«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#249, 2006-12-28 | #1, 2007-01-09 | #2, 2007-01-10


ՀԱՅԵ՞ՐԸ, ԹԵ՞ ԹՈՒՐՔԵՐՆ ԵՆ ԱՎԵԼԻ ՆՊԱՍՏՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆԸ

Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը անցյալ տարվա վերջին շաբաթվա ընթացքում հայտարարեց, որ Թուրքիայի կառավարությունը ծրագրում է 2007-ին իրագործել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համընդհանուր մի նոր ծրագիր: Նախորդ բոլոր ծրագրերը անհաջողությամբ են պսակվել: Միլիոնավոր դոլարներ են ծախսվել քարոզչական կառույցների եւ «գիտնականների» գրած գրքերի վրա: Բայց ինչքան շատ են թուրքերը փորձել հերքել ցեղասպանության փաստը, այնքան մեծ է եղել թիվը այդ փաստն ընդունող երկրների: Վերջերս, Արգենտինայի խորհրդարանի ճանաչումից հետո, Թուրքիան զգուշացրեց այդ երկրի Սենատին, որ անհետեւանք թողնի այդ որոշումը, բայց հակառակ դրան, կամ գուցե հենց այդ պատճառով, Սենատը միաձայն ընդունեց այն: Մի քանի ամիս առաջ թուրքերը նույն ձեւով վարվեցին ֆրանսիացիների հետ եւ եթե շարունակեն, հավանաբար այդ երկրի Սենատն էլ միաձայն կվավերացնի ցեղասպանության վերաբերյալ Ազգային ժողովի ընդունած նոր օրենքը:

Ահա մի քանի այլ հետաքրքրական տվյալներ այս հարցի շուրջը:

- Մի քանի թուրքական թերթեր նշեցին անցյալ շաբաթ, որ ամերիկահայկական քարոզչությունը մեծ հաղթանակ արձանագրեց, երբ նախագահ Բուշը չկարողացավ Սենատում վավերացնել տալ Հայաստանի նոր դեսպան Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: «Հայկական քարոզչությունը երբեք այսքան հզոր չէր եղել», նշեցին նրանք:

- Կանադական «Ջուիշ նյուզ» (հրեական լուրեր) թերթն իր դեկտեմբերի 14-ի համարում տեղեկացնում էր, որ Իսրայելը «շատ մոտիկ բարեկամություն» է մշակել շիա մահմեդական Ադրբեջանի հետ: «Այդ բարեկամությունը սկիզբ է առել 1992-ին, երբ Իսրայելը պաշտպանում էր Ադրբեջանին` հայերի (Ղարաբաղի) դեմ նրա մղած պատերազմում», գրել էր թերթը: Այդ ժամանակվանից Իսրայելը շարունակել է «Ադրբեջանին մատակարարել հետախուզական, ինչպես նաեւ անվտանգության եւ զինվորական աշխատողների վերապատրաստման ծառայություններ: «Բեքսել» ընկերությունը երկրորդ ամենախոշոր բջջային հեռախոսների օպերատորը եւ ամենաաշխույժ առեւտրական գործունեությունը ծավալած իսրայելական բազմաթիվ ձեռնարկություններից մեկն է Ադրբեջանում»:

- Թուրքիայի մշակույթի նախարարը հայտարարեց անցյալ շաբաթ, որ վերանորոգված Աղթամար հայկական եկեղեցու պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 24-ին: Կոստանդնուպոլսի պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանը իրեն ոչ հատուկ խիզախությամբ հանդես գալով նշեց, որ արարողությունն այդ օրը նշանակելը հետապնդում է քաղաքական նպատակներ եւ շահագործում է հայ ժողովրդի տառապանքները: Նա ասաց, որ ոչ ինքը, ոչ էլ մեկ ուրիշ հայ չի մասնակցի այդ արարողությանը ապրիլի 24-ին:

Ինձ սկզբից եւեթ պարզ էր, որ թուրք պաշտոնյաները քաղաքական նպատակներով շահագործելու են Աղթամարի վերանորոգման փաստը: Բայց պատրիարքը առարկելու փոխարեն գուցե օգտագործեր առիթը եւ այդ արարողությունը ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու ծառայեցներ, որն աննախադեպ իրադարձություն կլիներ Թուրքիայում:

- Հայտնի դերասան Սիլվեստր Ստալոնեն անցյալ շաբաթ հայտարարեց, որ պատրաստվում է ֆիլմի վերածել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը: Թուրքերը խուճապի մատնվեցին եւ էլ. փոստային նամակներով նրան խնդրեցին «գործիք չդառնալ հայկական քարոզչությանը»: Հայերս, մյուս կողմից, այնքան ոգեւորվեցինք, կարծես ֆիլմն արդեն նկարահանված լիներ: Տարօրինակ է, որ երկու կողմերից ոչ մեկը չհիշեց, որ Ստալոնեն նման հայտարարություններ առաջներում էլ էր կատարել, բայց չէր իրականացրել այդ խոստումները: Այդուհանդերձ, եթե երբեւէ նա նկարահանի այդ ֆիլմը, կարող է վստահ լինել, որ թուրքերն իրենց հակաքարոզչությամբ կնպաստեն դրա հաջողությանը:

- Թուրքիայի վարչապետ Էրդողանը անցյալ շաբաթ «Նյու Յորք թայմս» թերթի խմբագիրներին ասաց, որ նրանք դարձել են «գործիք» հայերի ձեռքում: Նա դժգոհ էր, որ այդ թերթը որոշել էր Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ արձանագրել թերթի էջերում: Սա երկրորդ անգամն է, որ Թուրքիայի վարչապետը այս թեմայի շուրջն անձամբ բողոքում է թերթին: Ժամանակն է, գուցե, որ նա` Էրդողանը գիտակցի, թե «Նյու Յորք թայմսը», հավատարիմ մնալով իր կոչմանը, ոչ թե թուրք ժխտողականության, այլ պարզապես ճշմարտության խոսափողն է դարձել:

- Եվ վերջին լուրը: Սենտ Լուիսի Գրանայթ քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական առաքելական եկեղեցու հովիվ Սերոբ Ազարյանը ինձ ուղարկած էլ. փոստային նամակով հաղորդում էր, որ նոյեմբերի 27-ին Վաշինգտոն համալսարանի հովանավորությամբ կազմակերպված դասախոսությունից հետո հանդիպել էր թուրք գրող, վիպասան, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքին, որն իր ելույթի ընթացքում, խոսելով թուրք հասարակության ավելի բաց լինելու անհրաժեշտության մասին եւ քննադատելով հանդերձ երիտթուրքերին եւ մերօրյա թուրք առաջնորդներին, ոչ մի բառ չէր նշել հայերի ցեղասպանության մասին: «Նա շատ զգույշ էր եւ իր գրքերը մակագրելու ժամանակ երբ հարցրի, թե արդյոք երբեւէ վեպ կգրի թուրքական խորհրդարանի հայտնի հայ անդամ Գրիգոր Զոհրապի մասին, նա պատասխանեց շատ ցածր ձայնով. «Ես այնտեղ (Թուրքիայում) եմ ապրում, չեմ կարող այդպիսի բան անել»: Հետո բարձրաձայն դիմեց բոլորին եւ ասաց. «Որպես վիպասան, ե՛ս եմ որոշում ինչի եւ ում մասին գրել»:

Հետագայում, դեկտեմբերին, երբ Շվեդիայում էրՙ ստանալու գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակը, նա հայոց ցեղասպանության վերաբերյալ իրեն ուղղված հարցին պատասխանել էր` «Չեմ ցանկանում մեկնաբանել»: Երեւի թուրք ուրացողներին հաջողվել է սպառնալիքների ճնշման տակ լռեցնել այս մեծ գրողին:

Սպասենք եւ տեսնենք, թե 2007 թվականը ինչ է բերելու այս առնչությամբ: Մի բան հաստատ պարզ է. հայերս կարող ենք ապավինել թուրք ժխտողականներին: Նրանք իրենց ծայրահեղ գործողություններով շարունակելու են նպաստել Հայոց ցեղասպանության հրապարակայնությանը:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիերի» խմբագիր եւ հրատարակիչ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4