ՄՈՍԿՎԱ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեք ոսկե եւ մեկ արծաթե մեդալներով է օրերս Սեուլի (Կորեա) «Հայտնագործությունների միջազգային տոնավաճառից» վերադարձել Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի ղեկավարած «Սոգլասիե» ՓԲԸ-ն: ՓԲԸ-ի այդքան բարձր պարգեւի արժանացած մշակումներից մեկը «Բարձր սեյսմիկ վտանգի կարճաժամկետ կանխատեսման եղանակն» է: Մշակման էությունը երկրաշարժերի կարճաժամկետ (1-2 օր առաջ) կանխատեսման մեթոդիկայի ստեղծումն է: Նյուրնբերգում եւ Բրյուսելում կայացած նախորդ միջազգային ցուցահանդեսներում տվյալ մշակումը նույնպես Ոսկե մեդալներ էր ստացել, որոնցից մեկը` Գերազանցությամբ:
Ինչպես տեղեկացնում են «Սոգլասիե» ՓԲԸ-ից, Սեուլում երկրորդ Ոսկե մեդալը ստացել է ՓԲԸ-ի «Երկչափ կամ եռաչափ օբյեկտի հոլոգրամմայի գրանցման եւ վերականգնման եղանակ» նորամուծությունը: Սա տվյալ մշակման երկրորդ Ոսկե մեդալն է. առաջինը նա ստացել էր անցած ամսին Գերմանիայում` Նյուրնբերգի «Գաղափարներ, հայտնագործություններ եւ նորամուծություններ IENA-2006» ցուցահանդեսում:
«Լավագույն հայտնագործության համար» WIPO (Մտավոր սեփականության պաշտպանության համաշխարհային կազմակերպության) երրորդ ոսկե մեդալին եւ Սեուլի տոնավաճառի արծաթե մեդալին արժանացել է «Հակամանրէաբանական պատրաստուկի ստացման եղանակը», որը վերաբերում է բժշկագիտության ոլորտին: «Սոգլասիե» ընկերության գիտնականների կողմից գտնվել է նանոկառուցվածքային ծածկերի ստացման տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս հակամանրէային եւ բիոֆունկցիոնալ (կենսագործառնական) հատկություններ հաղորդել վիրակապման միջոցների եւ օրթոպեդիայի միջոցների մակերեսին: