Մարգարիտներ շաղ տանք հրե խոզի առաջ
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Անկախ նախախնամության ցանկությունից, թե ում ինչ դիրք ու մտավոր կարողություն է բաժին հանել, Ամանորին բոլորս հայտնվում ենք հոգեբանական նույն կարգավիճակում: Բոլորս մի քիչ սնահավատ ենք դառնում, թեեւ սնահավատությունը սատանայի միջամտություն է, իսկ մենք քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ ենք: Այսպես, հուզիչ միամտությամբ ու մեզ ոչ բնորոշ միասնությամբ հավատում ենք չինական հորոսկոպին, որ գալիք տարին վարդագույն խոզի տիրապետություն է հայտարարել:
Ամանորին ողջ ուժգնությամբ արտահայտվում է նաեւ մարդկային էության մեջ միշտ ապրող հեքիաթի սերը: Բոլորն անխտիր հավատում են հրաշքների, բոլորը փորձում են մաքրագործվել հոգեպես ու ֆիզիկապես, սկսելով տան կապիտալ մաքրությունից, դեն նետելով հին իրերն ու աղբը, հավատավորները` անցած տարվա մեղքերի թողություն խնդրելով աստծուց:
Եվ հյուսվում են գունագեղ պարտադրանքներ, որոնց պիտի ենթարկվենք, եթե չենք ուզում, որ վարդագույն, հրե խոզը նեղանա: Օրինակ, կրել վարդագույնի երանգներով հագուստ, միմյանց նվիրել կամ տանն ունենալ խոզուկ հուշանվերներ ու խաղալիքներ, հրաժարվել տոնական սեղանի ավանդական խոզի բդից, որովհետեւ տարվա տիրակալին դուր չի գա իրեն վայելելու մեր բարբարոսությունը:
Բայց մոլորակը համակած խոզային կրքերից անկախ, մենք մեր սովորույթներն ու հավատալիքներն ունենք, որոնց հրաշալի արտացոլանքը մեր առածները, ասացվածքներն ու դարձվածներն են նաեւ խոզի ու խոզության մասին: Ո՞նց ենք հարմարվելու դրանց, որ եւ խոզը գոհ լինի, եւ մենք չտուժենք: Ինչքա՞ն կարող ենք ապերախտ լինել, շատակեր լինել նրա նման:
Եթե նույնիսկ այդպես չվարվենք, ստիպված ենք հաշվի նստել նրա հետ, եթե չենք ուզում զայրացնել ու անհաջողակ լինել: Առավել եւս, որ խոզի տարում խոզություն չպետք է ցուցաբերել նրա հանդեպ:
Մարդաբանների հավաստմամբ այս կենդանին իր ֆիզիկական առանձնահատկություններով ամենամոտն է մարդուն, այսինքն, գոնե բնատուր կարեւոր մի հատկանիշով իսկապես նման է մեզ: Բայց «հոգեւոր» առանձնահատկություններին հարկադրված կլինենք խիստ նրբանկատ վերաբերվել:
Ստիպված ենք մարգարիտներ շաղ տալ նրա առաջ, թեեւ նոր կտակարանը զգուշացնում է չանել դա: Եթե մի քիչ ավելի խորանանք պատվիրանի ենթատեքստում, նշանակում է, որ շատ ավելի հանդուրժողական ենք լինելու միմյանց թերությունների ու անընդունելի արարքների հանդեպ:
Ասենք` քաղաքական գործիչները` ընդդիմության քննադատություններն ու տեսական պահանջատիրությունն իրենց աթոռները փոխելու մասին ներողամտությամբ ու սիրով պիտի լսեն, եւ էլ ոչ մի խոսք ձերբակալությունների, ապրիլի 12-ի ու լրագրողների ծեծերի մասին:
Ընդդիմությունն իր հերթին ըմբռնումով պիտի մոտենա իշխանության` իշխանությունը պահելու համառությանը: Հասարակությունն իր կողմից չպիտի հայհոյի նրանցից եւ ոչ մեկին, գիտակցելով, որ այս ամենն ընդամենը խաղաքարերը վերաբաշխելու կռիվ է, իսկ ինքը գլուխը կախ պիտի շարունակի օրվա հացն իր ձեռքով հայթայթելու պայքարը:
Նախագահական պոտենցիալ թեկնածուները պիտի խաղաղ ընդունեն նրան, ում կհաջողվի հաղթել դաժան պայքարում: Եվ քանի որ տարին նախընտրական է, ըմբռնումով պիտի ընդունի նաեւ իրեն առաջարկվող բազմագույն խոստումներն ու մանր-մունր ընտրանվիրատվությունները:
Բայց մեր ասացվածքը նաեւ ասում է` խոզի գլուխը խալու վրա դրին, գլորվեց, էլի իր տեղն ընկավ: Ասել է, թե հակառակ հանդուրժողական լինելու մեր ջանքերին, խոզն էլի իր խոզությունը կանի, եւ կլինի այնպես, ինչպես մինչ հիմա եղել է: Նորից կգլորվենք հին խալու վրա, նորից իրերն ու իրավիճակը նախկին հունը կվերադառնան: Առավել եւս, որ խոզը սիրում է ցեխի մեջ թավալվել:
Զինվենք լավատեսությամբ, մենք ամեն ինչի ճարը գտնելու հունարով օժտված ազգ ենք: Բայց խոստովանենք, որ բարդ տարի է լինելու: