Էրտեգյունը գիտակցում էր, որ ճանաչումը Թուրքիայի օգտին է
Դեկտեմբերի 14-ին 83 տարեկանում վախճանվեց «Ատլանտիկ ռեկորդսի» հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Ահմեդ Էրտեգյունը: Նա ամենաճանաչված թուրքն էր Ամերիկայում եւ նրա մահվան մասին հաղորդեցին աշխարհի գրեթե բոլոր թերթերն ու հեռուստակայանները: Նա որդին էր Մեհմեդ Էրտեգյունիՙ Մ. Նահանգներում Թուրքիայի նախկին դեսպանի, որը գլխավոր դերակատարություն է ունեցել 1930-ական թվերին «Մետրո Գոլդուին» կինոստուդիայի վրա ճնշում բանեցնելու գործում, որ վերջինս չնկարահանի Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմը:
Ահմեդ Էրտեգյունը մագնատ էր երաժշտական ասպարեզում եւ օժանդակել է հայտնի երգիչների եւ խմբերի (Ռեյ Չարլզ, Լեդ Զեպլին, Ռոլինգ Սթոունզ) կարիերայի ստեղծմանը:
Մի քանի տարի առաջ, ի զարմանս ինձ, այս ականավոր թուրքը զանգեց ինձ, ասելով, որ ցանկանում էՙ ինձ հետ հանդիպել Լոս Անջելեսում քննարկելու հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: Ասացի, որ սովորաբար հրաժարվում եմ հանդիպել թուրք անհատների հետ մինչեւ նրանք չճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Ասաց, որ ինքը ճանաչում է:
Մի քանի օր անց մենք հանդիպեցինք Բեւերլի Հիլզի «Պենինսոուլս» հյուրանոցում: Երկու ժամից ավելի մենք քննարկեցինք տարբեր հարցեր նշված թեմայի շուրջը: Հետաքրքրական խոսակցություն ծավալվեց: Հաճելի անձնավորություն էր, խոսում էր հմայիչ, ինքնավստահ եւ անկեղծ տոնով: Նա ինձ զարմացրեց ասելով, որ չի կարողանում հասկանալ, թե ինչու թուրք պաշտոնյաները ժխտում էին Հայոց ցեղասպանությունը, որն ամբողջ աշխարհի կողմից ընդունված փաստ էր: Նա հստակորեն հասկացրեց, որ ցեղասպանությունը ճանաչում է ոչ թե հայերին հաճոյանալու համար, այլ որովհետեւ հավատացած է, որ առաջին հերթին դա բխում է Թուրքիայի շահերից: Դրանով կհեշտանար Եվրոմիությանը անդամակցելու Թուրքիայի ցանկության իրականացումը եւ երկիրը մեկընդմիշտ կազատվեր այդ խարանից: Նա ասաց, որ Հայոց ցեղասպանության մասին կարդացել է արեւմուտքում հրապարակված գործերում եւ ժխտողական տրամադրություններով թուրք պաշտոնյաներին որակեց «թուրք ղաֆալի», որը նշանակում է, որ նրանք համառ մտածողություն ունեն:
Ապա քննարկեցինք տարբեր ուղիներ, որոնք կնպաստեին կառավարությանը ընդունելու ցեղասպանությունը: Առաջարկեց, որ միասին Անկարա թռչենք եւ հանդիպենք բարձրաստիճան կառավարական անդամների հետ: Մերժեցի, ասելով, որ Թուրքիան դեռ պատրաստ չէ ճանաչելու ցեղասպանությունը: Փոխարենը առաջարկեցի մի քանի քայլեր, որոնք ճանապարհ կհարթեին հասնելու դրան: Ասացի, որ նրա նման ականավոր թուրքերը, որոնք վայելում են Թուրքիայի բարձր խավերի վստահությունը, կարող էին իրենց ելույթներով նպաստել դրան: Խոստացավ ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հրապարակային հայտարարություն անել:
Մենք բաժանվեցինք շատ սիրալիր կերպով: Իր վատառողջության եւ առաջացած տարիքի պատճառներով դժբախտաբար այլեւս չհանդիպեցինք: Բայց մի քանի անգամ խոսել ենք հեռախոսով:
Ափսոս, որ նրա խոստացած հրապարակային հայտարարությունը տեղի չունեցավ: Նա իրոք շատ ազդեցիկ անձնավորություն էր ինչպես Մ. Նահանգներում, այնպես էլ Թուրքիայում: Եվ վստահ եմ, իրոք հավատացած էր, որ ճանաչումը բխում է Թուրքիայի շահերից, որ դրանով երկիրը կվերականգնի միջազգային հասարակության հարգանքը:
Խուսափում էի այս մասին գրել նրա ողջության օրոք, չցանկանալով, որ նա թուրք ծայրահեղականների սպառնալիքների եւ ատելության թիրախ դառնա: Նրա մահը իրոք մեծ կորուստ է Թուրքիայի համար:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»