Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերյալ
Այսօրՙ դեկտեմբերի 28-ին, լրանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների 28-րդ նախագահ (1913-1921 թթ.), Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր (1920), հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Վուդրո Թոմաս Վիլսոնի (Woodrow Thomas Wilson) ծննդյան 150-ամյակը:
Համաշխարհային քաղաքագիտական միտքը բազմիցս է անդրադարձել Վուդրո Վիլսոնի քաղաքական ժառանգությանը, սակայն գրեթե ոչինչ չի արվել վեր հանելու համար ԱՄՆ-ի նախագահի հետեւողական եւ աննկուն ջանքերը հանուն հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման, եւ ամենակարեւորը, արժեվորելու համար այդ գործունեության բարձրակետը հանդիսացող Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի միջեւ սահմանը որոշող եւ մեկընդմիշտ ամրագրող իրավարար վճռի (arbitral award) քաղաքական անանց կարեւորությունը մերօրյա Հայասատանի Հանրապետության ներկայի եւ ապագայի համար:
Իրավարար վճռի նախընթացը
1920 թ.-ի ապրիլի 25-26-ին դաշնակից եւ ընթերակա ուժերի գերագույն խորհուրդը (Supreme Council of Allied and Associated Powers), բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչներից, որոշում կայացրեց դիմել ԱՄՆ-ի նախագահին երկու խնդրանքով. ա) ստանձնել Հայաստանի մանդատը, բ) իրավարար վճռով որոշել Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը#: Երկրորդ խնդրանքը նաեւ պաշտոնապես ամրագրվեց խաղաղության վեհաժողովի նախագահի` Ֆրանսիայի վարչապետ եւ արտգործնախարար Ալեքսանդր Միլերանի 1920 թ.-ի ապրիլի 27-ի պաշտոնագրով#: Նույն խնդրանքը, 89-րդ հոդվածի տեսքով, ներառվեց Սեւրի դաշնագրի մեջ եւ արդեն Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաեւ դաշնագիրը ստորագրած գրեթե քսան երկրի անունից հղվեց ԱՄՆ-ի նախագահին: ԱՄՆ-ի նախագահը, իրավասու մարմինները (պետքարտուղարությունը, պաշտպանության նախարարությունը եւ նախագահի վարչակազմը ) եւ համապատասխան աշխատանքային խումբը (պրոֆ. Վեստերմանի գլխավորությամբ), մանրակրկիտ ուսումնասիրեցին հայցը եւ կայացրին իրավարար վճիռը: Վուդրո Վիլսոնը իրավարար վճիռը ստորագրեց 1920 թ. նոյեմբերի 22-ին: Այն դեկտեմբերի 6-ին պաշտոնապես փոխանցվեց Փարիզ` դաշնակից ուժերի Գերագույն խորհրդին: Սույն վճռի պաշտոնական եւ ամբողջական անվանումն է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ», 22 նոյեմբերի 1920 թ.:
Իրավարար վճռի բովանդակությունը
Ըստ իրավարար վճռի, Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգների վրա` ընդհանուր առմամբ 103 599 քառ. կմ: Դա կրկնակի քիչ էր այն տարածքից, որի վրա Մուդրոսի զինադադարի 24-րդ հոդվածով ճանաչվել էր հայկական տիտղոսը: Նման էական կրճատումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ արդեն այդ ժամանակ ի հայտ էին եկել հայերի հսկայական մարդկային կորուստները:
Իրավարար վճռի ներկա կարգավիճակը
Իրավարար վճիռը վերջնական է եւ պարտադիր է կատարման համար#: Այն չունի ժամանակային սահմանափակում# եւ նրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից: Միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի կոնվենցիայի (1907 թ.) 81-րդ հոդվածը, որով ամփոփվել եւ ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսում վճռի չեղյալ հայտարարում#: Ըստ միջազգային իրավունքի, կողմերը համաձայնելով իրավարար որոշմանը ներկայացնել իրենց վեճը, մեկընդմիշտ ընդունում են, որ իրենց կողմից կատարման համար պարտադիր կլինի իրավարարի ցանկացած վճիռ#: Կողմերից մեկի մերժումը ի կատար ածելու իրավարարությունը չի ազդում վճռի վավերականության վրա: Ըստ այդմ, քանի որ իրավարարության հայցը ներկայացվել է ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ 18 այլ երկրների կողմից ուստի վճիռը պարտադիր է բոլոր հայցվորների համար, որոնք ներկայումս հետեւյալ երկրներն են` Միացյալ Թագավորություն, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա, Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Չեխիա եւ Սլովակիա: Այն պարտադիր է նաեւ իրավարարի` Միացյալ Նահանգների համար, քանի որ ԱՄՆ-ի նախագահի ցանկացած պաշտոնական դիրքորոշում երկրի դիրքորոշումն է#, եւ իրավարարությունից բխող քայլերը պարտադիր են կատարման համար#:
Հայաստանը, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, կարող է ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով (Միջազգային դատարանի կանոնադրության 36-րդ հոդվածի 2 կետի ա/ եւ բ/ ենթակետերի հիման վրա) հավաստել Վիլսոնի իրավարար վճռի վավերականությունը եւ դրանով իսկ վերահաստատել իր տիտղոսը իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքի վրա:
ԱՐԱ ՊԱՊՅԱՆ