«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#242, 2006-12-19 | #243, 2006-12-20 | #244, 2006-12-21


ԱՐՏԱՀԵՐԹԻՑ ԴՈՒՐՍ ԿԳԱՆՔ ՕՐՀՆԵՐԳԻ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԱԾ

Ազգային ժողովի արտահերթ նիստը երեկ առաջինը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Օրհներգի մասին» օրենքի նախագիծը, որ լրամշակելուց, 35 առաջարկից 29 ներառելուց հետո, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կրկին ներկայացրեց պատգամավորներին: Քննարկումն անցավ նույն սցենարով, ինչ առաջին ընթերցումը, միայն առավել սակավ մի քանի ընդդիմախոսների ելույթներով: «Կառավարության անփույթ եւ դանդաղաշարժ աշխատանքի արդյունքում այս տարի Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում չի հնչի «Մեր հայրենիքը»... մինչեւ օրենքն ընդունվի, ուղարկվի հաստատման եւ մտնի ուժի մեջ, Նոր տարին լիարժեք իր իրավունքների մեջ կլինի», նկատեց նա (քանի որ օրինագծի ընդունումից հետո եւս ժամանակ է պետք մինչեւ նախագահը հաստատի), ավելացնելով, թե ինչ-որ մեկը պետք է բարոյական պատասխանատվություն կրի այդ ամենի համար: Ըստ նրա` երկրորդ ընթերցման բերված օրինագծից չի հանվել անցումային դրույթը, որով նշվում է «Մեր հայրենիքի» ժամանակավորությունը` մինչեւ նոր օրհներգի ընդունումը, ինչն անհարգալից վերաբերմունք է պետության խորհրդանիշի հանդեպ: Նա, ինչպես եւ առաջ, կոչ էր անում պատգամավորներին չմասնակցել այս օրինագծի քվեարկությանը, որն, ի դեպ կայանալու է այսօր: «Անցումային կառավարության անցումային օրհներգ», այսպես անվանեց Վիկտոր Դալլաքյանն օրինագծով ժամանակավոր ամրագրվածը: Նա հիշեցրեց, որ երկիրը դեկտեմբերի 6-ից մնացել է առանց օրհներգի:

Հմայակ Հովհաննիսյանն էլ կողմ է Արամ Խաչատրյանի երաժշտության տարբերակին, իսկ օրհներգին, որտեղ երեք անգամ մի քառատողում մահվան մասին է հիշված, դեմ է, քանի որ Շահեն Մեղրյանի, Լեոնիդի, Սամվել Բաբայանի եւ Ժիրայր Սեֆիլյանի սերունդը արժանապատիվ ապրելու (իմա` արժանապատիվ օրհներգ ունենալու) իրավունք է վաստակել: Եվ չնայած, որ անգամ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին ներկայացրած ուժի` ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանն էլ է դեմ ներկայացվող օրենքին, երեւում է, որ օրենքն առանց խնդիրների երկրորդ ընթերցում կանցնի: Մանավանդ որ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն էլ օրինագծի նկատմամբ անփույթ մոտեցումն ընդունեց եւ հորդորեց, թե այս արտահերթից պետք է դուրս գալ խնդիրը լուծած:

Կարծում ենք, սակայն, որ այս բոլորը չի խանգարի Ամանորի գիշերը գործող օրհներգը Հանրապետության հրապարակում հնչեցնելու:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4