«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2006-12-16 | #242, 2006-12-19 | #243, 2006-12-20


ԲԱՑ ՊԱՏՈՒՀԱՆՙ Հ1 ՀԵՌՈՒՍՏԱԿԱՅԱՆԻՆ

Դժվար չէ կռահել, թե որքան է նշանակությունը Հանրային հեռուստակայանի, սփյուռքահայության այն ստվար հատվածի համար, որը հայրենիքի հետ իր ամենօրյա եւ անհրաժեշտություն դարձած հաղորդակցությունն ապահովում է միայն այս ընկերության հաղորդումների միջոցով: Ըստ որում «Հայլուրի» սփյուռքահայ դիտորդի թիվն ավելին է, քան տեղացիներինը, քանի որ վերջիններս ունեն տեղեկատվական հաղորդումներին հետեւելու այլընտրանք: Հ1-ի տնօրենությունը եթե դույզն-ինչ նկատի առներ «Հայլուրի» բազմաքանակ սփյուռքահայ ունկնդրին ու նրա պահանջկոտ ճաշակը, ավելի բծախնդրորեն կհետեւեր «Հայլուրի» հաղորդավարների պահվածքին ու արտաքինին եւ տաղավարի պատշաճ ձեւավորմանը, որի խառնափնթոր վիճակը տգեղության մարմնացում է: Պարզապես զարմանք են հարուցում դիզայների պարզամիտ երեւակայությունն ու ճաշակի խեղճությունը, գեղագիտական տեսիլքի իսպառ բացակայությունը. հետաքրքրական է, թե ինչ է նա ուզում ներկայացնել զետեղված չորս խոշորՙ ոչ ֆունկցիոնալ, ոչ գեղագիտական որեւէ բանի չծառայող հեռատեսիլային պաստառներով, որոնց պատճառով Հայաստանի տեղեկատվական տաղավարը ամենաանճաշակն էՙ մեզ ներկայացված աշխարհի բազմաթիվ կայաններից: Այն պարագայում, երբ «Հայլուրը», ըստ էության, ուշադրության առարկան է այլ երկրների հատուկ ծառայությունների: Եվ լրատվության ձեւի ու բովանդակության կատարելագործման փոխարեն է հասնում է տգիտության եւ անհեթեթության սահմանին:

Ներքին հրճվանք ապրեցի տնօրենության հոգնած հիշողությունը թարմացնելու համար, քանի որ վերջերս նա վերստին հիշեց ծրագրերի առաջադիմության մասին իր տված խոստումը: Սակայն իրականում լուրջ տեղաշարժեր չեն նկատվում:

Տարիներ շարունակ քննադատական գրություններս խթանեցին որոշՙ ավելի երկրորդական նշանակությամբ «Հացի խնդիր», «Օտար խաղեր» հաղորդումների տաղավարների վերաձեւավորմանը, թերեւս հովանավորների փափագն այդ է եղել... Սակայն խոշոր ամոթը մնացել է դեռ: Առանց մեծածախ գումարների, որոշակի գունափոխություններով կարելի է ավելի ակնահաճո դարձնել, ճերմակ փայտով, նորաձեւ դիզայնով սեղան պատրաստելՙ ստեղծելով օդասուն, փայլուն, լուսավոր ստուդիա:

Խորքի պաստառի համար թելադրելի է ճերմակը, որ ներդաշնակի հաղորդավարի զգեստի գույնին. յուրաքանչյուր փոփոխությանը համապատասխանորենՙ կապույտ, վարդագույն, ծիրանագույն եւ այլ նրբերանգներով, զետեղել խոշոր հեռուստացույց:

Գեղեցկությունը պարզության մեջ փնտրելու կարողություն մաղթելով, պիտի շնորհավորեմ Կարենի «իշխանական» ներկայությունը էկրանինՙ խոսքի իր հանդարտ արտաբերման եւ հստակ ձայնի ու բարետես արտաքինի համար: Կխնդրեմ պատասխանատուներինՙ չքաջալերել նրա արագախոսությունը եւ նկարահանումների ընթացքում շրջանցել իր գրասեղանի նոթագրությունները: Դրանք ավելորդ են: Քրիստինեին եւս շնորհավորենք, որ առանց բարդույթների հետեւեց մեր խորհուրդներին, եւ այժմ դեմքի նախկին խիստ արտահայտությունը փոխված է, լուսավոր ու գեղեցիկ է դարձել: Ինքը պետք է գործածի անփայլ, մեղմ գույնի շրթներկ, խոսի դանդաղ, մարմինն ու վիզըՙ շիտակ, դիմագծերի նրբությունը առավել արտահայտիչ դարձնելու համար: «Հայլուրի» աստղ-մեկնաբանի տարիներ շարունակ ականջ սղոցող աքլորականչ ձայնը, բարեբախտաբար, տեղի է տվել: Կարծես թե հետեւանք է իր ֆիզիոլոգիական նոր վիճակի:

Եվ վերջապես Շահանեին կրկին խնդրեմ անձկություն ստեղծող, արական անհանդուրժելի ձայնը մշակել, ինքը պետք է արտահայտվի կարճ նախադասություններով, դրանց մեջ խոր շունչ առնելով: Այլապես թող դիմի ձայնաբույժ մասնագետիՙ կոկորդի խռչափողը բնական տեղը զետեղելու: Նաեւ ուշադրություն դարձնի հոնքերի ավելի խնամքով եւ գեղեցիկ գծագրումին:

Այս նկատառումները եւ հիշյալ թերությունները չէին արձանագրվի, եթե «Հայլուրի» պատասխանատուներն այպանելի աստիճանի անհետեւողական չլինեն. անլուրջ մոտեցման հետեւանք է սա, եւ նմանները պետք չէ տեղ ունենան այստեղ:

Իմ պարբերաբար անդրադարձըՙ Հանրային հեռուստաալիքի հաղորդումների որակին, չի արվում բացասական երանգներ նշմարելու միտումով: Բնավ: Սակայն երբ դրանք այնքան աղաղակող են, չեմ կարող չարձագանքել: Եվ կրկին շեշտեմ, որ սփյուռքահայերի համար հաղորդումներից մի քանիսը, մասնավորապես «Հայլուրը», արժանապատվության խնդրի է վերածվել: Քանի որ սփյուռքահայը իր մշակույթով, ճաշակով ճանաչված ու հարգված հավատարիմ քաղաքացին է իրեն պարտադրաբար որդեգրած հայրենիքին: Մի՛ նսեմացրեք արտերկրի հայության տասնամյակների դժվարությամբ ձեռք բերած արժեքներն ու նվաճումը:

ԼԵՎՈՆ ՄՈՄՋՅԱՆ, Փարիզ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4