«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#247, 2006-12-26 | #248, 2006-12-27 | #249, 2006-12-28


ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Դեկտեմբերի 26-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում տեղի ունեցավ ազգային պատկերասրահի հիմնադրման 85-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն: Այն ներածական խոսքով բացեց պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանըՙ նշելով, որ ՀԱՊ 85-ամյակին նվիրված միջոցառումները սկսվեցին անցած տարի ազգային պատկերասրահի բակում Մարտիրոս Սարյանի բրոնզե կիսանդրու բացմամբ (քանդակագործՙ Ղուկաս Չուբարյան): Ապա շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսքեր ասաց ՀՀ մշակույթի երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Գ. Գյուրջյանը:

ՀԱՊ-ի տնօրենի գիտական գծով տեղակալ Հասմիկ Հարությունյանը հանդիսության մասնակիցներին պատմեց պատկերասրահի ստեղծման, նրա կայացման գործում մեծ ներդրում ունեցած արժանավորների մասին:

Շնորհավորանքի խոսք ասացին ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը, ՀԱՊ նախկին տնօրեն (թվով 7-րդը), արվեստաբան Շահեն Խաչատրյանը, Գեղարվեստի ակադեմիայի տնօրեն Արամ Իսաբեկյանը, Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն Սարո Սարուխանյանը եւ ուրիշներ: Իր խոսքում արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը մասնավորապես պատմեց, թե ինչպես 1936 թ. Ռ. Դրամբյանի հրավերով Լենինգրադից ժամանեց Լիդիա Դուռնովոն եւ ձեռնամուխ եղավ Հաղպատի, Տաթեւի եւ այլ վանքերի որմնանկարների ուսումնասիրման, պատճենահանման եւ նրանց փրկելու նվիրական գործին:

Որմնանկարների սրահում բացվեց ազգային պատկերասրահի հիմնադրման գործում մեծ ավանդ ունեցած Ռուբեն Դրամբյանի կիսանդրին (քանդակագործՙ Խաչատուր Իսկանդարյան):

Պատկերասրահում բացվեց մեկ այլ երախտավորի` Լիդիա Դուռնովոյին նվիրված անկյունը եւ նրա գիպսե քանդակը (մոտ ապագայում այն կփոխվի բրոնզի), (քանդակագործՙ Խ. Իսկանդարյան): Քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը պատմեց Ռ. Դրամբյանի եւ Լ. Դուռնովոյի քանդակների ստեղծման պատմությունը:

Ապա պատկերասրահում բացվեց արեւելյան երկրներին նվիրված ցուցասրահը: Վերջում արարողության մասնակիցների համար հանդես եկավ «Կեմ» կամերային անսամբլը (գեղ. ղեկավար Արմեն Ղուկասյան):

Ա. ԽԱՆՋՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4