Թեեւ ասում են, որ շունը մարդու բարեկամն է` որպես այդ կենդանու նկատմամբ ջերմ վերաբերմունքի տարածված արտահայտություն, այնուամենայնիվ, հայերենում կան այդ կենդանու վարքագծի բազմաթիվ հակասական արտահայտություններ: Ավելին, իրարամերժ եւ երկիմաստ է դառնում շան դերը, երբ դիտարկվում է քաղաքականության մեջ: Որպես կանոն, երբ ոմանք իրար հետ գժտված վիճակում են կամ շուն ու կատու են իրար հետ, ժողովուրդը համերաշխ ապրելու կոչ է անումՙ մի դռան շան նման յոլա գնացեք: Իսկ երբ առերես հարգալից են, իրականում արհամարհում են միմյանց կարծիքները, սովորաբար ասում ենՙ իրար շան տեղ չեն դնում, իսկ լավագույն դեպքում ասում ենՙ թող շունը հաչի, քամին փչի: Սա թերեւս արդարացված է այն ժամանակ, երբ մեզ հայտնի գործիչներից ոմանք սիրում են անընդմեջ նույն թեմայի շուրջն անպտուղ խոսակցություններ ծավալել, իրենց ինչ-որ կերպ «դրսեւորելու» համար` զազրախոսել, այլ խոսքով, շան հացը կտրել: Սա է պատճառը, որ ոմանք որեւէ վտանգ չեն էլ կարող ներկայացնել իրենց հակառակորդներին. նրանց մասին էլ ասում ենՙ հաչացող շունը չի կծում: Իրականում փորձված քաղաքական հակառակորդները ներքին ձայնով կամ սուր զգացողության, այլ խոսքով, շան հոտառությամբ եւ վտանգի սրված կանխազգացողությամբ, տիրապետում են նաեւ տելեպատիայի որոշ հիմունքների, եւ երբ այն արդարանում է, ասում ենՙ շան անունը տուր, փայտը վերցրու ձեռքդ: Իսկ մեկ այլ պարագայում, երբ փայտն արդեն ձեռքիդ է, խորհուրդ է տրվում. շանը փայտ պարզիր, բայց մի խփիր: Հատկապես պետք չէ խփել, երբ խոսքը սեփական շանն է վերաբերում, քանի որ անգամ զայրույթի պահին հնազանդ շունը տիրոջը չի կծում:
Գաղտնիք չեն նաեւ անինքնասեր անձինք քաղաքականության մեջ, որոնցից շատերն անգամ խուսափում են, բայց նրանք, որպես կանոն, շան երես ունեն եւ շարունակում են միաժամանակ մի քանի ազդեցիկ ուժերի կամ անձանց ծառայելու, հաճոյանալու փորձերը (երբ ժողովուրդը զգուշացնում է, որ խոսք տանող-բերողը` ոսկոր բերող շունը ոսկոր էլ տանում է), եւ որի համար կա նաեւ մեկ այլ դիպուկ արտահայտությունՙ երկու տիրոջ շուն են դառնում, ի վերջո մնալով առանց քաղաքական «տանիքի» կամ ավելի պատկերավոր` անտեր շուն: Դրանք հիմնականում բարոյազուրկ մարդիկ են, որոնց համար ժողովրդական խոսք-խրատ կաՙ նամուսը շան առաջ գցել են, շունը չի կերել: Այս խրատն, իհարկե, ավելի հաճախ շրջանցվում է, քան կատարվում: Նամուսն, իհարկե, շունը չի կերել, բայց պարզվում է` շաքար կարող է ուտել: Սա ընկալվում է որպես անարժան մարդուն բացառիկ հնարավորության ընձեռումՙ շաքարը շան բերան: Կան այդ գործում առավել հաջողված գործիչներ, որոնք շան հոտառությամբ զգում են, թե որտեղ են ամենահամեղ պատառները եւ շնչակտուր վազքով, այն է` շուն խեղդելով, շտապում են քաղաքականության մեջ հայտնի ամեն գնով բարեկեցիկ տեղ զբաղեցնել եւ թագավորի շան տեղում հայտնվել: Իսկ երբ նման բարոյազուրկ անձը, ում տմարդի նկարագիրն ուղղակի որակվում է որպես շուն, շան որդի, երբեւէ հայտնվում է խաղից դուրս, խղճալի վիճակում, որպես փորձանքի պահին ձեռք չմեկնելու հիմնավորում ասվում էՙ շունը կաղալով չի սատկի:
Ընդհանուր առմամբ, այս ամենը բոլորովին պատահական չէ, քանի որ առայժմ քաղաքական դաշտն այնքան էլ ձեւավորված չէ, ավելին, քաոսային է, որը ժողովրդական լեզվով որակվում է հետեւյալ կերպ. շունը մարդու չի ճանաչում կամ շունը տիրոջը չի ճանաչում: Եվ նման իրավիճակում անպարկեշտներն ամեն ինչ անում են ժողովրդից վերջին կտոր հացն էլ փախցնելու եւ հալածանքի գնով սեփական հարստությունը բազմապատկելու: Իհարկե, բնության մեջ եւ կյանքում ամեն ինչ հավասարակշռված է եւ գալիս է պահը` ժողովրդին վնասներ հասցրածների հատուցման, երբ, ինչպես տարբեր երկրներում է պատահել, մարդիկ իրենց հալածողներին շան ծեծ են տալիս կամ ի վերջո շանսատակ անում, քանի որ համբերության բաժակը լցվում է, եւ այդ պահին լինում են նաեւ անզուսպ զայրույթի դրսեւորումներ, երբ ինքնատիրապետման կորուստի դեպքում ասում ենՙ շներին կապեցին, իրեն բաց թողեցին: Իսկ երբ բարոյազուրկների հանդեպ մարդիկ փորձում են ներողամիտ լինել, խորհուրդ է տրվում չկորցնել զգոնությունը, այլ խոսքով, շան հետ ընկերացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր: Իսկ ոմանք գտնում են, որ պետք է խելամտորեն օգտագործել անգամ անցանկալի անձից կարողությունն ի շահ մարդկանց, որ անգամ փոքր արդյունք ստանալն էլ ոչնչից լավ է, ասելովՙ շնից մազ պոկելն էլ օգուտ է: Ավելի ներողամիտ մարդիկ, ովքեր գտնում են, որ պետք է պատժելիս հաշվի առնել ավելի ընդհանուր շահը, հորդորում են. շանը խփիր, բայց տիրոջը խաթր արա: Իսկ ոմանք էլ պարզապես փորձում են արդարացնել ամենատարբեր թերություններն ու արատները եւ պատճառաբանում, թե գյուղ չկա, որ շուն չլինի: Այս ամենը հեռացնում է իրականությանն անաչառ գնահատական տալու հնարավորությունից եւ հարցի բուն էությունը վերջապես պարզելուց, այլ կերպ ասած, ամեն ինչ քողարկվում է եւ անհնար է դառնում պարզել, թե որտեղ է թաղված շան գլուխը:
Այս ամենը կարող է ընկալվել կեսկատակ-կեսլուրջ: Իսկ եթե փորձենք մեկ ընդհանուր խորհուրդ քաղել անցնող տարվանից թե՛ սովորական կյանքի, թե՛ քաղաքականության համար, հավանաբար դա անբարո գայթակղություններից զերծ մնալու պատվիրանը պետք է լինի` մի՛ շնացիր:
ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ