«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#242, 2006-12-19 | #243, 2006-12-20 | #244, 2006-12-21


ԳԱՖԵՍՃՅԱՆԻ ՀԻՄՆԱԾ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՀԱԿԱԴՐՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

Դեկտեմբերի 14-ի համարում «Ազգը» հղում անելով «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ այսուհետեւ Մ. Նահանգներում գործելու է եւս մեկ հայկական լոբբիստական խումբՙ ԱՄՆ-Հայաստան հասարակական հարցերի հանձնախումբը (US-Armenia Public Affairs Committee-USAPAC): Լոբբիստական նոր խմբի հիմնադիրը հայտնի բարերար, մեծահարուստ, Ամերիկայի հայկական համագումարի կարկառուն անդամներից Ջերարդ Գաֆեսճյանն է, մյուս հիմնադիրըՙ նույն կազմակերպության երկարամյա տնօրեն Ռոս Վարդյանը: Այս խումբը չի հակադրվելու Ամերիկայի հայկական համագումարին եւ վերոհիշյալ երկու անձինք շարունակելու են մնալ համագումարի ղեկավար խորհրդի անդամներ, ասվում է «Ազգի» լրատվության մեջ: Այդ դեպքում հարց է առաջանում, ի՞նչն է նրանց ստիպում առանձին լոբբիստական նոր խումբ կազմել: Նրանց այդ քայլն արդյոք նպատակ չունի՞ ինչ-որ տեղ հակադրվելու Համագումարին: Դիտորդներից ոմանք, որոնց «Ազգը» դիմեց կարծիք ստանալու համար, ասում են, որ ըստ էության նրանք կրկնելու կամ շարունակելու են նույն աշխատանքը, ինչ Համագումարում են անումՙ բարենպաստ պայմաններ ստեղծել ամերիկյան ազդեցիկ շրջանակներում Ցեղասպանության ճանաչման, Արցախյան հիմնահարցի եւ հայանպաստ գործունեություն ծավալելու համար: Սակայն, ավելացնում են նրանք, հատկապես գոյություն ունեն անձնական բնույթի հակասություններ համագումարի ղեկավարության ներսում, մասնավորապես նախագահ Հրայր Հովնանյանի եւ Ջերարդ Գաֆեսճյանի միջեւ: Իսկ այն հարցին, թե արդյոք Հայաստանի ներկա ղեկավարությունը որեւէ դերակատարություն ունի այդ հակասություններում, դիտորդները չկարողացան կամ խուսափեցին որեւէ մեկնաբանություն տալ: Նրանք նշեցին միայն, որ Ջ. Գաֆեսճյանի վերջերս գնած «Արմինյն ռիփորթըր» թերթն ի տարբերություն նախորդ սեփականատիրոջ, խիստ լոյալ կեցվածք է ընդունել ՀՀ ղեկավարության նկատմամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4