«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#242, 2006-12-19 | #243, 2006-12-20 | #244, 2006-12-21


ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԻՄԱ ԷԼ ԱՆՑԵԼ ԵՆ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՀԱՅԵՐԻՆ

«Վերջին ժամանակներս Աբխազիայում ակնհայտորեն առկա է հակահայկական տրամադրություն», ադրբեջանական լրատվամիջոցները հղում կատարելով վրացական լրատվամիջոցներին, նման բովանդակությամբ նյութեր են հրապարակում: Հետաքրքրական է, որ վրացական կոչվող աղբյուրներն ադրբեջանական լրատվամիջոցները ոչ մի տեղ չեն բացահայտում: Ամեն դեպքում, ադրբեջանական քարոզչամեքենան կարծես հետաքրքրության նոր օբյեկտ է գտել ի դեմս Աբխազիայի հայության, փորձելով այժմ հակասություններ գտնել աբխազահայերի եւ Աբխազիայի մյուս ժողովուրդների միջեւ:

Չմանրամասնելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած անհեթեթությունները, նշենք միայն, թե, ըստ «Ազերի.պրես» գործակալության, Աբխազիայի հայերին իբր պատերազմ է հայտարարել Աբխազիայի երկրորդ դեմք, փոխնախագահ Ռաուլ Խաջիմբան: Իբր նման հայտարարության հիմք են ծառայել հայերի քիչ թե շատ բարգավաճ վիճակը, աբխազական իշխանական օղակներում ներկայացվածության զգալի մակարդակը:

«Ազգի» հետ հեռախոսազրույցում Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանը նշեց, որ Խաջիմբայի նմանօրինակ հայտարարության մասին անտեղյակ է: Տրապիզոնյանը, ինչպես մի քանի օր առաջ Հայաստանում ասուլիսում էր հայտարարել, ընդգծեց, որ հայերի հետ Աբխազիայում հայերի հետ ներկայում ոչ մի խնդիր չկա: Ինչ վերաբերում է Ռաուլ Խաջիմբային, ապա վերջինս հայերի հետ ունի շատ նորմալ հարաբերություններ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4