Գալիք տարում իր հիմնադրման 175-ամյակը բոլորող Ազգային գրադարանի շենքային վատթար պայմանների մասին առաջին անգամ չէ, որ գրում ենք: Հիմնադրման օրվանից որեւէ հիմնարար վերանորոգում չտեսած գրադարանը այսօր ուրախությամբ տեղեկացնում է, որ բջջային կապի մատակարար «Վիվասելի» աջակցությամբ վերանորոգվել են Ազգային գրադարանի 16 սանհանգույցները: Երեկ գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ 50 տարվա անմխիթար վիճակում գտնվող սանհանգույցներն ու հին խողովակաշարերն այժմ ամբողջությամբ նորոգված են: Տնօրենը հայտնեց, որ ընկերությունը գրադարանի մասնաշենքերից մեկի տանիքը մասնակի վերանորոգելու պատրաստակամություն է հայտնել նաեւ, սակայն եղանակային պայմանների պատճառով հետաձգվել է: Նա հատուկ շեշտեց, որ ընկերությունն այդ աջակցությունն արել է անշահախնդրորեն եւ անգամ չի դադարել գրադարանի տանիքին դրված իր մեկ ալեհավաքի ամսական վարձավճարը մուծել: Այժմ գրադարանում աշխատում է մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության ճարտարապետական խումբը, որը կազմելու է գրադարանի վերանորոգման համար անհրաժեշտ գնացուցակը: Դավիթ Սարգսյանը հույս հայտնեց, որ վերանորոգման խնդիրը հնարավոր կլինի լուծել միայն շենք առ շենք: Ինչ վերաբերում է ջեռուցմանը, ապա գրադարանը դեռ ջեռուցվում է էլեկտրականության միջոցով:
Գ. Գ.