութաֆյան պատրիարքը: Դեկտեմբերի 18-ին նույն «Լրաբերով» էլ Պոլսո հայոց պատրիարքը Վանա լճի Աղթամար կղզում Սբ. Խաչ եկեղեցու բացումը ապրիլի 24-ին կատարելու, պատմական Հայաստանի մայրաքաղաքներից Անին վերանվանելու միջոցով թուրքացնելու նախաձեռնության համար ստիպված արձագանքել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աթիլլա Քոչին:
Ահա թե ինչ է ասել ամենապատիվ պատրիարքը. «Մամուլից տեղեկացանք, որ մշակույթի եւ զբոսաշրջության մեծարգո նախարար Աթիլլա Քոչը Աղթամարի վերականգնված Սբ. Խաչ եկեղեցու բացումը ապրիլի 24-ին կատարելու պատրաստակամություն է հայտնել: Հուսամ այս տեղեկությունը ճիշտ չի լինի, որովհետեւ նմանօրինակ նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան մի ամբողջ ժողովրդի ողբերգությունը, անկախ դրա բնութագրումից, շահարկման առարկա դարձնող անպատշաճ վերաբերմունքի, ավելին, ծաղրանքի դրսեւորում: Եկեղեցու բացումը նշված օրը կատարելը ի չիք է դարձնելու նրա վերականգնման որոշումից բխող դրական ազդեցությունները: Դրանով հարեւան երկու ժողովուրդների առանց այդ էլ մակերեսային հարաբերությունները ավելի լուրջ հարված են ստանալու, քան ստացել էին Ֆրանսիայի սենատի որոշումից, եւ միջազգային ասպարեզում Թուրքիան մեղադրվելու է ամբարտավանության համար: Նախապես ասեմ, որ Թուրքիայի հայերից ոչ մեկը, այդ թվում նաեւ ես, չենք մասնակցի եկեղեցու բացմանը, եթե դա կատարվի ապրիլի 24-ին: Ինչ խոսք, սիրում ենք մեր երկիրը, սակայն ողբերգության նկատմամբ այս աստիճանի ամբարտավանությունը հոգեպես եւ բարոյապես չենք կարող ընդունել»:
Ինչ վերաբերում է հայոց մայրաքաղաք Անին Անը դարձնելուն, որը թուրքերեն բառ է եւ հուշ է նշանակում, ապա Մութաֆյան պատրիարքն ասել է. «Չեմ հասկանում, թե մեծարգո Քոչը մեկ ակնթարթում Անին ինչպես է Անը դարձնում: Ողջ աշխարհում, այդ թվում նաեւ մեր երկրում պատմական Եփեսոս քաղաքը ինչպես են անվանումՙ Էֆե՞ս (աղավաղված ձեւով), թե՞ Սելջուկ (թուրքական տարբերակն է): Հայերն Անատոլիայի բնիկ ժողովուրդներից են, եւ դա անժխտելի փաստ է: Եթե նույնիսկ օրենքը թույլ տա փոխել պատմական արժեք ներկայացնող քաղաքների, շրջանների հուշարձանների անունները, ինչպես փոխում են գյուղերինը կամ բնակավայրերինը, միեւնույն է դա անարգանք է լինելու աշխարհի պատմական ժառանգության նկատմամբ, վիրավորանք եւ ոտնձգություն: Առանց հաշվի առնելու որեւէ քաղաքի հուշարձանի կամ շրջանի պատմական նշանակությունը, նրանց անունները փոխելու դեպքում, եթե փոփոխությունը հիմնավորենք անգամ այսպես կոչված գիտական տվյալներով, մենք ընդամենը կխաբենք մեզ եւ ծիծաղելի կացության մեջ կդնենք մեր երկիրն ու գիտնականներին: Անիի ավերակները որպես պատմական ժառանգություն հասել են մեզ, ուզում եմ հավատալ, որ Թուրքիան կդրսեւորի պետական հասունություն եւ զերծ կմնա պատմական այդ ժառանգությունն անվանափոխելու մակերեսային մոտեցումներից»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ